ՍԱՆԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. «Ամենամեծ փափագս է, որ իմ երեխաները Հայաստանի մեջ ապրեն» (երեք սերունդ և մեկ ազգանուն…)

Այս նյութը յուրատեսակ դիմանկար է Գանտահարյան ընտանիքի, որի «հեղինակը» Սանան Գանտահարյանն է՝ ճանաչված մշակութային գործիչ, մտավորական Գևորգ Գանտահարյանի թոռնուհին և Լիբանանի «Ազդակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի դուստրը:

Ծանոթություն է մի ընտանիքի հետ, որի «դուռը» մեր առաջ բացում է 22-ամյա Սանանը, ով չորս տարի է արդեն` Հայաստանում է ապրում: Սովորում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում:

Եվ այսպես, Դիմանկարի առաջին հերոսը՝ Սանան Գանտահարյան.

– Ինչո՞ւ Սանան…

– Իմ և քույրիկիս անունը՝ Սանան և Ալիք, հայրիկն է դրել: Սանան (Սանա) անունը  Կոստան Զարյանի «Տատրագոմի հարս»-ի անունն է, որի նյութը վերցված է  Ռուբենի (Տէր-Մինասեան)  «Հայ յեղափոխականի յիշատակները» հուշապատումից. Տատրագոմի պատմության դրվագում Սանա անունով հարս մը կա, ում ամուսինը ֆիդայի է դարձել, իսկ ինքը քյուրդի հետ է փախչում…

Հավանաբար հայրիկիս պետք է հարցնել, թե ինչու «Սանան» (ժպտում է-հեղ):

– Սանա´ն, 18 տարեկանում ստիպված էիր մենակ ապրել: Հե՞շտ էր հարմարվելը:

– Ամենադժվար բանն այն էր, որ ընտանիքիցս բաժնվեցա: 18 տարի ընտանիքիս հետ եմ ապրել. միշտ հայրիկս, մայրիկս, քույրիկս, մեծ մամաներս շուրջս եղած են: Մենակությունը քիչ մը դժվար է, բայց Հայաստանում շուրջս բոլորը հայեր են, ինչն առավելություն է ինձ համար: Եթե օտար երկիր գնայի, շատ ավելի դժվարություններ կունենայի: Իսկ այստեղ ես ինձ օտար չզգացի, ինչն ամենակարևորն է:

– Իսկ մինչ այդ Հայաստանում եղե՞լ էիր:

– 1997 թվականին եմ առաջին անգամ եկել՝ հայրիկիս և մայրիկիս հետ: Շատ փոքր էի, բայց ամեն ինչ այնքան լավ է տպավորվել հիշողությանս մեջ: Հիշում եմ՝ լույս չկար, և ամեն բան մութ էր ինձ համար, բայց հակառակ այդ ամենի՝ շատ- շատ կապվեցի Հայաստանի հետ: Նախ, դպրոցում միշտ սովորել էինք՝ Հայրենիք, Հայաստան, հայրենասիրություն… Ես այդ ամենը զգացի, երբ Հայաստանի հողի վրա ոտք դրեցի:

Մի պատմություն եմ ուզում պատմել. պապաս և մամաս ինձ խաղավայր էին տարել, չեմ գիտեր՝ ինչպես գտանք այդ խաղավայրը, միայն հիշում եմ, որ բոլոր խաղալիքները պատառոտված, հին էին: Շուրջը շոգեկառքեր կային, մեկ վագոնը կաշխատեր, մյուսը չէր աշխատի, ամեն ինչ սև և սպիտակ էր, գունավոր բան մը չկար, բայց հիշում եմ, որ շատ-շատ տպավորված էի և այնտեղ ժամերով խաղացել եմ ու չեմ ցանկացել տուն գնալ: Մանկությանս հիշողության մեջ միշտ դրոշմված է այդ խաղավայրը:

Այնուհետև 2005 թվականին եկանք Հայաստան, ավելի մեծ էի, և քույրիկս էլ կար: Սկսեցինք պտըտիլ Հայաստանի տեսարժան վայրերով, ավելի ծանոթացա Հայաստանին:

2006 թվականին արդեն Հայաստան եկա հայրիկիս հետ՝ մասնակցելու Նոր Այնթապ գյուղի դպրոցում մեծ պապայիս՝ Գևորգ Գանտահարյանին նվիրված մշակութային սրահի բացմանը: Շատ հուզմունքներ ունեցա և լավ ժամանակ անցկացրի:

2010 թվականին արդեն  փոխադրվեցի Հայաստան:

– Սանա´ն, ե՞րբ  որոշեցիր  պարարվեստի ուղին ընտրել:

– Պարում եմ 6 տարեկանից. Սկզբում՝ դասական ոճում, այնուհետև պարել եմ Համազգայինի «Գայանե և Քնար» պարախմբում:

Տարիներ առաջ Հայաստանից Լիբանան էր այցելել «Ամբերդ» պարախումբը, որի հետ համատեղ համերգ ունեցանք: Ծանոթացա խմբի անդամների հետ, մի աղջկա հարցրի, թե ինչով է զբաղվում, ասաց՝ պարարվեստ եմ ուսանում: Ես մինչ այդ չգիտեի, որ այդ ոլորտում կարող ես բարձրագույն կրթություն ստանալ: Շատ խանդավառվեցի, տպավորվեցի, բայց մտածում էի՝ ինչպես պետք է համոզեմ մամայիս և պապայիս: Երբ նրանց ասացի որոշմանս մասին, քիչ մը վերապահ էին: Պատճառը ոչ թե Հայաստան գալն էր կամ պարարվեստ ուսանելը, այլ թե 18 տարեկան աղջիկն ինչպես միայնակ կապրի: Այդ գաղափարով քիչ մը զարմացած էին, բայց ես համոզեցի և եկա:

Ու հիմա ամենևին չեմ ափսոսում իմ որոշման համար: Այս տարիների ընթացքում շատ բան սովորեցի հայկական պարերի, սովորույթների մասին, որոնք մինչ այդ անծանոթ էին ինձ, որոնց տեղյակ չեն նաև Սփյուռքում ապրող շատ երիտասարդներ: Իսկ ես կցանկանայի, որ Սփյուռքի մեջ ապրող ամեն մի հայ ավելի ծանոթ լինի Հայաստանի կարելիություններին, կապը պահի հայրենիքի հետ, շփվի իր հասակակիցների հետ: Օրինակ՝ շատ լավ ծրագիր է «Արի տունը»: Երիտասարդները գալիս են Հայաստան, շրջում տեսարժան վայրերով, շփվում իրենց հասակակիցների հետ: Իսկ այդ շփումը նրանց ավելի է մտերմացնում Հայաստանին:

– Սանա՛ն, հետաքրքիր է՝ Սփյուռքում ապրող երիտասարդն ինչի՞ պակաս, ինչի՞ կարիք ունի, որը միայն Հայաստանում կարող է լրացնել:

– Նախ՝ Սփյուռքում զգացվում է հայրենիքից հեռու ապրելու իրականությունը։ Իմ կարծիքով՝ ամեն մի սփյուռքահայ պետք է գա և զգա, թե ինչ ասել է Հայաստանը իր բոլոր իրականություններով: Եթե մեկ անգամ զգա, արդեն կապվածություն կունենա, կհասկանա, որ ինքը պետք է գա ու մնա Հայաստանում: Կարծում եմ՝ մենք այլևս դուրսերը չպետք է մնանք: Երբ որ մենք ունենք հայրենիք, ունենք հող՝ պետք է ապրենք մեր երկրի և մեր հայրենիքի մեջ: Ինչպես ֆրանսիացին է ապրում Ֆրանսիայում, լիբանանցին՝ Լիբանանում, այնպես էլ հայը պետք է ապրի Հայաստանում: Այդ պատճառով պետք է կարելիություններ տրվի, ծանոթություններ լինի, որ մարդիկ կարողանան գալ Հայաստան, գործ դնել, ուսանել, ընտանիք կազմել, որ մենք այդ կարոտն այլևս չզգանք և գիտնանք՝ ինչ ասել է հայրենիք: Մենք միշտ դպրոցում սովորել ենք՝ հայրենասիրություն, հայրենասիրություն: Պետք է գանք և տեսնենք, զգանք, որպեսզի գիտնանք, թե ինչ ըսել է հայրենասիրություն, ոչ թե միայն խոսենք ու խոսենք:

– Սանա´ն, բնական է, որ հայրենիքը մնում է հայրենիք: Սակայն, միշտ էլ նոր միջավայրում մարդն ունենում է դժվարություններ, խնդիրներ: Դու ի՞նչ դժվարություններ ես ունեցել Հայաստանում:

– Առաջինը լեզվի խնդիրն էր: Սկզբում համալսարանում դժուարություն ունէինք իրար հասկանալու։ Դասախոսներ եղան, ովքեր ասացին, թե դու հայերեն չես գիտեր: Շատ վիրավորվեցի, որովհետև 18 տարի պայքարել եմ, որ իմ հայերենը զորանա, լավ լինի, հայերեն կարողանամ խոսել: Բայց ես չհուսահատվեցի, վարժվեցի, և հիմա արդեն իրենք են ասում ՝ Սանա՛ն, հաճիս, խոսի՛ր, որ լսենք, հասկանանք, ուրախ զգանք:

Իմ կարծիքով՝ համալսարաններու մեջ սփյուռքահայերի համար պետք է արևմտահայերեն ուսուցանվի, թեկուզ առաջին մեկ-երկու տարին, մինչև որ կարողանան վարժվել արևելահայերենին:

Հետո մտածելակերպի տարբերություն զգացի: Ինչ որ հասկանալի էր։ Բայց սրան էլ վարժվեցի, գտա ելքը. սկսեցի քիչ մը իրենց պես ըլլալ, ընկերուհիներս էլ փորձեցին իմ մտայնությունը հասկանալ։ Հիմա հարթված է արդեն նաեւ այդ։

Իսկ ամենամեծ դժվարությունը կարոտն է, ինչին առ այսօր չեմ կարողանում վարժվել:

– Իսկ Հայաստանում աշխատելու, կայանալու հեռանկար տեսնո՞ւմ ես:

–  Շատ-շատ կուզեմ ընտանիք կազմել Հայաստանում, գործ ունենալ այստեղ: Ամենամեծ փափագս է, որ իմ երեխաները Հայաստանի մեջ ապրեն,  մեծնան և այստեղ դաստիարակվեն: Շատ-շատ պիտի փորձեմ ամեն ինչ անել և հոս ընտանիք կազմել: Հեռանկար ունեմ, որ հոս պիտի գամ, ու անպայման ամեն բան լավ պետք է ըլլա:

– Իսկ ծնողներդ տեղյա՞կ են քո մտադրությունների մասին:

– Անշուշտ, իրենց էլ կը համոզեմ, որ գան այստեղ, հոս ապրեն:

– Իսկ ստացվո՞ւմ է:

– Կամաց-կամաց (ծիծաղում է-հեղ.)…

– Ի՞նչ ընդունված ավանդույթ, տոն կա ձեր ընտանիքում:

– Պարտադիր Սուրբ Ծննդյան տոնին ամբողջ ընտանիքով հավաքվում ենք: Երեկոյան եկեղեցիից երգչախումբ է գալիս և մեր տան առաջ երգում է: Սովորույթ է, որ Նոր տարին պետք է անպայման ընտանիքիս հետ անցկացնեմ: Ընկերներս դուրս կելնեն, իսկ ես ցանկանում եմ ընտանիքիս հետ անցկացնել: Բայց այս տարի բացառություն պետք է ըլլա, որովհետև որոշել եմ նշանածիս հետ անցկացնել և Ֆրանսիա պետք է գնամ: Առաջին տարին է, որ ընտանիքիցս հեռու պետք է Ամանորը դիմավորեմ:

– Փաստորեն նշանված ես, ու քո կյանքում կա այն  մարդն, ում հետ դեռ երկար ճանապարհ պիտի անցնես: Կարո՞ղ ենք այդ մասին խոսել:

– Անցյալ տարի Հայաստանում՝ Նոր տարվա գիշերն ենք նշանվել: Անունը Արեն է, նա ֆրանսահայ է, բայց 9-րդ դասարանից մեր դպրոց է տեղափոխվել: Առաջին օրը, երբ որ նա դասարան եկավ, ուսուցչուհին ասաց՝ ա՛ռ աթոռը և տեղ մը նստի՛ր: Աթոռը առավ և ճիշտ իմ քովս նստեց: Արդեն 5 տարի է՝ միասին ենք, որոշեցինք Նոր տարվա գիշերը անել մեր նշանդրեքը և մեր ընտանիքները հավաքել Հայաստանում: Առաջին անգամ էր, որ Ամանորին հոս էի, շատ հետաքրքրական էր, չգիտեի, թե այստեղ ինչպես են տոնում: Արենը Սորբոնի համալսարանում փիլիսոփայություն է ուսանում: Հաջորդ տարի հավանաբար ես նույնպես մագիստրոսական կրթությունս կշարունակեմ Ֆրանսիայում:

– Իսկ Արենը տեղյա՞կ է, որ ցանկանում ես Հայաստանում հաստատվել:

– Կամաց-կամաց կհամոզեմ, մինչև ընտանիք կազմելը կմնանք Ֆրանսիայում, իսկ երբ որոշենք ընտանիք կազմել, կգանք Հայաստան:

Արենը շատ պարզ մարդ է, ինչպես պապաս, մտածելակերպի նմանություններ նույնպես ունեն: Այս ամենը նույնպես դեր է կատարել իմ ընտրության հարցում:

 -Ասացիր, որ քույրիկ ունես: Մի փոքր իր մասի՛ն պատմիր:

– Ալիքը կուզե պապայիս եւ մամայիս  ճյուղով շարունակել, քաղաքագիտություն ուսանել, լրագրող դառնալ: Այս տարի կավարտի դպրոցը, իրեն էլ կհամոզեմ, որ գա Հայաստան, ու կարծում եմ, որ կգա:

– Իսկ բնավորություններով տարբե՞ր եք:

– Ես ավելի հանդարտ եմ, լուռ, ինքն ավելի խոսուն է, աշխույժ: Օրինակ՝ դպրոցից տուն կուգայինք, ինքն օրվա բոլոր եղածները մամայիս, պապայիս պատմում էր:

Բայց մի ընդհանուր բնավորության գիծ ունենք. երկուսս էլ սիրում ենք արդարությունը: Նա իմ ամենամոտիկ ընկերուհին է, շատ եմ սիրում իրեն: Եվ վստահ եմ, որ նա էլ ինձ է սիրում:

Հիշում եմ՝ երբ Ալիքը ծնավ, ես չորս տարեկան էի: Սկիզբը շատ կը նախանձեի, որ բոլորը նրան են ուշադրություն դարձնում: Ասում էի՝ ինձի՛ ալ սիրեցեք, հաճիք, ինձի՛ ալ սիրեցեք: Բայց երբ մեծացա, այդ բանն անցավ: Մամաս ալ, պապաս ալ, չեմ զգացել, որ մեկիս ավելի սիրած են: Երկուսիս էլ հավասար նայած են և երկուսիս էլ նույնչափ կը սիրեն, երբեք տարբերություն չենք զգացել:

– Սանա՛ն, հիմա անդրադառնանք ձեր ընտանիքին: Գանտահարյանների ընտանիքը հարգված, ճանաչված է ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում: Քեզ համար ինչպիսի՞ն է Գանտահարյանների ընտանիքը: Ի՞նչ ես ժառանգել, ի՞նչ ես կրում քո մեջ:

–  Նախ ասեմ, որ Բեյրութի, և ընդհանրապես Սփյուռքի մեջ, շատ դժվար է հայ մնալը: Մեր ընտանիքի մեջ ամեն մարդ ամեն բան արած է, որ հայ միջավայրի մեջ մեծնանք, հայկական դպրոց գնանք:

Մեծ հորս (Գևորգ Գանտահարյան-հեղ.) տունի մեջ միշտ երբ որ կերթայինք՝ հայերեն պատմություններ կը պատմեին, հայերեն երգեր կերգեին, հայկական թատրոն կը տանեին: Ամեն բան փորձած են անել, որ հայ մեծնանք՝ հայ մթնոլորտի մեջ: Փորձած են դաստիարակված երեխաներ մեծացնել. ես, քույրիկս, հորաքրոջս եւ մօրաքոյրներիս պզտիկները, շատ լավ դաստիարակություն ենք ստացել: Եվ ամենակարևորը՝ ընտանեկան ջերմ, տաքուկ մթնոլորտ են ստեղծել, ինչն առ այսօր շատ լավ ու թանկ հիշողություն է ինձ համար: Միակ բանը, որ կը կարոտնամ, Բեյրութը չէ, այլ իմ ընտանիքն է. մեծ հորս եմ հիշում, մեծ մայրիկներիս, պապայիս, մամայիս, կը կարոտնամ նրանց շատ, կը կարոտնամ տունս, մեր խոսակցությունները, զրույցները:

Գիտեք, հայրենիքի հետ կապը որ ես ունեմ, հիմա չէ որ ստեղծված է: Փոքր ժամանակից է ստեղծվել՝ մեծ հայրիկիս, պապայիս, մամայիս շնորհիվ: Հպարտություն չհնչի, բայց կը կարծեմ, որ ես շատ գոհ եմ ու ինքնավստահ որ քայլ եմ առել գալ Հայաստան եւ այստեղ մասնագիտանալ.ինչը ցաւոք իմ հասակակիցների մոտ չերեւաց։ Ես  էլ կարող էի Բեյրութում կամ արտասահմանյան այլ երկրում բարձրագունյ ուսում ստանալ։ Բայց թե իմ ընտրած մասնագիտությունը այլ տեղ չկար եւ թե ինչու չե Հայաստանում երիտասարդական տարիները անցկացնելը կարծում եմ կյանքի ամենակարեւոր հանգրվանը կարող է նկատվել։ Եվ սա առաջին հերթին իմ ընտանիքի շնորհիվ է:

 Դիմանակարի հենասյունը՝ Գևորգ Գանտահարյան…

– Սանա´ն, Գևորգ Գանտահարյանին ճանաչում են որպես ժամանակի հարգված ու ճանաչված մտավորական: Հետաքրքիր է, դու ինչպե՞ս ես հիշում նրան:

– Իմ ամբողջ մանկությունն իր հետ է կապված: Նրա հետ շատ ժամանակ եմ անցկացրել: Ինքն ինձ համար կը խենթանար, ես՝ իր համար, հատկապես որ նրա առաջին թոռնիկն եմ: Հիշում եմ՝ հազիվ իրենց տուն էի հասնում, մեծ մայրիկիս հետ պատշգամբում սպասում էին: Երբ տեսնում էին ինձ, կանչում էին՝ Սանա՛ն, Սանա՛ն: Երկու տարեկան էի, բայց ամեն ինչ հիշում  եմ:

Հիշում եմ, թե ինչպես մեզ կը պտտեցներ: Կիրակի առավոտյան ժամը յոթին մեզի եկեղեցական երգերով կարթնացներ: Նեղվում էինք, թե՝ հաճիս, ձգի՛ քնանանք, կիրակի է: Բայց մի քանի րոպե անց կը հագնվեինք, և մեզ կը տաներ եկեղեցի: Հետո մի լավ պտտեցնում էր, ճանապարհին ինչ խանութ կար՝ մեզի նվերներ էր առնում: Օր մը մեզի «ոչ» չէ ասել, ինչ որ ասել ենք՝ «այո» է եղել պատասխանը: Նա պզտիկի հետ պզտիկ էր, մեծի հետ՝ մեծ:

Հետո եմ հասկացել, որ շատ պարզ ոճով շատ լուրջ բաներ էր մեզ բացատրել.արժեքներ էր փոխանցել։

Շատ-շատ կուզեի, որ հիմա, այս տարիքիս նա ներկա լիներ, որպեսզի ավելի հասուն խոսակցություններ ունենայինք, իր կարծիքը հարցնեի: 14 տարեկան էի, երբ ինքը մահացավ: Եթե հիմա ներկա լիներ՝ վստահ եմ, որ ինքն էլ ուրախ կլիներ, որ ես հոս եմ: Համոզված եմ, որ առաջինը ի՛նքը իմ կռնակը պիտի լիներ, որ ես հոս գայի:

Հիշում եմ նրա խրատը՝ «շատ գիրք կարդացե՛ք», և այն, որ գրքից զատ այլ հարստություն չուներ: Եթե իր տունը մտնեք, ամենուր գրադարակներ են, ամեն սենյակի մեջ 3-4 գրադարակ կա: Ասում էր՝ իմ հարստությունն այս գրքերն են: Եվ հիմա ո՛ր գիրքը որ բանաս՝ կա՛մ ընդգծված է, կա՛մ նոթ մը ըրած է: Երբ իրենց տուն էինք գնում, ինքը միշտ գիրք էր կարդում: Եվ նրա խոսքերն առ այսօր հնչում են ականջումս՝ գի՛րք կարդացեք, զարգացե՛ք, խելահա՛ս եղեք:

Փորձում եմ  շատ գիրք կարդալ: Ճիշտ է, ժամանակի բերումով այս 4 տարին չեմ կարողանում շատ կարդալ, բայց պիտի փորձեմ իր ասածներն անպայման անել:

Եվ վերջում՝ Շահան Գանտահարյան…

– Սանա´ն, մեծ ջերմությամբ խոսեցիր ձեր պապիկի մասին: Հիմա խոսենք հայրիկի՝ Շահան Գանտահարյանի մասին:

– Պապաս ինձ համար երկրորդ մեծ պապան է. նույն բնավորությունն ունեն, մտածելակերպը: Պապաս կյանքիս մեջ շատ մեծ դեր է ունեցել: Միշտ իր խրատներն ուզած եմ ունենալ, միշտ իր կարծիքն եմ հարցնում: Մամաս ալ, պապաս ալ ինձի համար կյանքիս ուղեցուցյն են։ Միշտ կը փորձեմ իրենց պես ըլլալ, իրենց պես մտածել, միշտ կուզեմ իրենց կարծիքն ունենալ, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ:

Փոքր ժամանակ պապաս մեզ հետ շատ ժամանակ է անցկացրել, միասին շատ ճամփորդել ենք: Միայն երբ մեծացա, գործի բերումով ինքը քիչ մը ավելի զբաղված էր լինում, ու ես իրեն շատ էի կարոտում: Միշտ գրում էի՝ պապա՛, խնդրում եմ, շո՛ւտ տուն արի: Բայց ինչքան էլ զբաղված լիներ, կեսօրները միշտ մեզ էր տրամադրում, գալիս էր տուն, և միասին ճաշում էինք:

Պապայիցս շատ բան եմ սովորել, նախ՝ ըլլալ համբերատար, հանդարտ, հարցերը դիտել ամեն կողմե, շատ մեծ հայրենասիրություն և իրականության մեջ լավ մարդ ըլլալ:

Մամայիս էլ պարտական եմ ստացածս դաստիարակության համար, որովհետև 24 ժամ պապաս ներկա չի եղել, մամաս է դաստիարակել մեզ: Մամաս մանկավարժ է, հայոց պատմություն և աշխարհագրություն է դասավանդում Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանում:Նա իմ իդեալն է։

– Հետաքրքիր է, երբևէ շահարկե՞լ ես հայրիկի անունը:

– Ո՛չ, որովհետև ես  ինքզինքս տեսնող մեկը չեմ: Նա, ով կշահագործե  առիթները, կուզե ավելի ինքզինքը փաստել և ցույց տալ ուրիշներին: Իրականության մեջ ես իմ պապաս կը տեսնեմ իբրև միայն որպես իմ պապա: Չեմ ուզեր շահագործել իր անունը, ասել՝ հա՛, ես Շահանին աղջիկն եմ: Մարդիկ կան, որոնց հետ հազիվ պիտի ծանոթանաս, ասում են՝ ես ասոր աղջիկն եմ:

– Փաստորեն, քննությունները պապայի անունով չես ստացել («չար» կատակ):

– Ո՛չ, իմ արդար վաստակն է (ծիծաղում է-հեղ.):

– Շատերը, հատկապես նրանք, ովքեր  հայրիկին ծանոթ չեն, նրան ճանաչում են իր հոդվածներով, արտահայտած գաղափարներով, իր գործերով: Հետաքրքիր կլինի նրան ճանաչել քո՝ Սանան Գանտահարյանի աչքերով: Ինչպե՞ս  կբնութագրես հայրիկին:

– Ինձ համար աշխարհի ամենաբարի մարդն է: Շատ խելացի է, եթե կողքը նստիս՝ շատ բան կսովորես իրմե: Շատ կը մտածե ուրիշներու մասին, կուզե օգտակար լինել ուրիշներուն և կյանքը կը դիտե շատ թեթև (մեծ հայրիկս էլ էր այդպիսին): Միշտ կըսե՝ կյանքի մեջ մանրուքներով մի՛ զբաղվեք, ավելի մեծ բաներո՛վ զբաղվեք, և հարցերին ավելի թեթև, մակերեսայի՛ն նայեք, որ ձեր կյանքը շատ դժվար չդառնա: Միշտ մեզի կըսե՝ նախ առողջություն, և հետո պետք է միշտ ուրախ լինեք և փառք տաք Աստծուն, որ ընտանիքի կողքն ենք: Նրա համար ամենակարևորն այն է, որ մենք առողջ ենք. մամաս առողջ է, մենք իր կողքն ենք, ամեն մարդ շատ լավ է: Շատ պարզ անձ մըն է։

– Ի՞նչը կարող է նրան զայրացնել, տխրեցնել:

– Մինչև այսօր, 22 տարեկան պիտի դառնամ, վրաս երբեք չի ջղայնացել, բարկացել: Կասե՝ մի՛ ըներ, բայց չի ջղայնանար: Երբ քիչ մը տխուր եմ կամ նեղված, այն ատեն կը զգամ, որ ինքը նույնպես տխրում է: Ու շատ հաճախ կը փորձեմ թաքցնել, որ նեղված եմ:

– Սանա՛ն, ազգանունը նաև պատասխանատվություն է…

– Այո՛, պետք է քիչ մը ուշադիր լինես քայլերիդ մեջ: Ուրախություն է, որ Գևորգ, Շահան Գանտահարյանների և Գոհարին աղջիկն եմ: Երբ լսում եմ մեծ հայրիկիս  անունը հուզվում եմ քիչ մը, ուրախանում, որ այդպիսի մարդիկ  ի՛մս են:

Վերջաբանի փոխարեն.

-Կուզեմ խոսքս ավարտել հետևյալով. ամեն մեկ հայ պետք է գա և իր երկիրը տեսնի: Եվ լավ կլինի, որ հաստատվի այստեղ, թեև ամեն մարդ կարելիությունները չունի այստեղ ապրելու, ուսանելու:

Երկրորդ՝ կուզեմ ըսել, որ ամեն մարդ նախ պետք է լինի լավ մարդ: Լավ մարդ լինելը գալիս է ընտանիքից: Ընտանիքի անդամները միմյանց հանդեպ միշտ պետք է լինեն ջերմ, իրար հասկացող, գիտնան՝ ինչ է արդարը, ինչ է ճիշտը, ինչ է սխալը. իրարու հետ փոխհարաբերությունները շատ կարևոր են: Հարազատների եւ ազգականների ներկայությունը ընտանիքի մեջ շատ կարևոր է: Պարտադիր չէ լավ մարդ դառնալու համար լավ կրթություն ստանալ: Ընտանիքի մթնոլորտն արդեն կը բավե, որ մեկն իբրև լավ մարդ և լավ մտածելակեպ ունեցող մեկը դառնա: Ինձ համար ամենակարևորը լավ մարդ լինելն է…

Զրուցեց  Լուսինե Աբրահամյանը

unnamed

unnamed (1) unnamed (2)

Scroll Up