Բարեգործական Համերգ Սիրուած Երգիչների Մասնակցութեամբ

Սիրուած հայ երգիչներ Յունուարի 25ին հանդէս կը գան սիրիահայ համայնքի աջակցութեանն ուղղուած համերգի շրջանակներում: Սիրահայութեան օգնութեան հիմանդրամն ու «Գլոբալարթս» ընկերութիւնը ներկայացնում են ազգագրական եւ ժողովրդական երգերի ճանաչուած կատարողներ Վարդան Բադալեանին ու Գոհար Յովհաննիսեանին, ովքեր հանդէս կը գան սիրուած կատարումներով: Բարեգործական համերգին մասնակցելու են նաեւ երգիչներ՝ Էրիկը, Ռաֆայէլ Երանոսեանը, Նորօն, Միստըր Իքսը, Կարէն Բոքսեանը, Գէորգեան պարային ակադեմիայի սաները՝ Արփի Գաբրիէլեանի ու Յակոբ Յակոբեանի հանդիսավարութեամբ:

Սիրիահայութեան զօրակցութեան միացեալ մարմնի ատենապետ Ժան Թիթիզեանը կարեւորում է ամերիկահայ համայնքի աջակցութիւնը մեր հայրենակիցներին. «Սիրիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ. ռմբակոծութիւնների հետեւանքով ելեկտրաէներգիա չկայ, ջուր չկայ, բնակարաններում անմխիթար վիճակ է: Բազմաթիւ ընտանիքներ բնակւում են միմեանց հետ նոյն յարկի տակ: Նման պայմաններում մենք պէտք է միասնաբար, մեր շարունակական ներդրումով թեթեւացնենք մեր հայրենակիցների կարիքները, մինչեւ նրանք կը կարողանան յաղթահարել իրավիճակը», նշում է Թիթիզեանը եւ համայնքին յորդորում է զօրակցել միութեան նախաձեռնութիւններին: ՍԱՐՖի ատենապետը տեղեկացնում է, որ Յունուարի 25ին սպասւում է ազգային մշակութային գեղեցիկ երեկոյ, որից ստացուած հասոյթը փոխանցուելու է սիրիահայերին: Մասնակցենք հաճելին եւ օգտակարը համատեղելու այս առիթին: Համերգը տեղի կ՛ունենայ Փասադենայի Սիթի քոլեջի «Սեքսոն Աուդիթորիում»ում, երեկոյեան ժամը 7ին: Տոմսերի համար զանգահարել՝ (818) 265-0506 կ՛ամ (818) 975-3333 հեռախօսահամարներով:

Սիրիայում ծագած պատերազմի բովում գտնուող մեր հայրենակիցներին զօրավիգ լինելու նպատակով 2012թ.ին ԱՄՆի Արեւմտեան ափում ստեղծուեց Սիրիահայութեան զօրակցութեան միացեալ մարմինը՝ ՍԱՐՖ (Syrian Armenian Relief Fund-SARF): Գործունէութեան շուրջ երկուսուկէս տարիների ընթացքում այս մարմինը, որ միաւորում է համայնքի բազմաթիւ բարեսիրական միութիւնների, եկեղեցիների ու կուսակցութիւնների, տարաբնոյթ հանգանակութիւնների միջոցով հաւաքեց աւելի քան մէկ միլիոն դոլար՝ ուղղելով դրանք սիրիահայերի կենսական կարիքների բաւարարմանը: Պատերազմը Սիրիայում շարունակւում է, եւ այնտեղ բնակուող մեր հայրենակիցները շարունակում են գոյատեւման պայքարը: ՍԱՐՖը նոյն եռանդով հետամուտ է իր հիմնական առաքելութեանը՝ այն է հայ համայնքին համախմբել մեր սիրիահայ հայրենակիցներին աջակցելու ուղղութեամբ:

 

Scroll Up