ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Շնորհաւորական Խօսքը Աւստրալիոյ ՀՅԴ 50-ամեակի Առիթով
Յարգելի´ պարոն Սողոմոնեան,
ՀՀ սփիւռքի նախարարութեան ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից շնորհաւորում եմ Ձեզ Աւստրալիայի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 50-ամեակի առթիւ:
Մենք անչափ բարձր ենք գնահատում Ձեր կազմակերպութեան ջանքերը ինչպէս Լեռնային Ղարաբաղի, այնպէս էլ Հայ Դատի լուծման` 1915թ.-ի Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման համար պայքարում:
ՀՅԴ-ն հնագոյն հայ ազգային քաղաքական կուսակցութիւններից մէկն է, որը գործում է արդէն 124 տարի եւ առաջին իսկ ծրագիրը` մանիֆէստը, որում նշուած է, որ նոր ստեղծուած կուսակցութեան նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական եւ տնտեսական ազատութիւն Արեւմտեան
Հայաստանի համար, գործում է առ այսօր: 1918թ. Մայիսի 28-ին` Սարդարապատի, Պաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի մայիսեան հերոսամարտերից յետոյ, ՀՅԴ-ն նորաստեղծ պետութեան առաջատար քաղաքական ուժն էր. նրա ներկայացուցիչները` Յովհաննէս Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսեանը, Համօ Օհանջանեանը, Սիմոն Վրացեանը, յաջորդաբար գլխաւորեցին հանրապետութեան կառավարութիւնը երկրի համար դժուարին ժամանակաշրջանում:
ՀՅԴ-ի դերը մեծ է նաեւ Հայաստանի երրորդ հանրապետութեան կերտման եւ արցախեան գոյամարտում մեր յաղթանակների կայացման գործում:
ՀՅԴ-ն, լինելով անցեալի, ներկայի եւ ապագայի կուսակցութիւն, իր օրակարգում մշտապէս պահում է սփիւռքում հայապահպանութեան խնդիրը: Տարբեր երկրներից Աւստրալիա ժամանած մի խումբ նուիրեալ դաշնակցականներ, հասկանալով այդ երկրում հայ համայնքի պահպանման համար նման կառոյցի
անհրաժեշտութիւնը, 1964թ. հիմնեցին Աւստրալիայի ՀՅԴ-ն, որը մեծ ներդրում ունեցաւ համայնքի կեանքի աշխուժացման գործում: Ժամանակի ընթացքում հիմնուեցին Համազգայինի մշակութային միութեան Աւստրալիայի մասնաճիւղը, «Նայիրի» պարախումբը, մշակութային այլ կառոյցներ եւ կրթօճախներ, որոնցից
ամենանշանաւորը Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գոլսթըն ամենօրեայ վարժարանն է:
Մենք համոզուած ենք, որ այսօր ովկիանոսից այն կողմ բնակուող հայորդիներն իրենց անձնուէր ջանքերի եւ հետեւողական նուիրումի, ինչպէս նաեւ ՀՅԴ-ի հետեւողականութեան շնորհիւ կարողանում են ներկայացնել հային, հայութեանը, նաեւ` Հայաստանը: Սա յաղթանակն է Հայաստան–Արցախ-Սփիւռք անխախտելի
եռամիասնութեան:
Մաղթում ենք ձեզ նորանոր յաջողութիւններ, ձեռքբերումներ եւ փայլուն յաղթանակներ ձեր արդիւնաւէտ աշխատանքներում:
Յարգանքով`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ