Քննարկում Մայր Աթոռում` նուիրուած ՀՀ սահմանադրական բարեփոխումներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/unnamed-326.jpg)
Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցութեամբ թեմակալ առաջնորդների եւ Մայր Աթոռի միաբանութեան, տեղի ունեցաւ քննարկում` նուիրուած ՀՀ սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպմանը` կազմակերպուած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում, հրաւիրուած էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, ով միաբանութեանը ներկայացրեց հայեցակարգի դրոյթները եւ հանգամանօրէն անդրադարձաւ բարեփոխումների կարեւորութեանը` հայեցակարգի տարբեր դրոյթների շուրջ տալով անհրաժեշտ լուսաբանութիւններ:
Քննարկման ընթացքում Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ եկեղեցականները հայեցակարգի վերաբերեալ ներկայացրին իրենց մօտեցումները: Հանդիպման մասնակիցները կարեւորեցին ներկայացուած փաստաթղթի շուրջ հանրային քննարկումները` յոյս յայտնելով, որ լրամշակուած հայեցակարգը եւ նախատեսուող բարեփոխումները, համահունչ ժամանակի հրամայականներին, կը ծառայեն Հայրենիքի հզօրացմանն ու ժողովրդի բարօրութեանը: