Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուեց միաբանական համագումարը

Յունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարը` «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Համագումարին ներկայ են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում եւ կառոյցներում ծառայող 93 միաբաններից (աբեղայ, վարդապետ, ծայրագոյն վարդապետ) 75-ը:

Համագումարը բացուեց կազմակերպիչ յանձնախմբի ատենապետ Տ. Կոմիտաս վարդապետ Յովնանեանի խօսքով: Համագումարի մասնակիցներին ողջոյնի խօսքով դիմեցին նաեւ հաւաքին մասնակից Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Գուջանեանը եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնից Հոգեշնորհ Տ. Զակքէոս ծայրագոյն վարդապետ Օհանեանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբուած միաբաններին հայրապետական իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբութիւնը կարեւորեց համագումարի անցկացումը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ եւ անդրադարձաւ Օսմանեան Թուրքիայի իրականացրած ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի կրած աղէտալի կորուստներին, որի պատճառով 1.5 միլիոն հայութիւն մահուան դատապարտուեց, հայրենազրկուեց ազգը, կործանուեցին հազարաւոր եկեղեցիներ, ոչնչացուեցին ազգային-մշակութային արժէքներ, խանգարուեց եկեղեցական ու ազգային կեանքը: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակութեամբ հաստատեց, որ հակառակ այդ ոճրագործութեան հայ ժողովուրդն առ Աստուած ապաւինութեամբ, հաւատով եւ յոյսով ամէնուր լծուեց իր կեանքի վերակերտմանը, համախմբուեց ազգային, եկեղեցական կառոյցների շուրջ, արդար քրտինքով, տառապանքով դրեց իր անկախ պետականութեան հիմքերը:

Այս համատեքստում անդրադառնալով հայ եկեղեցականի առաքելութեանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւորապէս նշեց. «Բազում են դժուարութիւնները, մեր ժողովրդի, պետութեան ու Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրները, սակայն մենք` որպէս Քրիստոսին հաւատացող ժողովուրդ, գիտենք հեռու վանել մեզանից վհատութիւնն ու թերահաւատութիւնը, գիտենք հաւատքով ու յոյսով դիմագրաւել բոլոր դժուարութիւններն ու փորձութիւնները: Եւ այս առաքելութիւնը ծանրացած է հայ եկեղեցականի ուսերին՝ ոգի ներշնչելու  դժուարութիւնների մէջ մեր ժողովրդին, լաւատեսութիւն պարգեւելու, գօտեպնդելու, հաւատքի յոյսի լոյսով շողացող ճանապարհների վրայ առաջնորդելու մեր ժողովրդի զաւակների կեանքը»:

Հայոց Հովուապետը յորդորեց միաբաններին, իբրեւ տէրունական պատգամների ու պատուիրանների ճշմարիտ քարոզիչներ, յոյսով, հաւատքով ու լաւատեսութեան ոգով գօտեպնդել աշխարհասփիւռ հայ ժողովրդին, օգնել յաղթահարելու կեանքի դժուարին իրավիճակները եւ ազգային միաբանութեամբ առաւել ամրապնդել մեր հայրերի իրականացած դարաւոր տեսիլքը` հայոց անկախ պետականութիւնը, եւ կերտել հայութեան բարօր ու երջանիկ կեանքը:

 Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, յաջողութիւն մաղթելով համագումարի աշխատանքին, վստահութեամբ նշեց, որ անդրադարձը Հայոց Ցեղասպանութեան աւելի պիտի զօրացնի միաբաններին` լաւագոյնս տեսնելու ուղիղ եւ ճշմարիտ ճանապարհը հայ եկեղեցականի առաքելութեան ազգային կեանքից ներս, եւ առաւել կը խանդավառի իրականացնելու իրենց հովուական ծառայութեան վեհ ու աստուածահաճոյ գործը:

Եռօրեայ համագումարին քննարկուող նիւթի շրջանակներում զեկոյցներով հանդէս կը գան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումեանը («Հայոց Մեծ Եղեռնի նահատակների սրբադասման հարցը»), Հոգեշնորհ Տ. Եղիշէ վարդապետ Աւետիսեանը («Հայոց Եկեղեցին Մեծ Եղեռնի տարիներին»), ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն պ. գ. դ. Աշոտ Մելքոնեանը («Հայոց հայրենազրկութեան հարցը եւ պահանջատիրութեան իրաւական հիմքերը»): Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մայր Աթոռի յանձնախմբի քարտուղար Արժանապատիւ Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը համագումարի մասնակիցներին կը ներկայացնի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի իրականացուելիք միջոցառումները:

Scroll Up