Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցին նւիրւած բասկետբոլի մրցաշար Նոր Ջուղայում

Նախաձեռնութեամբ Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցին ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի եւ համգործակցութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ.«Արարատ»միութեան Մարզական եւ Ուսանողական միաւորների,մայիսի 7-8-եւ 9-ին, նոյն միութեան մարզասրահում անց կացւեց բասկետբոլի քառակողմ բարեկամական մրցաշար, մասնակցութեամբ՝ Հայ եւ պարսիկ վաստակաւոր բասկետբոլիստներից կազմւած խմբերի: Մրցաշարի պաշտօնական բացումը մեկնարկեց՝ միութեան Սկաուտական միաւորի մասնակցութեամբ դրօշակի արարողութեամբ,որից յետոյ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Իրանի իսլ.Հանրապետութեան օրհներգը: Յաջորդիւ կազմակերպիչների անունից պարսկերէն լեզւով ելոյթ ունեցաւ միութեան ուսանողական միաւորի նախագահ՝Նարբէյ Ջարդն-Դաւուդը: Նա ողջունելով ներկաներին ամփոփ տեղեկութիւններ փոխանցեց Հայոց ցեղասպանութեան իրողութեան մասին եւ թւարկեց այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը,ապա ներկայացրեց մրցաշարի մասնակից խմբերին,որոնք ներկայացնում էին Ն.Ջ.Հայ Մ.Մ.«Արարատ» միութիւնը եւ պարսկական «Խանէյէ բասկետբալ», «Նեզամէ մոհանդէսի» եւ «Ռահ –օ- թարարբարի» ակումբները: Երեքօրեայ մրցութիւնների արդիւնքում մրցադաշտից յաղթող դուրս եկաւ Ն.Ջ.Հայ Մ.Մ.«Արարատ» միութեան խումբը: Մրցութիւնների փակման հանդիսութեան ընթացքում բոլոր խմբերը պարգեւատրւեցին յուշանւէրով: Յուշանւէրները յանձնեցին Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Նոյէլ Մինասեանը,«Արարատ»միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը եւ Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի նախագահ՝ Վահէ Թորոսեանը:
Նշելի է , որ այս կարգի մրցութիւնը, երկրորդն էր, որ կայացաւ Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման առթիւ:
Երանուշ Թահմազեան
Իրան(Նոր Ջուղա)
Լուսանկարները ՝ Ադրինէ Խաչատրեանի