Հելսինկիի միտրոպոլիտն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/27-2.jpg)
Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իր հրաւէրով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին ու նրա ուղեկիցներ իրաւաբանական գիտութիւնների դոկտոր տիար Անտի Հայկինհայմոյին եւ ֆիննական քաղաքապետարանի միութեան ղեկավարի տեղակալ տիար Տիմոյ Կ’իտեւեյնէին:
Ողջունելով հիւրերի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբութիւնն իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց նրանց` միաժամանակ ընդգծելով այս հանդիպման կարեւորութիւնը Հայ Առաքելական եւ Ֆին Ուղղափառ Եկեղեցիների միջեւ ձեւաւորուած միջեկեղեցական յարաբերութիւնների առաւել զօրացման ու փոխգործակցութեան առումով:
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը մասնաւոր անդրադարձ ունեցաւ Ուղղափառ եւ Քոյր Եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու ունեցած ջերմ յարաբերութիւններին, ներկայացրեց Էկումենիկ ոլորտում արձանագրուած յաջողութիւնները, ինչպէս նաեւ խօսեց մարտահրաւէրների մասին, որոնք ալեկոծում են եկեղեցական կեանքն ու խաթարում սիրոյ մթնոլորտը` յորդորելով միասնական աղօթքով դիմագրաւել բոլոր խոչընդոտներն ու փորձութիւնները:
Իր հերթին Գերաշնորհ Ամբրոսիոս միտրոպոլիտը նշեց, որ այս հանդիպումն աստուածաբանական երկխօսութեան առումով շատ լուրջ նշանակութիւն ունի Հայ եւ Ֆին Եկեղեցիների համար, եւ այն աւելիով նպաստելու է երկու Եկեղեցիների միջեկեղեցական յարաբերութիւնների աւելի սերտացմանն ու ջերմացմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հելսինկիի միտրոպոլիտը նաեւ քաղցրութեան վերհիշեցին իրենց ուսումնառութեան տարիները Զագորսկի հոգեւոր ակադեմիայում:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը:
Հանդիպումից յետոյ Ամբրոսիոս միտրոպոլիտն իր ուղեկիցների հետ Մայր Տաճարում մասնակցեց Սուրբ եւ Անմահ Պատարագին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ