«Մի՛ Խաբէք Զսասունցիք. Հա՛մ Դուք Էք Մեղք, Հա՛մ Ուրանք». Այսօր Վրէժ Իսրայէլեանի Ծննդեան Օրն Է
Պիտի երթամ պառկելու մեր գիւղի խրամատներու մէջ ու բոլորին լսելի ձայնով պիտի գոռամ. «Մի՛ խաբէք զսասունցիք. հա՛մ դուք իք մեղք, հա՛մ ուրանք». այսօր արձակագիր Վրէժ Իսրայէլեան կը դառնար 65 տարեկան:
Յիշեցնենք, որ մէկ տարի առաջ` յունիս 14-ին, գրողը անձնասպան եղած էր այն բանէն ետք, երբ իմացած էր, որ խորացուած քաղցկեղ ունի. «Չեմ ուզում ինքս ինձնից զզուել, նոր հեռանալ, մնաք բարով»,- անձնասպանութենէն առաջ նամակի մէջ գրած էր ան, ուր նաեւ շնորհակալութիւն յայտնած էր Աստուծոյ, որ ունեցած է լաւ կին, լաւ որդի, լաւ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ եւ բոլորէն ներողութիւն խնդրած: Իսկ նամակի կողքին իր իսկ հեղինակած «Վաղ, թէ ուշ» գիրքը դրուած եղած է:
Վրէժ Իսրայէլեան ծնած էր Երեւան: 1971-ին աւարտած է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Լրագրութեան բաժինը: 1971-78 աշխատած է ՀԽՍՀ Նախարարներու խորհուրդի հեռուստատեսութեան եւ ռադիօհաղորդումներու պետական կոմիտէի երիտասարդական հաղորդումներու խմբագրութեան մէջ` որպէս խմբագիր եւ աւագ խմբագիր: Իսկ 1979-81թթ.-ին գործունէութիւնը շարունակած է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին մէջ:
1982թ. «Սովետական Հայաստան» ամսագիրի սփիւռքի բաժինի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինուոր» պաշտօնաթերթի խմբագիր, 1999-էն եղած է ՊՆ լրատուութեան եւ քարոզչութեան վարչութեան պետ: Վրէժ Իսրայէլեանի առաջին պատմուածքները տպագրուած են «Գարուն» ամսագիրին մէջ: Ան 1978-ին արժանացած է ՀԼԿԵՄ Կեդրոնական կոմիտէի «Տարուան լաւագոյն ստեղծագործութեան համար» մրցանակին: Անոր «Միայն մի անգամ» պատմուածքը տպագրուած է «Տրուժբա նարոդով» ամսագիրի 1982-ի հոկտեմբերի համարին մէջ: 1986-ի փետրուարին Երեւանի հեռուստատեսութեամբ ներկայացուած է անոր «Չնուաճուած աշխարհամաս» գրուածքը: Վրէժ Իսրայէլեան հեղինակած է նաեւ Արցախեան պատերազմին նուիրուած վաւերագրական կինոսենարներ`«Մահից առաջ եւ յետոյ», «Երկրապահը եւ քաղաքականութիւնը», «Այսպէս դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն: Իսկ «Տօնապետ» գիրքի համար դարձած ՀԳՄ Դերենիկ Դէմիրճեանի անուան մրցանակի դափնեկիր:
Ստորեւ կը ներկայացնենք նոյնանուն պատմուածքէն հատուած մը. «Մի օր խմելով ընկայ ու կեանքից յետ մնացի: Յետ ընկածների խաժամուժի մէջ ինչ տեսակի մարդ ասես կար: Մէկը փիլիսոփայ էր ու պնդում էր, որ կեանքը (մարդկային կեանքը նկատի ունէր) Աստծոյ երազի մթագնած դրուագն է: Եթէ Աստուած ուզենայ յիշել իր երազը, կապիկներից այս կողմ եղածը կը մոռանայ: Ինչ մի յիշելու բան է, որ չմոռանայ: Մէկ ուրիշը պարուսոյց էր, ինքը չէր պարում, բայց բոլորին ստիպում էր, որ պարեն: Ասում էր. «Պարում ես, ուրեմն` ապրում ես»: Մի չարաճճի երեխայ կեանքից յետ էր ընկել մանկապարտէզի վարիչի դէմ բռնութիւն գործադրելու եւ այնուհետեւ հրաւիրուած ոստիկանութեան աշխատակիցներին քաշքշելու համար: Արդիւնքում երեխային հեռացրել էին էլիտար մանկապարտէզից: Խիստ համակրելի մի մարդ էլ հեռադիտակն աչքերին դրած դիտում էր: Հարցնում էին` ի՞նչ ես փնտրում: Ասում էր` ապագայ: Պարզուեց` թուրք էր: Ոչ էլ պարզուեց` ինքն ասաց: Մէկն էլ կար` տոհմածառի առեւտրով էր զբաղւում:
Պատուիրատուի տրամադրած տուեալներից, իր երեւակայութեան շնորհիւ, այնպիսի տոհմածառ էր յօրինում, որ քէֆդ գալիս էր: Թռչում էր պատերազմների վրայով, դաւաճանութեան ու կոտորածների վրայով, արիւն կուլ տալով ու անէծք արտաշնչելով, ամօթից մեռնելու փոխարէն հպարտանալով, ճիւղից ճիւղ թռչելով, չքաւորի ուսերին արքայական թիկնոց գցելով, հասցնում էր արմատին: «Դու արքայական տոհմից ես»,- ասում էր եւ տոհմածառը մեկնում պատուիրատուին: Յատկանշական է, որ կեանքին համընթաց քայլող հարիւր հայաստանցուց իննսունինը ձեռք բերեց այդ տոհմածառերից: Այսօր հայոց արքայական տոհմերից սերուած հայորդիները, աշխարհի քունջ ու պուճախներն ընկած, անտեղեակ ու միամիտ մարդկութեանն իրենց ազնուազարմութիւնն են քարոզում: Յարգանք նրանց վեհ առաքելութեանը:
Մի մարդ էլ կար` մէկ բառ գիտէր. «սուտ է»: Փիլիսոփային լսում, լսում էր ու ասում. «սուտ է»: Պարուսոյցին ասում էր. «սուտ է»: Տոհմածառերի օլիգարխին ասում էր. «սուտ է»: Հարցնում էին. «անունդ ի՞նչ է»: Պատասխանում էր. «սուտ է»: Որքան հասկացաք, ես կեանքից յետ ընկածների մէջ մնալու ցանկութիւն չունէի: Շատ ջանք թափեցի այդ տարածութիւնը լցնելու համար. պատմուածքներ գրեցի` մէկը մէկից լաւ, դեսից-դենից քար, աւազ ու խիճ հայթայթեցի ու մի փոքրիկ, բայց հիասքանչ տուն կառուցեցի ծննդավայրումս, երկու երեխայի հայր դարձայ` մէկը մէկից գերող, մէկին Չարենցի «Մահուան տեսիլը» անգիր անել տուեցի, միւսին` Վարուժանի «Դարձը», չօգնեց: Աւելի հանճարեղ միտք յղացայ. մի քանի սրտակեղեք պատկեր գտայ հայի ու թուրքի մգլոտած թշնամութեան յուշադարանից, ճարեցի պատառիկներ բիւզանդացիներից ու պարսիկներից ապառիկով թագ ստացած մեր թագաւորների փառահեղ կենսագրութիւնից, էդ ամէնը ցօղեցի «Սասունցի Դաւիթ» էպոսի չպատմուած արարների համ ու հոտով, Արարատի շնչով ու Արաքսի հառաչով եւ մի անզուգական ճառ հիւսեցի մեռնող եւ յառնող Հայրենիքի մասին: Խօսքը մեր մէջ, լաւ ստացուեց. հային լացացնում էր, թուրքին` վախեցնում: Սփիւռքահայերը, որ լսէին, կը ցնդէին: Ուսիս թփթփացրին, ասին` մեխել ես, հզօր է: Միայն այսքանը»:
HayNews.am