Նշանաւորւեց հայկական աւանդական Բուն Բարեկենդանը Նոր Ջուղայում

Կիրակի՝ մարտի 2-ին, սկսած ժամը 16:30-ից Նոր Ջուղայի  Հայոց ազգային  կրթահամալիրի  կենտրոնական դահլիճում   տօնական  մթնոլորտ էր. առիթը  հայկական աւանդական  Բուն Բարեկենդանի նշումն էր, ուր  համախմբւել էին «Քանանեան» աղջ. ուղեցոյց-միջնակարգ դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական  եւ ծնողական խորհուրդի կազմերը, աշակերտուհիները եւ մի շարք շրջանաւարտներ, որոնք հրաւիրւած էին մաս կազմելու կազմակերպւած դիմակահանդէս-մրցոյթի Իրաւարար կազմին: Միջոցառման սկզբում երեկոյի վարիչ,  դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնեան-Օհանեանը ողջունեց բոլորի ներկայութիւնը եւ տարազների ցուցադրման  համար ուղղութիւններ տւեց մասնակիցներին: Հանդիսութիւնը շարունակւեց օրւայ հանդիսավարուհու զւարճալի ելոյթներով, որից յետոյ նախատեսւած  բեմահարթակի վրայ տարազաւոր աշակերտուհիները ցուցադրեցին         իրենց  մտայղացումներով  իրականացրած հետաքրքիր  կերպարները:

 Հանդիսութեան ընթացքում  կայացաւ մի այլ հետաքրքիր մրցոյթ եւս, որտեղ աշակերտուհիները քւէարկեցին  յոգուտ իրենց ամենաընկեասէր ընկերուհու:  Մրցոյթի յաղթողը  Լիլիան  Միրզախանեանն էր, ով կրեց  «Ամենաընկերասէր» գրութեամբ ժապաւէնը:  Մինչ Իրաւարար կազմերի  նշանակած գնահատականների ու ամենաընկերասէր մրցոյթի քւէարկութեան  արդիւնքների ամփոփումը,    երեկոն շարունակւեց   երգ   ու պարով,  լուսանկարւելով եւ ընդունելութեամբ, որ պատրաստել էր  ծնողական խորհուրդը:   Վերջում  մրցոյթների յաղթողները գնահատւեցին օրւայ խորհրդին համապատասխան՝  ձեռքով պատրաստւած յուշանւէրներով:

Արժանի է յիշել երեկոյի կազմակերպւածութեան եւ Բարեկենդանի  խորհրդանիշներով  բեմահարթակի ու  դահլիճի յարդարման մասին, որոնք տօնական երեկոն դարձրին աւելի յաճելի ու գեղեցիկ:

Նշելի է, որ Բարեկենդան տօնը  դիմակահանդէսներով ու ընդունելութեամբ  կազմակրպւել է նաեւ  Հայոց Ազգային Կրթահամալիրի մանկապարտէզ- նախակրթարանում, «Արմէն» երկսեռ տարրական եւ «Կատարինեան» տղայոց դպրոցներում, իսկ սկսած ժամը 19:30-ից մինչեւ ուշ երեկոյ  Նոր Ջուղայի Հայ Մ.Մ.«Արարատ» միութեան մարզասրահում կայացել է ժողովրդական  տօնախմբութիւն:

(Վերջինիս մասին կանդրադառնանք առանձին թղթակցութեամբ)

Երանուշ Թահմազեան

Իրան -Նոր Ջուղա

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed (14) unnamed (15) unnamed

 

Scroll Up