Ադրբեջանի նախագահի «իմաստուն» պատասխանը արցախցի աղջնակի նամակին
Վերջերս ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Աւագիմեանը նամակ էր գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Միակ հարցը, որ յուզել է աղջկան, այն է, թէ ինչու՞ է Իլհամ Ալիեւը նորից արցախցիներին սպառնում պատերազմով: Այս շատ պարզ հարցին պատասխանելու փոխարէն Իլհամ Ալիեւի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը հեղինակել է մի հերթական «ագիտ-յուշագիր», որտեղ խօսւում է «այն ժամանակուայ ադրբեջանցիների կողմից ստեղծուած պետական կազմաւորման» մասին, որի «ղեկավարները 18-րդ դարի վերջին հիմնադրել են Խանքենդին»:
Ինչպէս ասում են` չկայ չարիք առանց բարիքի: Այս մի քանի տողում արտայայտուած «մտքերը» մերկացնում են ադրբեջանական «էլիտա»-ի ողջ էութիւնը. այն առհասարակ պատմութեան, մասնաւորապէս Ղարաբաղի անցեալի մասին տարրական գիտելիքներից անգամ զուրկ է: Հարկաւոր է կատարեալ պրոֆան լինել, որ մարդ գրի, թէ «Շուշիից մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ, լեռնալանջերին առաջին դղեակներն են հիմնադրուել, այստեղ ժամանակ առ ժամանակ ապրել է միայն խանի ընտանիքը, եւ գիւղն ստացել է Խանքենդի անուանումը»: Միթէ՞ Էլնուր Ասլանովը նոյնիսկ Լեռնային Ղարաբաղի քարտէզը չի նայել, նախքան կը գրէր այդ միտքը:
Չէ՞ որ Ստեփանակերտն, այո´, Շուշիից մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ է, բայց տեղադրուած է վերջինիս համեմատ ցածրադիր տարածքում, որտեղ ոչ մի լեռնալանջ էլ չկայ: Այսինքն, տեղանքը չէր կարող Շուշիի «խան»-երի համար հանգստավայր լինել, քանի որ Շուշին հէնց հանգստավայր էր: Իսկ եթէ «խան»-երն, այնուամենայնիւ, նոյնիսկ Շուշիում էին շոգում, ապա ամառանոցի համար տեղ պիտի ընտրած լինէին Քիրսի լեռնալանջերը: Իսկ այդ մասին լռում է անգամ ադրբեջանական պատմագրութիւնը:
Ին՞չ իմաստ ունի այդ անգրագէտ դիտարկումը: Որպէսզի «ապացուցուի», որ «Ղարաբաղի խաները ոչ միայն Շուշին են հիմնադրել, այլեւ Խանքենդին»: Ադրբեջանցի համարուող Միրզա Ադիգեօզալ-բեկը, որ եղել է Իբրահիմ «խանի վէզիրը» եւ գրել իր տիրոջ ու նրա տոհմի պատմութիւնը, յստակ վկայութիւն է թողել այն «աշխարհաշէնէ գործերի մասին, որ կատարել են Փանահը եւ նրա որդի Իբրահիմը: Իրադարձութիւններին ականատես եւ Իբրահիմի մօտ «վեզիր» ծառայած հեղինակն անգամ չգիտի «Խանքենդիում կառուցուած դղեակների եւ այլ շինութիւնների» մասին: Եթէ այդպիսիք եղած լինէին, նա անպայման կը յիշատակէր: Քանի որ չի զլանում նոյնիսկ «այգու պատերը» համարել «յիշատակութեան արժանի»: Միակը, որ ներկայիս Ստեփանակերտի տարածքում «խանի մասին յիշատակութիւնէ կարելի է համարել, դա «խանբաղիէ անուանումն է, բայց նոյնիսկ ամենամեծ ցանկութեան դէպքում դժուար է մէկ «շենքը» համարել «ամառանոցային դղեակներ», առաւել եւս` «աւան» կամ «գիւղ»:
Իր «յուշագրում» Էլնուր Ասլանովը իրեն բնորոշ բթամտութեամբ վերստին շահարկում է «Ղարաբաղի հայերի եկուոր լինելու» թեման: Նա, ի հարկէ, «մեծահոգաբար» չի ժխտում, որ «Ղարաբաղում հայեր նոյնպէս ապրել են, բայց նրանք կազմել են ընդհանուր բնակչութեան չնչին փոքրամասնութիւնը»:
Այժմ, դիմելով բացառապէս միայն ադրբեջանցի վերոյիշեալ հեղինակի օգնութեանը, փորձենք պարզել, թէ ով երբ եւ ինչպէս է յայտնուել Ղարաբաղում: Փանահի մասին նա գրում է, որ «Բայաթ ամրոցում է հաւաքել իր ընտանիքը, հարազատներին, աւագներին: Շրջակայքում ապրող մարդիկ, անգամ Թաւրիզի եւ Արդաբիլի մարզերի արհեստաւորների եւ բնակչութեան մեծ մասը, լսելով Փանահ խանի յաջողութիւնների, մարդկանց հանդէպ նրա վերաբերմունքի եւ մարդկանց հանդէպ սիրոյ մասին, իրենց ընտանիքների հետ գալիս են Բայաթ»:
Պէտք է յուսալ, որ Ասլանովը քարտէզի վրայ գիտի գոնէ իրանական Թաւրիզ եւ Արդաբիլ քաղաքների տեղը: Յատկապէս այդ մարդիկ են կազմել Փանահի «իլաթը», որը յետագայում նրա հետ տեղափոխուել է Տիգրանակերտ- Թառնակուտ, որին ադրբեջանցիները Շահբուլաղ են ասում, ապա եւ` Շուշի: Եւ դա եղել է Ղարաբաղում յայտնուած առաջին «ադրբեջանցի» բնակչութիւնը: Փաստը, որ Շուշիի «ադրբեջանական» բնակչութիւնը տեղաբնիկ չէ, ընդունել են ծագումով շուշեցի ադրբեջանցի մտաւորականներ նոյնպէս: Էլնուր Ասլանովը, ուզում եմ հաւատալ, գոնէ ադրբեջանցի դասականներին կարդացել է: Յիշեցնեմ նրան Իւսիֆ Վէզիր Չեմենզեմենլիի «արեան մէջէ վէպը, որտեղ նկարագրուած են Իբրահիմի արիւնոտ կառավարման ժամանակաշրջանի դէպքերը: Խօսելով Իբրահիմի «վեզիր» մօլլայ Փանահ Վագիֆի տոհմաբանութիւնից` Չեմենզեմենլին գրել է. «… Տանջահար ղազախցիները չգիտէին, թէ որտեղ հանգիստ գտնեն»:
Ղարաբաղի խանութեան ստեղծումն ու Շուշի ամրոցի կառուցումը 1754թ. յոյս էր տուել, որ քաղաք-ամրոցում, որ գտնւում էր բարձր լեռներում, մեծ ճանապարհներից մի կողմ քաշուած, մարդիկ վերջապէս հանգիստ կը գտնեն, եւ ղազախցիներն սկսեցին Ղարաբաղ տեղափոխուել: Վագիֆը, Սաաթլի տոհմից ուրիշ տասնեօթ ընտանիքների հետ տեղափոխուել է Շուշի, հիմնել «մահալ», որն այդպէս էլ կոչուել է` Սաաթլի»:
Մի քանի տարի առաջ այցելելով Արցախ` ԼՂՀ նախագահի մօտ ընդունելութեանը, պրոֆ. Ֆարհադ Բադալբէյլին, որի պապը ծնուել է Շուշիում, հպարտութեամբ ասել է, որ ինքը «ղաջարներից է»: Իսկ թէ ովքեր են «ղաջարները», եւ որն է նրանց հայրենիքը, գիտի, կարծում եմ, նոյնիսկ Էլնուր Ասլանովը,-գրում է «Ազգ» օրաթերթը: