Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովուապետական այցը Արգենտինայի հայոց թեմ

Շարունակւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովուապետական այցը Արգենտինայի հայոց թեմ

Մայիսի 12-ի երեկոյեան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Արգենտինայի հայոց թեմ` ուղեկցութեամբ պատուիրակութեան եւ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանի:

Նորին Սրբութեանը դիմաւորեցին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադեանը, թեմական խորհրդի անդամներ եւ վարչականներ, բազում հաւատացեալներ: Վեհափառ Հայրապետին դիմաւորելու էին եկել նաեւ Արգենտինայի կրօնի փոխնախարար Խուան Լանդաբուրուն եւ երկրի իշխանութիւնների ներկայացուցիչներ:

Ողջունելով Նորին Սրբութեանը` փոխնախարար Խուան Լանդաբուրուն յատկապէս նշել է. «արգենտինաբնակ հայերը մեծապէս յարգուած են Արգենտինայում եւ իրենց գնահատելի ու ստեղծարար կեանքով ու գործերով միշտ վայելում են իշխանութիւնների բարեացակամութիւնն ու աջակցութիւնըէ: Բուենոս Այրեսում Նորին Սրբութեան պատուիրակութեանը միացել նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը եւ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբեանը:

Բուենոս Այրեսում  Նորին Սրբութիւնը հանդիպել  քաղաքի կառավարութեան ղեկավար Մաւրիսիոյ Մակրիի հետ, ով էլ Բուենոս Այրես քաղաքի կառավարութեան կողմից Վեհափառ Հայրապետին հռչակեց  Բուենոս Այրեսի պատուաւոր այցելու: Նորին Սրբութիւնն իր գոհունակութիւնը յայտնեց Բուենոս Այրեսի եւ Արգենտինայի իշխանութիւններին արգենտինաբնակ հայորդիների հանդէպ դրսեւորած շարունակական զօրակցութեան, հայ-արգենտինական միջպետական յարաբերութիւնների սերտացման, ինչպէս նաեւ մեր ժողովուրդների  եւ Բուենոս Այրես ու Երեւան քոյր քաղաքների միջեւ բարեկամութեան ու համագործակցութեան ամրապնդման համար:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն ուղեւորուեց Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, ուր տեղի ունեցաւ Հրաշափառի արարողութիւն, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր խօսքն ուղղեց հաւատացեալներին. ՙՍիրելինեբր, ի սփիւռս աշխարհի հանուր հայութեան կեանքում Եկեղեցին է, որ փրկչական տէրունապատուէր առաքելութեամբ նաեւ համախմբում է հայ ժողովրդին եւ Աստծոյ օրհնութեան ներքոյ անսասան պահում նրա ազգային-քրիստոնէական դիմագիծը: Դարեր շարունակ Եկեղեցին է եղել եւ այսօր էլ է պատուարն ու խնամարկուն մեր ազգի, Եկեղեցին է, որ զօրացնում է ազգին դժուարութիւնների ու մարտահրաւէրների դէմ պայքարում եւ ոգեշնչում նոր արարումների` յանուն հայոց բարօր ներկայի եւ պայծառ գալիքի: Եկեղեցին լոկ քարեղէն կառոյց չէ, այլ հաւատացեալ մեր ժողովրդի հաւաքականութիւնն է: Եկեղեցին դուք էք` հաւատաւոր ձեր կեանքով ու գործերով: Յիրաւի, մեր ժողովրդի պատմութիւնը նման է Քրիստոսի երկրաւոր կեանքի ընթացքին: Եղել են չարչարանքներ, խաչելութիւն, Ցեղասպանութեան գողգոթայ, բայց յարութեան հաւատքի յաղթանակն է պսակել յարատեւութիւնը ազգի եւ Հայոց Եկեղեցու: Այդ յաղթանակն է, որ այսօր երեւում է տիրախնամ թեմում ձեր ձեռքբերումների մէջ, արտացոլւում եկեղեցանուէր ու ազգասէր ձեր կեանքի ընթացքներումէ: Հրաշափառի արարողութիւնից յետոյ Նորին Սրբութիւնը հանդիպեց թեմական խորհրդի անդամների, համայնքի ներկայացուցիչների հետ` քննարկելով ներհամայնքային հարցեր:

Էկումենիկ արարողութիւն Բուենոս Այրեսում` Հայոց Հայրապետի այցելութեան առիթով

Արգենտինայի հայոց թեմ հովուապետական այցի շրջանակներում մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայկական դպրոց, որի հանդիսութիւնների սրահում հաւաքուել էին Բուենոս Այրեսի հայկական եօթ դպրոցների աշակերտները:

Երեխաները հաց ու աղով, ուրախութեան գոչիւններով դիմաւորեցին Վեհափառ Հայրապետին: Նորին Սրբութիւնն իր գոհունակութիւնն արտայայտեց մանուկ եւ պատանի հայորդիների հետ այս հանդիպման առիթով` գովելով դպրոցների բարերարների, հոգաբարձուների, մանկավարժների եւ ծնողների խնամքն ու հոգածութիւնը հայ դպրոցների նկատմամբ: Վեհափառ Հայրապետը յորդորեց դպրոցականներին նախանձախնդիր լինել ուսման մէջ, քաջ իմանալ մեր ժողովրդի եւ Սուրբ Եկեղեցու պատմութիւնը, լաւ սովորել մայրենի լեզուն եւ առաւել զօրանալ հաւատքի, եկեղեցանուիրումի ու հայրենասիրութեան մէջ:

Նոյն օրը Հայոց Հայրապետն այցելեց Արգենտինայում ՀՀ դեսպանատուն, իսկ երեկոյեան Բուենոս Այրեսի կաթոլիկ տաճարում տեղի ունեցաւ էկումենիկ արարողութիւն: Ներկայ էին Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչներ եւ հաւատացեալներ, բազմաթիւ հայ հաւատացեալներ, դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներ: Նորին Սրբութիւնն իր խօսքում մասնաւորաբար նշեց. «քաղցրութեամբ ենք յիշում, երբ 2001 թ. Հայոց Մեծի դարձի 1700-ամեայ յոբելեանին մեզ խնդակից եղան Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պապ Յովհաննէս Պօղոս Երկրորդը, Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Ալեքսի Բ պատրիարքը, Ուղղափառ Եկեղեցիների պետեր, Անգլիկան, Աւետարանական Եկեղեցիների ներկայացուցիչներ, Եկեղեցիների հոգեւոր սպասաւորներ: Հակառակ ծերունազարդ տարիքին ու մարմնական տկարութեան` եղբայրական այցով եւ իր աղօթքներով այդ օրերին մեզ եւ մեր ժողովրդի հետ էր բոլորիս կողմից սիրուած եւ անմոռանալի, այլեւս մեր քոյր Կաթոլիկ Եկեղեցու կողմից երանելի հռչակուած Հռոմի Յովհաննէս Պօղոս Բ պապըէ: Արարողութեան աւարտից յետոյ կաթոլիկ տաճարում տեղադրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի խաչքարի մօտ Նորին Սրբութիւնն աղօթեց Ցեղասպանութեան նահատակների հոգիների խաղաղութեան եւ հանգստութեան համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն մասնակցեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճիւղի 100-ամեակին նուիրուած հանդիսութեանը

Մայիսի 14-ին Նորին Սրբութիւնն այցելեց Հայ Օգնութեան Միութեան ծերանոց եւ իր օրհնութիւնը բերեց ծերանոցում ապաստանած տարեցներին` բարձր գնահատելով Հօմ-ի անդամների խնամատար եւ հոգածու գործունէութիւնը:
Վեհափառ Հայրապետն այցելեց նաեւ Հայ մշակութային միութիւն, որտեղ երիտասարդները հանդէս եկան պարային գեղեցիկ կատարումներով:

Երեկոյեան Նորին Սրբութիւնը մասնակցեց գրող եւ մանկավարժ Պետրոս Հաճեանի գործունէութեան 60-ամեակի հանդիսութեանը եւ ուսուցչական ու գրական բեղուն առաքելութեան եւ եկեղեցանուէր վաստակի համար Պետրոս Հաճեանին շնորհեց Առաքելական Սուրբ Եկեղեցու «սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպէ պատուոյ բարձր շքանշանը:
Այնուհետ Նորին Սրբութիւնը մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Բուենոս Այրեսի մասնաճիւղի 100-ամեակին նուիրուած տօնական հանդիսութեանը: Վեհափառ Հայրապետն իր խօսքում ի մասնաւորի ասաց. «հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան անդամները մեր ժողովրդին ծառայել են հաւատաւոր հոգով, սիրով ու նուիրումով` առաքելական պատուերի համաձայն, թէ` «մի մոռացէք բարեգործութիւնը եւ ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծունէ (Եբր. 13.16): Նրանց առաջնորդել են աշխարհասփիւռ հայութեան հոգսերը կիսելու, ազգային կեանքը զօրաւոր պահելու նպատակները, մեր ժողովրդի լուսաւոր գալիքի հեռանկարները, որոնց կեանքի կոչմանը մասնակցել են իրենց սրտաբուխ նուիրատուութիւններով, ազնիւ ջանքերով ու ամէն սատարումով: Ահա այսօր մէկդարեայ գործունէութեան ծանրաբեռն վաստակով իր հարիւրամեայ յոբելեանն է տօնախմբում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Բուենոս Այրեսի մասնաճիւղը, որը զգալի ներդրում ունի Արգենտինայի հայ համայնքի ձեւաւորման ու բարօրութեան, Արգենտինայի հայոց թեմում հոգեխնամ առաքելութեան կազմակերպման գործընթացներումէ: Գնահատարժան գործունէութեան համար Վեհափառ Հայրապետը պարգեւների արժանացրեց Բարեգործականի Բուենոս Այրեսի մասնաճիւղի անդամների. տիար Ռոբերթոյ Մալխասեանը եւ տիկին Ռոսիթայ Իւսուֆեանը Նորին Սրբութեան կողմից պարգեւատրուեցին «սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպէ շքանշաններով, իսկ տիար Յարութիւն Սարաֆեանը` «Սուրբ Ներսէս Շնորհալի» շքանշանով:

Հայոց Կաթողիկոսը պարգեւներ շնորգեց Արգենտինաի հայոց թեմի ներկայացուցիչներին

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական Ս. Պատարագ մատուցեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ առաջնորդանիստ եկեղեցում` ի ներկայութեան բազմաթիւ հաւատացեալների, ՀՀ դեսպան Վլադիմիր Կ’արմիրշալեանի, Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչների:

Պատարագի ընթացքին եկեղեցանուէր գնահատելի գործունէութեան եւ ազգաշահ վաստակի համար արժանաւոր հայորդիներ Վեհափառ Հայրապետի կողմից պարգեւատրուեցին պատուոյ շքանշաններով: Նորին Սրբութիւնը «Սուրբ Ներսէս Շնորհալի» շքանշան յանձնեց Արգենտինայի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ տիար Ալբերտոյ Ճերեճեանին, Վահան սարկաւագ Պերպերեանին, տիար Խորխէ Միւրեքեանին, տիարք Գրիգոր Հայրապետեանին եւ Ռուբեն Մոզեանին շնորհուեց «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշան: Վեհափառ Հայրապետը պանակէ նուիրեց թեմակալ առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադեանին` գնահատելով Սրբազան Հօր տասնամեակների վաստակն ու հոգեւոր ծառայութիւնը, ինչպէս նաեւ Մայր Աթոռից բերուած սկիհ ընծայեց Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն:

Պատարագի աւարտից յետոյ տեղի ունեցաւ մատաղաճաշ, որին ներկայ էին բազմահարիւր հայորդիներ: Ճաշի ընթացքում Նորին Սրբութիւնը Հայրապետական օրհնութեան գրեր շնորհեց տիարք Սամոյ Սարգիսեանին, Փետրոյ Մուրադեանին եւ տիկին Դիանա Տէր-կարապետեանին: Նորին Սրբութիւնն այցելեց նաեւ Սարդարապատ հրատարակչատուն, այնուհետ Սարդարապատի ճակատարմարտի հերոսներին նուիրուած յուշակոթողի մօտ աղօթեց հերոսական ճակատամարտում զոհուածների հոգիների խաղաղութեան համար:

Ամենայն Հայոց  Հայրապետի հովուապետական այցի վերջին օրը նրան ընդունեց Արգենտինայի նախագահը

Մայիսի 16-ին Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցաւ Արգենտինայի Ազգային կոնգրէսի պատգամաւորների պալատի Արտաքին յարաբերութիւնների եւ պաշտամունքի մշտական յանձնաժողովի նախագահ Ալֆրեդոյ Աթանասոֆի, Սահմանադրական դատարանի նախագահ Ռիկարդոյ Լորենսետիի եւ փոխնախագահ Էլենա Յայտըն դէ Նոլասկոյի հետ:
Արգենտինայի Արտաքին գործերի նախարարութիւնում, ի պատիւ Հայոց Հայրապետի, կազմակերպուել էր ընդունելութիւն, որին մասնակցում էին դիւանագիտական առաքելութիւնների շուրջ երկու հարիւր ներկայացուցիչներ: Հանդիսութեան ընթացքում Վեհափառ Հայրապետը հռչակուեց Արգենտինայի կառավարութեան պատուոյ հիւր: Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ Արգենտինայում իշխանութիւնների կողմից կրօնական գործունէութեան համար բարենպաստ պայմանների եւ հնարաւորութիւնների ապահովմանը, որով Քոյր Եկեղեցիներն Արգենտինայում համերաշխութեամբ եւ համագործակցութեամբ իրականացնում են իրենց առաքելութիւնը:

Նոյն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ Արգենտինայի նախագահ տիկին Քրիստինա Կիրշների հետ: Նորին Սրբութիւնը ցաւակցութիւն յայտնեց նախագահ Քրիստինա Կիրշներին նրա ամուսնու` Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշների մահուան կապակցութեամբ, ում հետ Վեհափառ Հայրապետը հանդիպել էր Արգենտինայի հայոց թեմ իր առաջին Հովուապետական այցելութեան ընթացքում: Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ Արգենտինայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանը, գոհունակութիւն յայտնեց նախագահին Արգենտինայի հայ համայնքի վերաբերեալ գնահատանքի խօսքերի համար:

Վեհափառ Յարապետի Հովուապետական այցելութիւնը Բուենոս Այրես աւարտուեց մշակութային միջոցառմամբ «Թէատրոյ Աւենիդա» օպերային թատրոնում: Հանդէս եկան հայ եւ արգենտինաի կատարողներ, երգչուհիներ եւ արուեստագէտներ: Հանդիսութեան ընթացքում Նորին Սրբութիւնը, բարձր գնահատելով արգենտինահայ ազգային բարերար տիար Էդուարդոյ Էռնեքեանի բարեգործութիւնները` նրան հռչակեց Սուրբ Էջմիածնի ասպետ` մաղթելով արեւշատութիւն եւ նորանոր յաջողութիւններ ազգաշէն ու եկեղեցաշէն իրագործումներում:

Scroll Up