Շարքային թուրքական ապատեղեկատուութիին

Արդէն տեւական ժամանակ է` Թուրքիայի քաղաքական մեքենան` ի դէմս երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուի, վարչապետ Թայիփ Էրդողանի, թիրախ է ընտրել Հայաստան-սփիւռք օրէցօր ամրապնդուող գործակցութիւնը: Կիրառելով ապատեղեկատուութեան, կեղծիքի եւ տեղեկատուական յարձակման այլ մեթոդներ` Թուրքիան փորձում է արհեստական խնդիրներ եւ անջրպետներ առաջացնել Հայաստանի ու Սփիւռքի միջեւ:

Սակայն ցաւալի է, որ թուրքական մամուլում տեղ գտած ապատեղեկատուութիւնը կամ ուղղորդուած կեղծիքը երբեմն թարգմանաբար եւ առանց մասնագիտական զտման տեղ են գտնում հայկական լրատուամիջոցներում, եւ փաստացի մենք յայտնւում են թուրքական տեղեկատուական որոգայթներում: Նմանատիպ մի որոգայթ էլ երէկ տպագրուեց թուրքական «Հիւրիեթ» թերթում եւ թարգմանաբար տարածուեց հայկական լրատուամիջոցներում:

Օրերս ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը այցելել է Ստամբուլ` մասնակցելու Կանանց համաշխարհային գագաթնաժողովին, որից յետոյ էլ հանդիպել է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ տիկին Յակոբեանը Սփիւռքի նախարարութեան մեդալներ է յանձնել Պոլսի համայնքի արուեստի, մշակոյթի մի շարք անուանի գործիչների: Թուրքական «հիւրիեթէ թերթը, անդրադառնալով Սփիւռքի նախարարի այցին, նշել է, թէ իբրեւ պոլսահայ համայնքի շատ ներկայացուցիչներ վրդովուած են նախարարի այցից եւ յանձնած մեդալներից, քանի որ «Նախարարը նրանց համարել է սփիւռքահայ, մինչդեռ պոլսահայերը իրենց չեն համարում սփիւռքահայ, քանի որ ապրում են իրենց նախնիների երկրում»:

Յարկ ենք համարում յատուկ շեշտել, որ սա բացայայտ ապատեղեկատուութիւն է եւ կեղծիք: Խնդիրն այն է, որ պոլսահայերը, իրօք, իրենց չեն համարում սփիւռքահայ, քանի որ ապրում են այն երկրում, որտեղ ապրել են իրենց նախնիները, եւ պոլսահայերի այս իւրայատուկ կարգավիճակի մասին Սփիւռքի նախարարը քաջատեղեակ է: Համայնքի հետ հանդիպման ժամանակ Հրանոյշ Յակոբեանը յստակ նշել է, որ ինքը Պոլսի հայ համայնքին չի համարում Սփիւռք, աւելին` նրանց դիտում է իբրեւ Սփիւռք ստեղծած համայնք, ինչն իրաւացի է, քանի որ հէնց Թուրքիայի հայութեան փրկուած բեկորներից է գոյացել Սփիւռքը (ի դէպ, այն միտքը, որ պոլսահայերին չի կարելի համարել սփիւռքահայեր, յստակ արտայայտուած է 2010թ. Սփիւռքի նախարարութեան կողմից հրատարակուած «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմութեան» գրքում): Ինչպէս մեզ փոխանցել է Հրանոյշ Յակոբեանին Ստամբուլում ուղեկցած թուրքագէտ Աշոտ Սողոմոնեանը. «Նախարարի այդ յայտարարութիւնը շատ լաւ ընկալուեց համայնքում, եւ հանդիպմանը ներկայ շատերը գոհունակութեամբ շեշտում էին, որ տիկին Յակոբեանը ճիշտ շեշտադրումներով անդրադարձաւ իրենց կ’արգավիճակին»:

Իսկ ինչ վերաբերում է Սփիւռքի նախարարութեան մեդալներին, ապա դրանք տրւում են Հայաստան-սփիւռք համագործակցութիւնը խթանող մարդկանց, եւ ինչպէս երէկ, այնպէս էլ այսօր Պոլսում ստեղծուող հայկական մշակոյթը համահայկական է. դրանից օգտւում են ինչպէս հայաստանցիները, այնպէս էլ հայկական Սփիւռքը. այն, իրօք, օգնում է հայութեան միջեւ գործակցութեան զարգացմանը:

Այսպիսով` կարող ենք փաստել, որ «Հիւրիեթի» ու նրանից յղում արուած տեղեկատուութիւնը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականութեանը եւ Թուրքիայի հերթական  էժանագին քարոզչական հնարքն է:

Ռուբեն Մելքոնեան
թուրքագէտ

Scroll Up