Վարչապետը Պրիւքսէլի Հայկական Եկեղեցւոյ ՄԷջ Հանդիպած Է Պելճիգահայ Համայնքի Ներկայացուցիչներուն Հետ. տեսանիւթ
Պելճիգայի Թագաւորութիւն կատարած աշխատանքային այցի աւարտին վարչապետ Նիկոլ Փաշինեան այցելած է Պրիւքսէլի Սուրբ Մարիամ Մագթաղինէ եկեղեցի: Վարչապետին այստեղ դիմաւորած են պելճիգահայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ, որոնք ջերմօրէն ողջունած են ՀՀ կառավարութեան ղեկավարն ու մաղթած յաջողութիւններ` ի նպաստ Հայաստանի բարօրութեան:
ինչպէս «Հայերն այսօր»-ին կը յայտնեն ՀՀ վարչապետի մամլոյ ծառայութենէն, դիմելով պելճիգահայերուն` Նիկոլ Փաշինեան, մասնաւորապէս, նշած է.
«Սիրելի հայրենակիցներ,
ցանկանում եմ խօսել Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան հիմնական իմաստի եւ հիմնական փոփոխութեան մասին: Այդ յեղափոխութեանից առաջ շատերը, ովքեր ունէին դէ իւրէ ՀՀ քաղաքացիութիւն` ՀՀ-ում եւ նրանից դուրս, իրենց դէ ֆակտօ ՀՀ քաղաքացի չէին համարում, որովհետեւ Հայաստան ասելիս, Հայաստանի Հանրապետութիւն ասելիս, Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւն ասելիս նրանք համակւում էին զգացողութեամբ, որ ցածրացնում էր այդ անձնագրի եւ քաղաքացիութեան արժէքը: Յեղափոխութիւնից յետոյ սա է մեր հիմնական ձեռքբերումը` անկախ նրանից` ամբողջ հայութիւնը դէ իւրէ ունի ՀՀ քաղաքացիութիւն, թէ ոչ, իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիւ եւ յաղթանակած քաղաքացի: Եւ ես ինձ լիազօրուած եմ զգում սրանից յետոյ աշխարհի իւրաքանչիւր անկիւնում, աշխարհի իւրաքանչիւր ծայրում հայութեանը, հայ ժողովրդի իւրաքանչիւր ներկայացուցչի դիմել այսպէս` սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ, դուք` բոլորդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ էք: Այս յեղափոխութեան հիմնական իմաստը հետեւեալն է` մեր հայրենիքը, ձեր հայրենիքը խլուած էր եւ խլւում էր ձեզանից, մեր հայրենիքը, ձեր հայրենիքն այլեւս վերադարձուած է ձեզ եւ դուք էք բարձրագոյն իշխանութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում: Եւ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք. քաղաքական իրավիճակի, ընթացիկ իրավիճակի ամենակարեւոր նրբութիւնը հետեւեալն է` մեր հայրենիքը վերադարձուած է ժողովրդին, ձեզնից իւրաքանչիւրին եւ մեր խնդիրն է` ամէն մէկս մեր դիրքում, ամէն մէկս մեր տեղում, ամէն մէկս մեր կարողութիւնների չափով տէր լինել եւ տէր կանգնել այդ հայրենիքին: Սա է հիմնական առաքելութիւնը: Եւ ես ուզում եմ եւս մի կարեւոր հանգամանք նշել. խօսուեց եւ ասուեց, որ բազմաթիւ հայեր իրենց համարում են այս քաղաքական գործընթացի ականատես եւ վկայ: Ցանկանում եմ նշել, որ հայութեան շրջանում չկայ այս պրոցեսի ականատես ու վկայ, որովհետեւ բոլորն այս պրոցեսի լիարժէք մասնակիցն են եւ բոլորն իրենց ուժերի չափով ներդրում ունեն այս յաղթանակի մէջ: Դուք` բոլորդ, այս յաղթանակի համահեղինակներն էք, որովհետեւ անհնար կը լինէր այս յաղթանակն առանց ձեր ահռելի աջակցութեան: Այսօր շատերը, միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թէ ինչպէս կարող էր այն, ինչ տեղի ունեցաւ Հայաստանում, տեղի ունենալ: Նրանք ասում են, որ աշխարհի ոչ մի հետազօտական կենտրոն, ոչ մի վերլուծաբան, չէր կարող կանխատեսել, որ նման բան հնարաւոր է Հայաստանում եւ նրանք խնդրում են բացատրել, թէ ինչպէս դա տեղի ունեցաւ: Դա տեղի ունեցաւ մի պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանում գտնուող հայերի, աշխարհի հայերի 95 եւ աւելի տոկոսը յստակ կանգնեց յեղափոխութեան արժէքների պաշտպանութեան դիրքերում եւ կոռումպացուած իշխանութիւնը պարզապէս հասկացաւ, որ դիմադրութիւնն անիմաստ է, դիմադրութիւն չի կարող լինել եւ ժողովրդի յաղթանակն անխուսափելի է: Ժողովրդի յաղթանակն ու նրա առաջ անվերապահ եւ առանց նախապայմանի կապիտուլեացիան տեղի ունեցաւ, որովհետեւ մեր ժողովուրդը միասնական էր քան երբեւէ: Եւ այս միասնականութիւնը մենք պէտք է շարունակենք օգտագործել որպէս հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետութեանը, Արցախին շարունակական յաղթանակներ բերող վճռական գործօն: Դուք յաղթել էք եւ այդ յաղթանակը երբեք որեւէ մէկը չի կարող խլել ձեր ձեռքերից: Եւ ուրեմն, մօտեցել է ժամանակը, եկել է ժամանակը, որ մենք` բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ Հայաստանի Հանրապետութիւնում, եւ մեր ուսերին կրենք մեր հայրենիքի յետագայ յաղթանակների հզօրացման, բարեկեցութեան եւ երջանկութեան բեռը: Եւ ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամէն օր, ամէն ճաշին խօսել Հայաստանում վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կ’անէք, թէ մէկ տարուց, հինգ, թէ 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամէն օր պէտք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզօրացնելն ու ծաղկեցնելը»: