Իրանի ՄԷջ Տեղի Ունեցած Է Արցախի Թեմայով Միջազգային Խորհրդաժողով

Թեհրանում տեղի է ունեցել տարածաշրջանային զարգացումների վերաբերեալ խորհրդաժողով, որին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից, Իրանից, Լիբանանից եւ Թուրքիայից հրաւիրուած վերլուծաբաններ, քաղաքագէտներ ու պաշտօնեաներ:
Թեհրանի Հայ դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպուած երկօրեայ քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարուել յատկապէս Մերձաւոր Արեւելքում ծաւալուող աշխարհաքաղաքական իրադարձութիւններին եւ դրանց հնարաւոր ազդեցութեանը Արցախի եւ հայ-իրանական յարաբերութիւնների վրայ:
Ինչպէս «Հայերն այսօր»-ին յայտնում են Թեհրանի Հայ դատի յանձնախմբից, խորհրդաժողովին զեկոյցներ են կարդացել ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչութիւնների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսեանը, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծական կենտրոն»-ի տնօրէն Ստեփան Գրիգորեանը, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիյեանը, Լիբանանի Հայ դատի յանձնախմբի անդամ Պետօ Դէմիրճեանը, Ստամբուլի «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը, Իսլամական խորհրդարանի հայ պատգամաւոր Կարէն Խանլարեանը, իրանահայ լրագրող, վերլուծաբան Գրիգոր Ղազարեանը, իրանցի քաղաքագէտներ Իբրահիմ Մոթաղին, Հոսեյն Ահմադին եւ Արցախի հակամարտութեան գծով փորձագէտ Սալար Սեյֆոդինին:
Նրանք խօսել են ինչպէս հայ-իրանական յարաբերութիւնների, այնպէս էլ այդ ֆօնին տարածաշրջանի այլ երկրների` այդ ուղղութեամբ դրական ու բացասական քայլերի մասին:
ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչութիւնների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսեանն անդրադարձել է Քրդստանի անկախութեան հանրաքուէին եւ դրա շուրջ ստեղծուած ճգնաժամին:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծման կենտրոն»-ի ղեկավար Ստեփան Գրիգորեանի հետ խորհրդաժողովի իրանական կողմը քննարկել է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ Հայաստանի յարաբերութիւնների հարցը, հնարաւորութիւններն ու դժուարութիւնները:
Միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայ եւ իրանցի բանախօսների կողմից յատուկ շեշտադրուել է Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական կապերի ակտիւացման կարեւորութիւնը: Նշուել է, որ երկու երկրների բարձրագոյն իշխանութիւնները պէտք է առաւել յաճախ հանդիպեն եւ քննարկեն խնդիրներն ու հնարաւորութիւնները: