«Եւա»ն Ներկայացնելու Է Հայաստանը «Օսկար»ին

ԶԱՐԵՀ ԱՃԷՄԵԱՆ

«Ասպարէզ»-Այս տարի երկու իրանցի կանայք են մասնակցելու «Օսկար»ի Արտասահմանեան ֆիլմերի բաժնում: Առաջինը Նարգէս Աբեարն է՝ իրանական «Նաֆաս» («Շունչ») ֆիլմով, իսկ երկրորդը իրանահայ խոստմնալից կինոռեժիսոր Անահիտ Աբադն է:

«Եւա» ֆիլմը հայ-իրանական միատեղ արտադրութիւն է եւ ներկայացնելու է Հայաստանը «Օսկար»ի Օտարալեզու ֆիլմերի բաժնում:

«Եւա»ն մի կնոջ պատմութիւն է, որ ձգտում է հեռանալ իր կեանքի պատմութեան տխուր իրադարձութիւններից եւ իր աղջկայ հետ ապաստան է գտնում իր բարեկամների տանը՝ Արցախի գիւղերից մէկում, սակայն նրա անցեալը իրեն թոյլ չի տալիս խաղաղուել:

Ֆիլմը համաֆինանսաւորուել է Հայաստայի ազգային կինոկենտրոնի եւ Իրանի «Ֆարաբի» կինոյի հիմնարկի կողմից: Հայաստանի անկախութիւնից յետոյ, սա վեցերորդ «Օսկար»ի թեկնածուն է, որ ներկայացւում է ակադեմիային: Նախորդ առաջադրումներից ոչ մէկը չեն շահել: Անցեալ տարի, Սարիկ Անդրէասեանի հայ-ռուսական «Երկրաշարժ» ֆիլմը, Հայաստանի կինոյի եւ արուեստի ակադեմիայի կողմից մերժուեց, քանի որ նրա անձնակազմի մէջ չկային բաւարար թուով հայեր:

«Եւա»ն պատերազմից յետոյ, աւանդական փոքր հայկական գիւղի կանանց պատմութիւնն է: Եւան, իր ամուսնու ողբերգական մահից յետոյ, իր աղջկայ՝ Նարէի հետ փախել է նրա ազդեցիկ ընտանիքից: Նա ապաստան է գտնում Լեռնային Ղարաբաղի գիւղերից մէկում, որպէս անծանօթ, եւ պարտաւոր է ապրել գիւղի ամէնօրեայ կեանքը, իր ինքնութիւնը քօղարկելու համար:

Նա նախկինում եղել է այս փոքրիկ գիւղում եւ սիրահարուել է, երբ որպէս բժիշկ ապաքինում էր պատերազմի վիրաւորներին: Տարիներ անց վստահ է, որ կարող է վերադառնալ եւ չճանաչուել՝ աշխատելով որպէս ուսուցիչ:

Եւան միակ անձը չէ, որ կեանքի գաղտնիքներ ունի: Այստեղ, նա հանդիպում է մէկ այլ կնոջ, որը ցանկանում է փախչել իր պատերազմական ողբերգութիւնից եւ իր չծնուած երեխային վիժելու միջոցներ է փնտռում, ու այսպէս, երկու կնոջ անցեալն ու ներկան հասնում են միմիանց՝ լուծումներ գտնելով երկուսի ներկայի խնդիրների համար:

Իրանցի հայազգի ռեժիսոր Անահիտ Աբադը, որի ընտանեկան արմատները հասնում են մինչեւ Գանձակ, ծնուել ու ապրել է Թեհրանում: Իր առաջին փորձերը կինոյի աշխարհում սկսել են պատանեկան տարիքից: Անահիտը դեռ 14-15 տարեկանում կինոյի մասին յօդուածներ է գրել Իրանի հայկական «Ալիք» օրաթերթում: Կինոյի հետ աշխատանքային կապը սկսուել է ուսանողութեան շրջանում՝ 1992 թուականից:

Թէեւ «Եւա»ն Անահիտի նկարած առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է Հայաստանում, սակայն Անահիտ Աբադը ճանաչուած դէմք է իրանական կինոյի աշխարհում եւ աշխատել է Իրանի յայտնի ռեժիսորների հետ: Իր ստեղծագործական կեանքում միշտ էլ ներկայ են եղել Հայաստանն ու հայութիւնը: Իր առաջին մասնակցութիւնը եղել է «Տաւարիշ» կինոյի կազմակերպչական գործերին: Աւելի ուշ՝ 1992 թուականին, երբ դեռ ուսանում էր Իրանի կինոյի եւ թատրոնի համալսարանի կինոռեժիսուրայի բաժնում, աշխատել է Ալի Ռեզա Դաւուդնեժադի՝ Հայաստանում նկարահանուող «Զինաթափում» ֆիլմին, իբրեւ երկրորդ ռեժիսոր:

Իրանում մի շարք նախագծերում աշխատել է որպէս երկրորդ ռեժիսոր, տնօրէն եւ արտադրող, նաեւ նկարահանել է վաւերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր՝ հայկական թեմաներով. «Իմ մանկապարտէզը», «Իմ Մանկութիւնը», «Իրանահայերի Դերն Իրանական Կինոյի Պատմութեան Մէջ», «Հին Ջուղան Եւ Ջուղայեցիները» եւ մի շարք այլ վաւերագրականներ: Դրանց յաջորդել են մի քանի լիամետրաժ գեղարուեստական ֆիլմեր, սերեալներ եւ վաւերագրական կինոնախագծեր:

Այն հարցումին, թէ իր ստեղծագործական միտքը Հայաստանո՞ւմ, թէ Իրանում է միս ու արիւն ստանում, նա պատասխանում է. «Երկու տեղում էլ արարում եմ, բայց, անկեղծ ասած, Հայաստանում մի տեսակ աւելի լաւ եմ զգում, մտածում եմ միւս ֆիլմս էլ նկարել այստեղ: Մի խօսքով, նոր սցենար եմ գրում: Անշո՛ւշտ, նոյն կերպ է նաեւ Իրանում: Չէ՞ որ այնտեղ եմ ծնուել, Թեհրանում եմ ապրում: Սակայն, փաստն այն է, որ այստեղ ինձ լաւ եմ զգում, մի բան կայ հոգուս խորքում, որ չեմ հասկանում, թէ ի՛նչ է: Այստեղ միտքս ծաղկում է, երեւակայութիւնս՝ ճախրում»:

«Եւա»ի ամերիկեան պրեմիէրան տեղի ունեցաւ Ասիական համաշխարհային կինոփառատօնում, Նոյեմբերի 2017ին, Կալիֆորնիայի Քալվըր քաղաքի «Արքլայ»չ թատրոնում: «Եւա»ի բեմադրութիւնը միջազգային պաստառներին, անկախ նրանից, թէ ի՛նչ մրցանակների կ՛արժանանայ, լաւագոյն առիթներից է, որով աշխարհը կը ծանօթանայ «հայկական» Արցախի իրականութեան հետ: Մեզ համար իբրեւ ժողովուրդ, հէնց այդքանի համար դափնիների արժանի են Անահիտ Աբադն ու ֆիլմի ողջ անձնակազմը:

Անահիտ Աբադը այս տարի անցել է Արտասահմանեան լաւագոյն ֆիլմերի համար ակադեմիայի մրցանակի անուանակարգի կանանց շարքին, մի շարք, որ այս տարի ներգրաւում է մասնակից ռեժիսորների քսանեօթ տոկոսը:

Scroll Up