Նախագահը Մասնակցած Է Հայաստան-Սփիւռք Համաժողովի Աշխատանքային Խումբի Խորհրդակցութեան

Նախագահ Սերժ Սարգսեան այսօր Հայաստան-սփիւռք 6-րդ համաժողովի ծիրէն ներս մասնակցած է տարբեր ուղղութիւններով թեմատիկ քննարկումներէն մէկուն` Համահայկական խորհուրդի ստեղծման եւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան յետագայ զարգացման հարցերուն նուիրուած աշխատանքային խումբի խորհրդակցութեան: Հանրապետութեան Նախագահը հանդէս  եկած է ելոյթով:

***

Նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը Հայաստան-Սփիւռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցութեանը

Յարգելի՛ գործընկերներ,

Սիրով կրկին ողջունում եմ ձեզ: Այժմ հանդիպել ենք արդէն մի շատ յստակ հարցադրում քննարկելու համար: Այն է` Համահայկական խորհրդի ստեղծումը եւ այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան-Սփիւռք գործակցութեան ապագան:

Ազգային միասնութիւնը, ի հարկէ, շատ կարեւոր նպատակադրում է, որը մշտապէս գտնւում է իւրաքանչիւր ժողովրդի օրակարգում: Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը եւ այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ է ամէն մի ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին արդիւնաւէտ արձագանքելու համար:

Սա յատկապէս կարեւոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռուած են աշխարհով մէկ: Հայերի պարագայում դրա պատճառը եղել է մեր դէմ իրականացուած ցեղասպանութիւնը եւ բռնաճնշումները:
Սփիւռքում ծնուելը, ապրելը եւ գործելը չի եղել այստեղ ներկայ գտնուող մարդկանց նախնիների ազատ ընտրութիւնը: Այն եղել է նրանց հանդէպ իրագործուած պարտադրանքի, բռնութեան, հայրենազրկման ոճրի արդիւնք:

Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնութեան եւ արդիւնաւէտ համագործակցութեան կազմակերպման ձեւի հարցը մշտապէս եղել է օրակարգում: Այն յատկապէս սուր է եղել անկախ պետականութեան բացակայութեան եւ ազգային-պետական ինստիտուտների լիարժէք կայացած չլինելու պատճառով:
Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում եւ սփիւռքում ապրող հայ մտաւորականների համար դա մշտապէս եղել է ամենակարեւոր հարցերից մէկը: Սակայն նաեւ պարզ է, որ աշխարհում տիրող սուր գաղափարական բաժանումը բացարձակապէս չէր կարող նպաստել այդ տեսլականի իրագործմանը:

Այսօր` Հայաստանի անկախութեան պայմաններում, մենք արդէն ունենք կայացած պետականութիւն` աւելի բարենպաստ վիճակում ենք այս եւ նման խնդիրներին անդրադառնալու համար:

Յարգելի՛ գործընկերներ,

Համահայկական միասնութեան եւ կազմակերպական ձեւի հարցի քննարկման, դրա լուծումների փնտռտուքի շատ հարուստ եւ բազմաբնոյթ փորձ ենք կուտակել, որին, կարծում եմ, այստեղ անդրադառնալու կարիքը չկայ: Սակայն անցած ճանապարհից, անշուշտ, կարելի է կատարել մի շարք եզրակացութիւններ:

Առաջին եզրակացութիւնը, իմ կարծիքով, այն է, որ իւրաքանչիւր ժողովրդի ամենակարեւոր եւ ամենակենսունակ ինքնակազմակերպման ձեւը ժամանակակից ազգային պետութիւնն է: Հայաստանն այսօր այդպիսին է` դրան բնորոշ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, որոնք, ի թիւս այլ կարեւոր գործառոյթների` այսօր հաւուր պատշաճի պաշտպանում են մարդու իրաւունքներն ու ազատութիւնները, ազգային-պետական շահերը եւ անվտանգութիւնը:

Այո՛, Հայաստանի պետութիւնը թերեւս կատարեալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու եւ աւելի լաւը դարձնելու համար: Ուստի, ինչ կառոյց էլ ստեղծենք, այն գալու է փոխլրացնելու, զօրաւիգ լինելու Հայաստանի պետականութեանը:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները վկայեցին, որ մեր պետութիւնը պատրաստ է եւ կարող է ստանձնել առաջնորդողի դերը: Աւելին, այդ առաջնորդութիւնը սպասուած էր նաեւ սփիւռքում:
Երկրորդը. ինչ կառոյց էլ ստեղծենք, այն կոչուած չի՛ լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփիւռքում արդէն գոյութիւն ունեցող կազմակերպական կառոյցներին: Այս գործընթացի նպատակը ոչ թէ արդէն աւանդաբար ձեւաւորուած կառոյցների փոխարէն մի նոր կառոյց ստեղծելն է, այլ արդէն գոյութիւն ունեցող կառոյցների, սփիւռքի վառ եւ ճանաչուած անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձեւաւորելը:

Անշուշտ, մենք պէտք է գիտակցենք, որ աշխարհասփիւռ հայ ժողովրդի ամենահզօր ռեսուրսը հայ մարդն է` իր վառ անհատականութեամբ: Աւելին, այդ վառ անհատականութիւններն ապրում են աշխարհի ամենատարբեր պետութիւններում` հանդիսանալով դրանց լիիրաւ եւ նուիրեալ քաղաքացիներ:

Թող ոչ ոք չմտածի, որ հնարաւոր է կամ կարիք կայ ստեղծելու կենտրոնաձիգ, բրգաձեւ ինչ-որ մի համահայկական կազմակերպութիւն: Բնաւ ո՛չ: Դրա կարիքը բացարձակապէս չկայ: Նման հարցադրում կատարելը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ, կարծում եմ, վնասակար է:
Հաշուի առնելով հեռահաղորդակցութեան ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարաւորութիւնը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել ցանցային կառոյց` հիմնուած նորարար մօտեցումների վրայ: Այդ աշխատանքային ցանցում անհրաժեշտ է ապահովել գաղափարների ազատ փոխանակման եւ ընդհանուր ծրագրերի մշակման լաւագոյն հնարաւորութիւնները:

Յարգելի՛ գործընկերներ,

Մենք մօտենում ենք շատ կարեւոր հանգրուանի: 2018 թուականի մայիսին տօնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեայ յոբելեանները: Կարծում եմ, որ դա լինելու է ամենապատեհ եւ խորհրդանշական առիթը վերջնական որոշում ընդունելու համար:

Այսքանը` որպէս այս նիստի ներածութիւն եւ իմ մօտեցումների ընդհանուր ուրուագիծ: Արդէն երկար ժամանակ այս հարցի շուրջ ծաւալուն աշխատանք է կատարում Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը:
այժմ խօսքը փոխանցում եմ Ձեզ, պարո՛ն Յարութիւնեան: Խնդրեմ, ներկայացրէք Ձեր կատարած աշխատանքի արդիւնքները, եւ այդպիսով մեկնարկ տանք մտքերի փոխանակմանն ու քննարկմանը:

Scroll Up