Տպավորություններ Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում տեղի ունեցած համերգներից

Նախ շնորհակալութիւն կ’ուզեմ յայտնել Սփիւռքի նախարարութեանը, որ այսպիսի հրաշալի հնարաւորութիւն է ընձեռած Աւստրալիոյ հայ համայնքին համար այս քանի մը օրերը վայելելու Հայաստանէն եկած իրապէս շատ տաղանդաւոր եւ յայտնի մարդերուն ելոյթները:

Անոնք մեզի գեղագիտական հաճոյք պատճառեցին իրենց ելոյթով, իրենց կատարումով: Իրենց ոգիով Հայաստանէն, հայրենիքէն, հողէն կտրուած մեկ բուռ համայնքին մեծ ոգեւորութիւն պարգեւեցին, հայրենասիրութիւն եւ խինդ արթնցուցին: Անոնք ոչ միայն մեր ազգային երաժշտութիւնը, ազգային երգերը կրցան մատուցել ունկնդիրին, այլեւ ատով մենք դեռ երկար օրեր շարունակելու ենք խանդավառ մնալ:

 

Ավստրալիոյ եւ Նոր Զէլանդիոյ Հայոց  թեմի

առաջնորդ Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաջարեան

 

 

Սփյուռքում թերևս ամեն տեղ հայ եկեղեցին իր առաջնորդող դերն ունի, և այստեղ էլ մենք ունենք մի շատ հրաշալի առաջնորդ Հայկազուն Սրբազանը, որն իր հոգևոր հոտը հովվում է իր իմաստությամբ ու առաջնորդությամբ: Մենք մեր ժողովրդի հոգևոր և ազգային կարիքներն այստեղ փորձում ենք վառ պահել, փորձում ենք հայ մնալ: Բայց որքան էլ որ մեր ջանքը չխնայենք այս գործում, նման փոքրիկ առիթները՝ այցելությունները Հայաստանից, մեզ շունչ են հաղորդում: Ես երբեմն համեմատում եմ սփյուռքահայերին ծաղկի հետ, որ շատ գեղեցիկ է, պոկված է հողից և ուղղակի ծաղկամանի մեջ է դրված, միայն ջրից է սնվում, սակայն նույնը չէ, երբ հողից է սնունդ ստանում: Այնպես որ Հայաստանից ժամանած յուրաքանչյուր արվեստագետ, յուրաքանչյուր հայորդի, որ իր մեջ հայրենասիրոթյուն ունի, իրապես մեզ այդ սնունդն է տալիս մեր մայր հողից, և մեզ համար դա իրապես կյանքի ավյունն է: Շնորհակալություն նորից և միշտ պատրաստ ենք ձեզ գրկաբաց ընդունելու:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր հովիվ

Արժանապատիվ Հայր Ավետիս Համբարձումյան

 

 

Այս գիշեր սրահէն իսկապէս գոհացած մենք մեր տուները վերադարձանք, որովհետեւ ականատես եղանք շատ գեղեցիկ արուեստի: Առ Աստուած գոհացանք՝ թե ինչպէս մեր հայազգի զաւակներուն տաղանդներ տուած է, եւ մեր զաւակներն ալ իրենց տաղանդը կը զարգացնեն եւ շատ գեղեցիկ տեսքով ժողովրդին կը ներկայացնեն: Մենք իրապէս շատ տպաւորուած ենք…մեզի հուզեցաք, մեր մէջ հայկական հոգին շարժեցաք: Ինչ որ ներկայացուեցաւ մեզի իրապէս տպաւորիչ էր եւ շատ-շատ գեղեցիկ:

Անշուշտ շնորհակալութիւն կը յայատնենք Սփիւռքի նախարարութեանը եւ յատուկ շնորհակալութիւն Սփիւռքի նախարարուհի տիկին Հրանոյշ Յակոբեանին, որ այսպիսի ձեռնարկ մը մշակեց եւ մեզի այս վայելքի առիթը տուաւ:

Ավստրալիոյ մէջ  Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ

Վարուժան Իսկէնդէրեան

 

 

 

Իմ մասնաւոր շնորհակալութիւններս կը յայտնեմ տիկին Հրանույշ Յակոբեանը, որ այս միջոցառումը ըրեց մեզի համար: Դուք մեզի ներշնչեցաք, մենք ալ շատ-շատ ուրախ մնացինք ձեր ներկայացումէն եւ ձեր խոսքերէն: Այսպիսի ձեռնարկներ, հանդիպումներ մեզի համար շատ կարեւոր են:

Այս երեք ժամը, իրապէս, ես կատարեալ հաճոյք ստացայ: Բոլոր երգողները եւ նուագողները շատ լաւն էին: Կ՛առաջարկեմ, որ այսպիսի ձեռնարկներ շատ ըլլան:

Շնորհակալութիւն մեր սիրելի երգիչներուն, որ եկան մեր գաղութ եւ իրենց երգով մեզի ուրախութիւն պարգեւեցան:

Շնորհակալութիւն համերգը կազմակերպողներուն, ովքեր ջանասիրութամբ ապահովեցան այսօրուան գեղեցիկ միջոցառումը:

Շնորհակալութիւն Սփիւռքի նախարարութեանը:

Ավստրալիոյ  եւ Նոր Զէլանդիոյ հայոց  թեմի Մելբուռնի

հայ համայնքի հոգեւոր հովիւ Ներսէս աբեղայ  Յարութիւնեան

 

Հայրենիքին երգը, Հայրենիքին կարոտը, Հայրենիքով ապրելը մեր երակներուն մէջ է: Երբեմն պարզապէս պէտք է մենք մեզի ուժ տանք, եւ այսօր այդ ուժը մենք ստացանք մեր սիրելի երգիչներու, երգչուհիներու կատարումներէն: Ասիկա պէտք է շարունակական եւ պարբերաբար ըլլա: Կ՛ուզեի, որ մեզի հիշեն Հայրենիքէն ու գան: Մենք իսկապէս իրենց կարիքն ու կարոտը կը զգանք հոս հրաւիրելու:

Շատ ոգեւորուած եմ եւ միշտ կը սպասենք, որ Հայաստանէն գան:

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի

Մելբուռնի մասնաճիւղի ատենապէտ Աբրահամ Յարութիւնեան

Scroll Up