Իզմիրլեան ընտանիքի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին ազգային բարերարներ, Հայ Եկեղեցու հովանու ներքոյ գործող ,Իզմիրլեանէ բժշկական կենտրոնի հիմնական նուիրատուներ տէր եւ տիկին Տիգրան եւ Հելենայ Իզմիրլեանները, ինչպէս նաեւ Իզմիրլեան ընտանիքի անդամներ եւ «Իզմիրլեան» հիմնադրամի պաշտօնեաներ:
Համայն հայութեան հոգեւոր կենտրոնում Իզմիրլեան ընտանիքը ծանօթացաւ Մայր Աթոռի կողմից իրականացուող կրթայ-դաստիարակչական, քարոզչական, եկեղեցաշինական եւ սոցիալական գործունէութեանը:
Ազնուահոգի բարերարները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդութեամբ այցելեցին նաեւ Մայր Տաճար, Ս. Հրեշտակապետաց եկեղեցի եւ «Ռուբեն Սեւակ» թանգարան, եղան Մայր Աթոռում գործող տարբեր կառոյցներում, իրենց խոնարհումը բերեցին ՀՀ ազգային հերոս, ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ալէք Մանուկեանի եւ նրա կողակից Մարի Մանուկեանի շիրիմին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնութիւնն ու գնահատանքը վերստին բերեց տէր եւ տիկին Տիգրան եւ Հելենայ Իզմիրլեաններին` նրանց եկեղեցասէր եւ ազգանուէր ոգու համար, որի շնորհիւ ի թիւս բազում հայրենաշեն ձեռնարկների, հնարաւոր դարձաւ «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի ազգօգուտ ծրագրի իրագործումը: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ կենտրոնի հիմնանորոգմամբ եւ բարեկարգ պայմանների ստեղծմամբ գործունէութեան նոր սկիզբ դրուեց այս բժշկական հաստատութեան համար, որը բարեսիրական, խնամատար իր գործունէութեամբ կարեւոր տեղ պիտի գրաւի Հայ Եկեղեցու կողմից իրագործուող սոցիալական ծրագրերում:
Իր հերթին տիար Տիգրան Իզմիրլեանը, ուրախութիւն արտայայտելով ի յիշատակ իր ծնողներ Սարգիս եւ Մարի Իզմիրլեանների «Իզմիրլեան» անուանուած բժշկական կենտրոնի բացման առիթով, ցանկութիւն յայտնեց, որ այն դառնայ լաւագոյնը Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում: Տիար Իզմիրլեանը նաեւ պատրաստակամութիւն յայտնեց ըստ ամենայնի զօրակցութիւն բերելու հիւանդանոցի առաքելութեանը, որպէսզի այն շարունակի ծառայել մարմնական տկարութիւն եւ դարմանման կարիք ունեցող անձանց:
Հանդիպումից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ բարերարների ընտանիքն այցելեցին Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայեաններ» հայորդեաց տուն: