«Տայ Աստուած, Որ Այս Հրադադարը Դառնայ Խաղաղութիւն». Հրանոյշ Յակոբեան
«Հայերն այսօրը» կը ներկայացնէ «Իրաւունք» պարբերականի հարցազրոյցը ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հետ:
Պարբերականը նախարար Հրանոյշ Յակոբեանի հետ զրուցած է սփիւռքեան արձագանքներու մասին` կապուած օրեր շարունակ Ատրպէյճանի կողմէ ղարաբաղա-ատրպէյճանական հակամարտ զօրքերու շփման գիծին ողջ երկայնքով ձեռնարկուած լայնածաւալ նախայարձակ գործողութիւններուն հետ, որոնց ընթացքին հրթիռահրետանային արկակոծման ենթարկուեցան ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Հրանոյշ Յակոբեան նախ եւ առաջ ըսաւ, որ ինչպէս Հայաստանի եւ Արցախի մէջ, այնպէս ալ Սփիւռքի մէջ, բոլորը ոտքի կանգնած են:
– Միահամուռ, կազմակերպուած կանգնած են ու պատրաստ տրամադրել եւ՛ ֆիզիկական, եւ՛ նիւթական օգնութիւն, ինչպէս նաեւ եւ՛ բարոյական, եւ՛ քաղաքական ճնշում գործադրել իրենց իշխանութիւնների վրայ` այս ահաւոր ագրեսիան կասեցնելու եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
– Իրավիճակը հաշուի առնելով` արդէն իսկ սփիւռքէն հայրենիք եկողներ կա՞ն:
– ԼՂՀ պաշտպանութեան բանակից յայտարարեցին, որ եղել են մարդիկ, ովքեր եկել են: Ընդհանրապէս, շատ տարածաշրջաններում կամաւորների ցանկեր են գրանցւում: Ուղղակի, մենք խնդրում ենք, որ դեռեւս չգան: Տայ Աստուած, որ այս հրադադարը դառնայ խաղաղութիւն:
– Անդրադառնանք նաեւ այս օրերուն սփիւռքահայերուն կողմէ կազմակերպուած բողոքի ցոյցերուն` տարբեր երկիրներու մէջ Ատրպէյճանի դեսպանատուներուն դիմաց:
– Ասեմ ձեզ, որ արդէն Լոնտոնում է եղել, Վարշաւայում, Ֆրանսիայում եւ նախատեսւում է նաեւ վաղը` Ապրիլի 9-ին: Մեծ ցոյցեր են տեղի ունենալու Լիբանանում, Գանատայում եւ այլ երկրներում: Չեմ կարծում, որ կը գտնուի մի երկիր, որտեղ ցոյցեր, բողոքի ակցիաներ, ստորագրահաւաքներ եւ համապատասխան այլ քայլեր չձեռնարկեն: Մեր հայրենակիցներն այս իրավիճակը համարում են սեփականը ու նոյն ձեւով փորձում են պայքարել:
– Եւս մէկ հարց` կապուած Սուրիայէն Հայաստան եկած մեր հայրենակիցներուն մասին. չէ՞ք կարծեր, որ ճիշդ կ’ըլլար անոնց տալ փախստականի կարգավիճակ` հաշուի առնելով այն, որ միջազգային կառոյցները, օրինակ, Թուրքիային մեծ գումարներ կը բաշխեն` փախստականները պահելու համար:
– Որեւէ ստատուսի խնդիր չկայ, նրանք բոլորն էլ փախստականներ են: Այլ բան է, որ մեր երկրում նրանց քաղաքացիութիւն ենք շնորհում, եւ դա նրանց փրկութեան փաստաթուղթն է: Նրանք ռումբերի պայթիւնի տակ, մահուան ճիրաններում իրենց փաստաթղթերը լրիւ կորցրել են եւ Հայաստան պետութիւնը` որպէս իր հայրենակից, չի կարող սիրիահայերի հետ այլ կերպ վարուել: Այնպէս որ, դրա համար չէ, որ մեզ օգնութիւն քիչ է յատկացւում կամ վատ է յատկացւում, այլ նրա համար, որ մեր երկրում կարողացել ենք շատ համակարգուած կազմակերպել նրանց օգնութիւնը` նրանք աշխատանք ունեն, փողոցում չեն, սոված չեն, անկարող չեն, կրթում են, բժշկական ծառայութիւններից են օգտւում, որը յատուկ չէ միւս փախստականներին: Եւ ես վերջերս եղել եմ Նիւ Եորքում` ՄԱԿ-ի գրասենեակում ու պէտք է ասեմ, որ իրենք ամբողջութեամբ տեղեակ են այն աշխատանքներից, որն անում են տարբեր երկրներ, այդ թւում` նաեւ Հայաստանը` փախստականների հարցում: Աւելին` նրանք ուզում են Հայաստանի կատարած աշխատանքը փախստականների հետ համարել մոդելային եւ ցոյց տալ, թէ ինչպէս կարող է փախստականը գալ եւ օգուտ տալ տուեալ երկրին, ոչ թէ` հակառակը: Շատ երկրներ փախստականների գալը համարում են բացասական երեւոյթ, չեն համարում, որ փախստականների ներուժը օգտագործելով` կարող են օգուտ ստանալ:
Հրանդ Սարաֆեան