Հարցազրոյց «Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն»-Ի Տնօրէնուհի Լինա Հալլաճեանի Հետ
Սիրիահայ գաղութի պատերազմական վիճակը տագնապ է առաջացրել աշխարհի շուրջ բոլոր հայահոծ գաղութներում, նաեւ՝ հայրենիքում: Նիւթական օգնութիւն հասցնելու պարտաւորութիւնը թերեւս հարցի լուծելի մասն է: Կարեւոր խնդիր է արտագաղթողների դասաւորումը իրենց հասած երկրներում, իսկ ամենահիմնական կէտը՝ սիրիահայերի բնակեցումը մայր հայրենիքում:
Մեր զրուցակիցն է Երեւանի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»ի տնօրէնուհի Լինա Հալլաճեանը, ով գտնւում էր Միացեալ Նահանգներում: Ճանաչում էինք Լինային Հալէպից, ուր նա վարում էր աշխոյժ միութենական աշխատանքներ, եւ այդ փորձառութինն էլ հիմք էր հանդիսացել նրան՝ ստանձնելու այսպիսի պատասխանատու յանձնառութիւն, որի մանրամասնութիւնները պարզաբանելու համար դիմեցինք Լինային որոշ հարցերով:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ.- Կ՛ուզէինք իմանալ ձեր կազմակերպութեան մասին:
ԼԻՆԱ ՀԱԼԼԱՃԵԱՆ.- Մեր կենտրոնը հասարակական կազմակերպութիւն է, հիմնադրուած 2012 թուի Հոկտեմբերին, պետական գրանցումով, սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ: Այն անհրաժեշտ էր ստեղծել, երբ հայութեան առաջին մեծ հոսքը եղաւ դէպի Երեւան, սիրիական պատերազմի հետեւանքով, որ սկսուել էր 2011ի Մարտին, Հոմսի մէջ, 2012ի ամրանը անցել դէպի Հալէպ, ուր գտնւում էր Սիրիայի հայկական ամենամեծ համայնքը:
Նախքան պատերազմը ես սիրիահայ համայնքի ներկայացուցիչն էի սփիւռքի նախարարութեան խորհրդատուական կազմի մէջ. նախարարը 14 հայկական համայնքներից ունէր խորհրդականներ՝ կրճատելու պետական գործընթացները կամ գաղութում եղած իրադրութիւնները ներկայացուցիչի միջոցով ուղղակի փոխանցելու համար: Իսկ Հալէպում ունէինք խորհրդատուական կազմ, որ ընտրուած էր 3 համայնքապետերի կողմից: Պատերազմի հետեւանքով յանձնախմբի անդամները Երեւանում էին, օգնում էին սիրիահայերին, իսկ երբ սփիւռքի նախարարութիւնը սկսեց ստանալ նրանց համար կատարուած օգնութիւնները, արդէն առաջացաւ համակարգող կենտրոնը՝ այս անձանց մասնակցութեամբ:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ.- Որպէս յատուկ սիրիահայերին ծառայող կազմակերպութիւն ունէ՞ք որեւէ առանձնայատկութիւն:
ԼԻՆԱ ՀԱԼԼԱՃԵԱՆ.- Ի միջիայլոց, մենք հաշուեհամարը սկսել ենք 0 նիւթականով, իսկ այսօրուայ դրութեամբ կենտրոնը ամենամեծ բազա (հիմք) ունեցող կազմակերպութիւնն է, ունի 9000 շահառու, ովքեր ստացել են օժանդակութիւններ: Համակարգչում ունենք նրանց անունների ցուցակը, երբ եւ ինչի համար են ստացել նպաստներ: Մեր ուղեգրերը, որոնք կ՛ուղղենք կազմակերպութիններին (AAMA, Mission Armenia, ՀԲԸՄ) համապատասխան պահանջով՝ դեղորայք, վիրահատութիւն, տան վարձք եւ այլն, միշտ ընդունուած են, մեր թափանցիկ աշխատելաոճի շնորհիւ շահել ենք վստահութիւն թէ՛ հասարակական, թէ՛ պետական կազմակերպութիւնների մօտ:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ի՞նչ փուլերով է իրականանում ձեր օգնութիւնը:
ԼԻՆԱ ՀԱԼԼԱՃԵԱՆ.- Որպէս կենտրոն մեզ դիմում են ցանկացած հարցով: Հայաստանի կառավարութեան որոշումով 2013ից կազմուեց Միջգերատեսչական յանձնաժողով, որ կազմուած է փոխնախարարների մակարդակով՝ սփիւռքի նախարարի ղեկավարութեամբ: Ամէն ամիս սփիւռքի նախարարութեան մէջ կը կայանայ ժողով, ուր ներկայ կը լինեն նախարարական գերատեսչութիւնների, հայաստանեան եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Այս ժողովին կը ներկայացնենք մեր հարցերը. մահացել է մէկը, եւ դիահերձումը պարտադիր է, սիրիահայը չի ուզում, դրամ չունի, թաղման համար տրուեցին անվճար հողեր Թոխմախի գերեզմանատանը: Մի հիւանդի տարան Սեւանի հոգեբուժարան: Նմանօրինակ բազմաթիւ ե՛ւ անհատական ե՛ւ ընդհանուր հարցեր լուծելու օգտաշատ հարթակ են այս ժողովները:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ.- Կա՞ն այլ ծրագրեր:
ԼԻՆԱ ՀԱԼԼԱՃԵԱՆ.- Այլ ծրագիր է համալսարանական կրթական թոշակների հարցը: Արդէն մանկապարտէզից մինչեւ հանրակրթական աւագ դպրոցի դասարաններ: Սիրիահայերը սովորում են անվճար, նաեւ անվճար են տրւում գրքերը: Պատերազմից ի վեր համալսարանականների 4րդ ուսումնական տարին է ընթանում, որի ընթացքում 400 ուսանող օգտւում է ուսումնական նպաստներից: 2012-13 ուսումնական տարում կառավարութիւնը այդ ծախսերը հոգաց Համահայկական հիմնադրամի միջոցով: 2013-14ին պետութեանը միացան ՀԲԸՄը եւ «Գ. Կիւլպէնկեան» հաստատութիւնը:
Համակարգումը կը կատարուի մեր գրասենեակի միջոցով: Նախքան պատերազմը սիրիացի ուսանողները կը վճարէին օտարերկրացիների նման, իսկ այժմ՝ որպէս Հայաստանի քաղաքացի, նոյնիսկ 50 տոկոս զեղչով՝ որոշ դասարաններ: Այս ծրագրում շատ բարդ է աշխատանքը. պէտք է ընդունել դիմումնագիրը, փոխանցել, հետեւել ուսանողի ուսման ընթացքին: Վճարումը լինում է ըստ եռամսեակի: Այս ծրագրի կարեւորութիւնը միայն նիւթականը չէ, այլ երիտասարդին գիտելիքով զինելն է, սերունդ պատրաստելը:
Ունենք նաեւ շատ կարեւոր մի ոլորտ. Շաբաթ օրերը գրասենեակը փակ լինելու պատճառով, այն յատկացուած է բժշկական խորհրդատուական ծրագրի, ուր անվճար հիմունքներով կ՛աշխատեն սիրիահայ բժիշկներ Մակի Քէշիշեանը, Ժան Պեշլեանը, Կարօ Հաճնլեանը, Գրիգոր Տարագճեանը, Մերուժան Քիրիշեանը, Յակոբ Թամերեանը՝ իրենց համապատասխան մասնագիտութիւններով: Շուրջ 3000 հոգի օգտուած է այս ծառայութիւններից:
Երբ այս ծրագրին տեղեկացաւ բարերար Վահէ Կարապետեանը, մեր նորաբաց կենտրոնին նուիրեց նաեւ երկրորդ յարկը՝ բժշկական ծառայութիւնների համար: Այստեղ առաջացաւ մի նոր հարց՝ ուր կարիք ունենք բժշկական սարքաւորումների:
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ինչպիսի՞ աջակցութիւններ ունեցաք:
ԼԻՆԱ ՀԱԼԼԱՃԵԱՆ.- Մեր կազմում կան համայնքի ներկայացուցիչներ բոլոր կուսակցութիւններից, յարանուանութիւններից, եկեղեցիներից: Հազիւ կազմուած, մեզ ձեռք մեկնեց ՀԲԸՄն՝ տրամադրելով տարածք, 2 հաստիքների աշխատավարձ, մնացեալ բոլոր աշխատակիցները, ներառեալ ես, կամաւորներ ենք: Շատ դժուար էր սկզբնական շրջանում. եղել են դէպքեր, երբ գիշերուայ ժամը 2ին զանգահարել են սիրիահայ հիւանդներ եւ հարցրել. «Ի՞նչ ընենք, ո՞ւր երթանք»: Մեր կենտրոնի ուղեգրերով նրանց կ՛ուղղենք տարբեր կազմակերպութինների՝ համապատասխան պահանջով: Բոլոր վարչական շրջանների պոլիկլինիկաներում (բժշկական կենտրոններում) սիրիահայերը կը ստանան անվճար բժշկական օգնութիւն եւ դեղորայք:
Ունենք աջակցութիւն ծախսալից բուժումների համար (սրտի վիրահատութիւն եւ այլն), որոնց համար դիմում ենք միանգամից մի քանի տեղ՝ Համահայկական հիմնադրամ, ՀԲԸՄ, Աւետարանչական միութիւն, Mission Armenia:
Միջազգային կազմակերպութիններ փորձեցին սիրիահայ փախստականներին վերաբերուել այլ փախստականների նման, սակայն այդ միջոցները մերժեց հայրենի կառավարութիւնը, քանի որ «հայը հայրենի հողի վրայ փախստական չի կարող համարուել»:
Բացի մեր պետական հաստատութիններից աշխատակցում ենք հայաստանեան եւ միջազգային 25 կառոյցների հետ UNHCR, RED CROSS, UNICEF, WORLD VISION, SAVE THE CHILDREN, CARITAS …
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ.- Յարգելի Լինա, ինչպէ՞ս եզրափակենք մեր զրոյցը:
ԼԻՆԱ ՀԱԼԼԱՃԵԱՆ.- Մեր այս բարդ, յոգնեցուցիչ, միեւնոյն ժամանակ հոգեկան հանգստութիւն պատճառող աշխատանքը ունի մի կարեւոր գերխնդիր՝ բնակարանների հարցը սիրիահայերի համար: 2012 թուին ՀԲԸՄը վճարեց 450 ընտանիքի բնակարանների 3 ամսուայ վարձքը, միացեալ ազգերի կազմակերպութեան փախստականների գրասենեակը 2014 թուին վճարեց 650 ընտանիքի բնակավարձ: 2013ի սկզբին կառավարութիւնը 5 հեկտար հող նուիրեց սիրիահայերին բնակարանաշինութեան համար, մշակուեց ծրագիր, ուր 672 ընտանիք ամբողջացրել էր բնակարան ստանալու դիմում, սակայն բաւարար ֆինանսներ չլինելու պատճառով ծրագիրը սառեցուած վիճակում է: Հսկայական տարբերութիւնը աշխատողների շահի եւ բնակարանների վարձքերի միջեւ, մեծապէս խոչընդոտում է ընտանիքների գոյատեւումը հայրենի հողի վրայ:
Սակայն ինչպիսին էլ լինեն դժուարութիւնները, մեր կազմակերպութեան նպատակը ոչ միայն օգնել է սիրիահայերին, այլ՝ կարենալ նրանց հաստատել հայրենիքի մէջ, որպէսզի չմեկնեն օտար երկրներ, շէնացնեն հայրենիքը այն ձեւով, ինչպէս շէնացրին Սիրիան յետ Ցեղասպանութեան տարիներին:
Վարեց՝ ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ասպարէզ