2014-ին Հայաստանի Քաղաքացիութիւն Ստացած է Երէք Հազարէն Աւելի Սուրիահայ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Վիգեն-Սարգսյան.jpg)
2014 թուականին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստացած է 13 հազար 266 մարդ, իսկ քաղաքացիութենէն հրաժարած է 2 հազար 200 անձ: Քաղաքացիութիւն ստացածներէն 3 հազար 613 սուրիահայեր եղած են: «Արմէնփրես»-ի հաղորդմամբ` այս մասին յայտնած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեան Ազգային ժողովին մէջ ՀՀ 2014-ի պետական պիւտճէի կատարման մասին տարեկան հաշուետուութիւնը ներկայացնելու ժամանակ: «Մեզ համար ցանկացած անձի քաղաքացիութիւնից դուրս գալը մտահոգիչ է, բայց դա քաղաքացու իրաւունքն է` սահմանադրութեամբ ամրագրուած: Միշտ լինելու են քաղաքացիներ, որոնք նախընտրելու են այլ երկրի քաղաքացիութիւն ձեռք բերել: Լինում են խառն ամուսնութիւններ, երեխաներ, ովքեր ծնուել են Հայաստանում, այնուհետեւ ծնողների քաղաքացիութիւնը փոխուել է, այժմ էլ նրանք են փոխում»,-ըսած է Վիգէն Սարգսեանը:
Վ. Սարգսեան նշած է, որ այդ թիւերը վերլուծելու ընթացքին պէտք է հաշուի առնել այլ երկիրներու, աւանդական սփիւռքի երկիրներու քաղաքացիութեան վերաբերող օրէնսդրութեան խստացումներն ու մեղմացումները, որոնք ուղղակիօրէն կ՛ազդեն քաղաքացիութիւն ստանալու կամ անկէ հրաժարելու հարցին վրայ: «Քաղաքացիութիւնից դուրս եկածների մեծ մասը Հայաստանում մշտապէս չբնակուող անձինք են, ովքեր իրենց մշտական բնակութեան երկրում քաղաքացիութեան օրէնսդրութեան խստացման արդիւնքում հրաժարուել են հայկական քաղաքացիութիւնից: Նրանց մէջ գրեթէ չկան մարդիկ, ովքեր Հայաստանը լքելով են դուրս գալիս քաղաքացիութիւնից»,- աւելցուցած է Վիգէն Սարգսեան: