ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի շնորհաւորական խօսքը Լիբանանի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանի 85-ամեակին առիթով
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ
ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ
ՄԵԼԱՆՔԹՈՆ ԵՒ ՀԱՅԿ ԱՐՍԼԱՆԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆԻՆ,
ՃԵՄԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ, ԾՆՈՂՆԵՐԻՆ
Մեծ սիրով շնորհաւորում եմ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Լիբանանի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանի սաներին, ուսուցչական կազմին եւ ծնողներին ճեմարանի լուսաւոր 85-ամեակի առթիւ:
Ոչ միայն Լիբանանի, այլեւ ամբողջ Մերձաւոր Արեւելքի հայ ազգային կրթական համակարգի լաւագոյն օջախներից մէկն է հոյակերտ այս դպրոցը, որի հիմնադրման ակունքներում էին լուսառաք եւ տաղանդաւոր ազգային մեծերը` Լեւոն Շանթ, Նիկոլ Աղբալեան, Սիմոն Վրացեան: Դպրոցը, որ, յիրաւի, լիբանանահայ սերունդների ազգային ինքնութեան պահպանման, կրթութեան եւ դաստիարակութեան դարբնոց դարձաւ շնորհիւ նուիրեալ հիմնադիրների ու այսօր շարունակում է սերունդների հայակրթութեան սրբազան գործը:
Արաբական անապատներ քշուած, Ցեղասպանութիւնից մազապուրծ հայերը, մեծ արհաւիրքի սարսափների յիշողութիւնների ծանր բեռով, գոյութեան նուազագոյն պայմանների ստեղծումին զուգընթաց` Մերձաւոր ու Միջին Արեւելքի ժողովուրդների ու իշխանութիւնների մարդկային ու բարեացկամ վերաբեմունքի պայմաններում եկեղեցի ու դպրոց ստեղծեցին` մայրենին պահպանելու, հայ գիրն ու գրականութիւնը, հայ մշակոյթն ու ազգային ինքնութիւնը կորստից փրկելու համար, հայ պահելու համար: Այսպիսի կենսունակ կրթարան դարձաւ Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանը` հաւաստելով հայի կենսունակութեան, ապրել-արարելու անկոտրում կամքի մասին:
Լիբանանի արաբ ժողովրդի ու լիբանանահայութեան համար 20-րդ դարի դժուարին պայմաններում, ճակատագրական հարուածների պայմաններում, բազում փորձութիւններ յաղթահարելով Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանը 85 անգամ հնջեցրել է ուսումնական տարուայ առաջին զանգը, ճանապարհ դրել իր հարիւրաւոր շրջանաւարտներին, որոնցից շատերը դարձել են կրթութեան ու մշակոյթի նշանաւոր գործիչներ, բժիշկներ ու իրաւաբաններ, գործարարներ ու տնտեսագէտներ, ազգային – հասարակական կեանքի երեւելի դէմքեր:
Այսօր էլ դպրոցը շարունակում է ազգաշահ գործունէութիւնը` հաւատարիմ մնալով իր որդեգրած` «Լեզուն մեր ինքնութեան պահապանն է, մեր միասնութեան հիմքը, մեր ինքնապաշտպանութեան կարեւոր վահանը» ճշմարտութեանը:
Ճեմարանը մէկն է սփիւռքեան այն հազուագիւտ դպրոցներից, որոնք ունեն ամենամեծ թուով աշակերտներ, ուր հիմնականում դասաւանդւում են հայագիտական առարկաներ, ուր հայերէնին ու հայ կրթութեանը յատկացւում են աւելի շատ դասաժամեր, հոգատարութիւն: Բոլորովն պատահական չէ, որ «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» համահայկական մրցանակաբաշխութեան «Լաւագոյն հայկական կրթօճախ» մրցոյթում ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից ճեմարանն արժանացել է գլխաւոր մրցանակի:
Յարգելի՛ պարոն Ճինպաշեան, յարգելի՛ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ,
Կրթօճախի բոլոր դպրապետերը, նուիրեալ ուսուցիչները, բոլոր տարիների շրջանաւարտները, դպրոցի 85-ամեայ պատմութեան անխոնջ կերտողներն են: փա՛ռք ու պատիւ՛ բոլորին:
Սիրելի իմ հայրենակիցնե՛ր,
Ձեզ մաղթում եմ անսպառ ուժ եւ կարողութիւն, երբեք չխաթարուող հաւատ վաղուայ օրուայ հանդէպ: 21-րդ դարը մերն է լինելուք:
Յարգանքով`
ՁԵՐ ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ