Աւարտեցին Իրանի Փերիոյ Գաւառի Հայութեան Օրերը Հայաստանի Մէջ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/Untitled-159.jpg)
Օգոստոս 24-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահին մէջ տեղի ունեցաւ «Փերիահայ աշուղներ» համերգ-երեկոն, որ եզրափակեց ՀՀ սփիւռքի նախարարութեան, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհուրդի, Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ իրականացուող Իրանի Փերիոյ գաւառի հայութեան օրեր Հայաստանի մէջ ծրագիրը: Փերիահայ աշուղներու ստեղծագործութիւնները ներկայացուց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր խումբը Թովմաս Պօղոսեանի ղեկավարութեամբ:
ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան իր ելոյթին մէջ մասնաւորապէս ըսաւ. «Փերիահայերի ժառանգները յիշում են Փերիան: Եւ այնքան խորը, այնքան ջինջ, այնքան տպաւորուած են եղել մեր պապերը եւ այնպէս են փոխանցել իրենց սերունդներին, որ դուք յիշում էք ձեր ծննդավայրը, ձեր պապերի ծննդավայրը: Եւ այսօր ուզում էք բոլորին պատմել, որ Իրանում կայ մի գաւառ, որտեղ երեսունից աւելի գիւղեր 400 տարի շարունակ հայկական են եղել: Շնորհակալութիւն բոլորիդ:
Հայոց ցեղասպանութեան 100 –րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորս, ամբողջ հայութիւնը աշխարհին ասում ենք եւ յայտարարում, որ մենք յիշում ենք եւ պահանջում. պահանջում ենք հայ դատի արդարացի լուծում, պահանջում ենք, որպէսզի Թուրքիան ներողութիւն խնդրի, ճանաչի եւ զբաղուի հետեւանքների վերացման հարցերով: Պահանջում ենք, որպէսզի աշխարհում այլեւս ոչ մի տեղ ցեղասպանութիւններ չկրկնուեն: Պահանջում ենք, որպէսզի մեր անհատական, համայնքային ազգային իրաւունքները յարգուեն: Պահանջում ենք:
Օգտուելով առիթից` ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռէյիսիին, Թեհրանի մեր թեմական առաջնորդին` Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանին, որ հովանաւորել է այս ծրագիրը:
Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Թեհրանի Փերիոյ կրթասիրաց միութեանը` ազգային, հայրենանուէր գործունէութեան համար եւ պարգեւատրել ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուոգրով»:
ՀՀ-ի մօտ ԻԻՀ դեսպան Մոհամմատ Ռէյիսիի ողջոյնի խօսքը փոխանցեց ԻԻՀ դեսպանորդ պարոն Զամանին: Ան ՀՀ սփիւռքի նախարարին խնդրեց հաստատել, որ ծրագիրը պիտի ըլլայ շարունակական եւ յաջորդը պիտի ըլլայ Ատրպատականի հայութեան օրեր ծրագիրը: