Թուրքիայի գիտակցված ամնեզիան. The New York Times

Ամերիկյան New York Times պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ իր խմբագրական հոդվածն անվանելով «Թուրքիայի գիտակցված ամնեզիան»: Այս մասին գրում է artsakhpress-ը:

Հեղինակավոր աղբյուրն իր հոդվածի սկզբում նշում է, որ ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը հարգելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածն այժմ լայնորեն ճանաչվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Լայնորեն ասելով՝ պետք է հասկանալ Թուրքիայի սահմաններից դուրս, իսկ Թուրքիայի կառավարությունը և բնակչության մեծամասնությունը շարունակում են հարձակվել բոլոր նրանց վրա, ովքեր խոսում են ցեղասպանությունից»,-իր հոդվածն այսպես է սկսում հեղինակավոր պարբերականը:

«Երբ Հռոմի պապը կիրակի օրը հայ զոհերի հիշատակին պատարագ մատուցեց, Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, իսկ թուրք նախարարներից մեկն էլ ասաց, թե «Արգենտինայում հայկական սփյուռքը կառավարում է մեդիան և բիզնեսը»: Եվ անգամ մինչ Եվրոպայի խորհրդարանը կանցկացներ բանաձև, որով կոչ էր անում Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր, թե «իրենց մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս [նման որոշումները] »:

Թուրքիայի այս գիծն այնքան էլ հաջողված չէ, քանի որ անցյալ տարի պարոն Էրդողանը թվում էր, թե ավելի հաշտվողական բնույթի դիրքորոշում էր որդեգրել՝ ցավակցություն հայտնելով հայ զոհերի ժառանգներին և առաջարկելով պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ պատմությունը քննելու համար: Նման հարթակ չստեղծվեց, և այս շաբաթ պարոն Էրդողանն ասաց, թե «Թուրքիայում անգամ ցեղասպանության ստվեր չկա»:

Հայերի համար, որի սփյուռքի միլիոնավոր ներկայացուցիչներ ապրում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, Ցեղասպանության ճանաչումը երկարատև, միջազգային առաքելություն է:

Մինչ Թուրքիան ընդունում է, թե շատ հայեր են զոհվել, նաև հավելում է, թե այդ ամենը եղել է անտանելի դրվագ անտանելի պատերազմում, սակայն դա, այնուամենայնիվ, ցեղասպանություն չէ: Իսկ այս կերպ արտահայտվելը Թուրքիայում հանցագործություն է՝ «վիրավորել թուրքականություն» անունով:

Պարոն Էրդողանը ճիշտ ուղու վրա էր, երբ անցյալ տարի կոչ էր անում անկախ հարթակ ստեղծել, սակայն դժվար է հասկանալ, թե ինչու է նա այս տարի հրաժարվում այդ ամենից: Որքան երկար են թուրքերը հրաժարվում քննել և հասկանալ այդ պատմությունն ամբողջությամբ, այնքան շատ վնասներ է կրում Թուրքիայի միջազգային դիրքը:

Միացյալ Նահանգները չպետք է հաշտվեն այդ ժխտողական մոտեցման հետ: 2008 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման հայտարարեց, թե «ես, որպես նախագահ, ճանաչելու եմ Հայոց ցեղասպանությունը»: Բայց իր նախնիների պես, նա էլ չցանկացավ նեղացնել ՆԱՏՕ-ի կազմում իր կարևոր դաշնակցին:

Թուրքիայի հետ լավ հարաբերություններն ունենալը կարևոր է, սակայն Միացյալ Նահանգները ևս պետք է միանա Եվրոպային և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ ցույց տալու պարոն Էրդողանին, որ Թուրքիայի համար մեծագույն վտանգը ոչ թե ինչ-որ մեկի կողմից «ցեղասպանություն» եզրի կիրառումն է, այլ 100 տարի առաջ տեղի ունենալը հասկանալուց և գիտակցելուց խուսափելը»,-նշված է New York Times-ի հոդվածում:

Scroll Up