Հայաստանը ուկրաինահայերի սրտերում

Ուկրաինայի հայ համայնքը ակտիվորեն ներգրավված է երկրի ներքին կյանքում, իսկ դրանից զատ առանձնահատուկ սիրով է մասնակցում հայ մշակույթին առնչվող միջոցառումներին։ Վերջերս հայ մշակույթի օրերի միջոցառումների շրջանակներում միջոցառում էր կազմակերպվել Չեռնիգովի մարզային գրադարանում։ Այն վարում էին գրադարանի աշխատակցուհի Վիկտորիա Սոլոնիկովան եւ Ուկրաինայի հայկական համայնքի ներկայացուցիչ Ելիզավետա Ավետիսյանը։
Ինչպես նշեց Ա. Լազարեւսկու անվան պատմության, իրավագիտության, ազգախոսության ինստիտուտի աշխատակից Յուրի Ռուսանովը, տարեցտարի հայկական սփյուռքը Ուկրաինայի տարածաշրջանում հզորանում է։ Պետական կառավարման, մշակույթի եւ զբոսաշրջության, ազգությունների եւ կրոնների բաժնի վարիչի տեղակալ Ալեքսանդր Լեւոչկոն իր ելույթում ընդգծեց, որ չեռնիգովյան հայ համայնքը ամենաակտիվներից է, քանզի մասնակցում է կարեւոր միջոցառումներին, իսկ պետության համար այս դժվարագույն ժամանակներում նաեւ օգնության ձեռք է մեկնում հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում։
Մարզային եւ քաղաքային ղեկավարության կողմից պատվոգրեր ստացան Չեռնիգովի մարզի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ։ Ցուցադրվեցին Ուկրաինայի եւ Չեռնիգովի հայ համայնքների գործունեության մասին պատմող տեսահոլովակներ։ Տեսահոլովակների հիմնական գաղափարն այն էր, որ հայը միշտ պաշտպանում է այն հողը, որտեղ ապրում եւ արարում է։ Նրա սրտում միշտ երկու հայրենիք կա. մեկը եւ ամենասուրբը հայրենի երկիրն է՝ Հայաստանը, իսկ մյուսը՝ հարազատ դարձած Ուկրաինան։
Կիեւից հյուր եկած Դավիթ Մկրտչյանը Ուկրաինայի հայ համայնքի եւ Վիլեն Շատվորյանի կողմից գրքերի յուրահատուկ հավաքածու նվիրեց մարզային գրադարանին՝ հայոց պատմության, մշակույթի, Մեծ եղեռնի թեմաներով։ Մյուս հյուրը՝վաստակավոր ուսուցչուհի Կարինե Թումաղյանը, համոզված է, որ բոլոր հայերի համար, ովքեր ճակատագրի բերումով սփռվել են ամբողջ աշխարհում, կարեւոր է ոչ միայն պատշաճ կերպով ուսանել այդ երկրի լեզուն, այլեւ փայլուն եւ անթերի իմանալ հայերենը։ Ուստի տիկին Կարինեի ջանքերով ստեղծված հայկական կիրակնօրյա դպրոցում դասավանդվում է մայրենի լեզու։
Գրող, Ուկրաինայի միջազգային գրական գեղարվեստական ակադեմիայի նախագահ Սերգեյ Ձյուբան իր ելույթում պատմեց հայ գրչընկերների հետ անկեղծ ընկերության եւ համագործակցության մասին։ Մասնավորապես նշեց, որ ընդամենը մի քանի օր առաջ գրող, թարգմանիչ Գուրգեն Բարենցը եւ բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը արժանացել են Ն.Գոգոլի անվան «Տրիումֆ» միջազգային գրական մրցանակի, որը շատ պատվավոր ամենամյա մրցանակ է Ուկրաինայում։
Հանդիպման ընթացքում եղան այլ ելույթներ, հնչեցին նաեւ հայ եւ ուկրաինացի բանաստեղծների ստեղծագործություններ, ներկաներին հուզեցին հայկական դուդուկի հնչյունները, հայ աղջիկների հեզաճկուն պարը։
Ուկրաինայի եւ Չեռնիգովի հայ համայնքների առաջարկությամբ գրադարանում ստեղծվեց հայկական գրական անկյուն, որտեղ հայոց պատմությանը, գրականությանը, մշակույթին ու արվեստին կարող են ծանոթանալ բոլոր ցանկացողները։

Նաիրա ԴԱՎՈՅԱՆ

Չեռնիգով

 hhpress.am

 

Scroll Up