Իտալական օրաթերթ. Հրեական լոբբին օգնում է Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչմանը
Հրեական լոբբին ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկսել է աջակցել հայկական լոբբիին: Այս մասին գրում է News.am-ը` հղում անելով իտալական «Panorama»-ին:
Թուրքիան առաջին անգամ չէ, որ իր դեսպանին հետ է կանչում՝ «խորհրդակցությունների համար»: Այսպես, 2010 թվականի մարտին Անկարան հետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունեց:
«Հայոց ցեղասպանության թեման միշտ ազդել է բարեկամ և դաշնակից երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Այդ պատճառով մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել են միայն երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Իտալիան:
Հռոմի Պապի հայտարարությունը նախորդեց ոչ միայն Հայոց ցեղասպանության տարելիցին, այլև Թուրքիայում նախանշված խորհրդարանական ընտրություններին (հունիսի 7-ին): Ամրապնդվում է տպավորությունը, որ Բերգոլիոյի պապությունն ավելի ու ավելի «քաղաքական» դառնում:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ամերիկյան դիվանագիտությունը միշտ ձգտել է չսրել Անկարայի հետ հարաբերությունները: Բավական է հայացք նետել Wikyleaks-ի հրապարակումներին՝ հասկանալու համար, թե ինչպիսի խուճապի կմատնվեր Պետքարտուղարությունը, եթե Կոնգրեսը Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդուներ:
1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն կոչելու՝ Միացյալ Նահանգների ցանկացած որոշում, ինչպես 2010 թվականին գրել է ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին, կարող է Թուրքիայում քաղաքական բուռն արձագանք առաջացնել, և «երկկողմ հարաբերություններում հետևանքները, այդ թվում՝ քաղաքական, պաշտպանական և առևտրի ոլորտներում, աղետալի կլինեն»:
304-րդ բանաձևի (Հայոց ցեղասպանության մասին – խմբ.) օգտին քվեարկել չհաջողվեց, այդ թվում՝ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ճնշման արդյունքում: Ներկայացուցիչները պալատը միշտ զգայուն է եղել հայկական լոբբիի գործողությունների հանդեպ, որին վերջերս միացել է նաև հրեականը՝ Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունների վատթարացման պատճառով: Ներկայում բանաձևը, որը նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սպասում է Կոնգրեսի վավերացմանը»: