Թուրքիան կարող է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել Ֆրանցիսկոսի` Հայոց ցեղասպանության մասին խոսքերի պատճառով
Ֆրանցիսկոս Պապի` Հայոց ցեղասպանության մասին արտահայտությանը Թուրքիայի արձագանքը կարող է դառնալ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը, ասել է Անկարայի գլխավոր մուֆտի Մեֆայիլ Հըզլըն։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նախորդ կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, որ Հռոմի պապի հայտարարությունն անպատեհ էր։
«Պապի հայտարարությունը կմոտեցնի Այա Սոֆիայի բացումն աղոթքների համար»,– հինգշաբթի Հըզլըին մեջբերում է Milliyet թերթը։
Հըզլըն ավելացրել է, որ Պապը հապճեպ և միակողմանի հայտարարություն է արել, քանի որ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «ցավ են վերապրել» ոչ միայն հայերը, այլ նաև երկրի մահմեդական բնակչությունը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերին զանգվածաբար սպանելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։