Ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում Թեհրանում ցուցադրվել են հայ աշակերտների ձեռագործ աշխատանքները

Թեհրանի հայոց թեմի կրթական խորհրդի նախաձեռնությամբ, ապրիլի 15-­ի երեկոյան «Նաիրի» սրահում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են հայ շնորհալի աշակերտները:

Ինչպես «Արմենպրես»-­ը տեղեկացավ «Ալիք» օրաթերթից, միջոցառման շրջանակներում այցելուներին ցուցադրվել են աշակերտների ձեռագործ աշխատանքները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկել է Տերունական աղոթքով, որից հետո Ցեղասպանության 100-­րդ տարելիցը ոգեկոչող հանձնախմբի պատասխանատու Կլարա Աղախանյանը հակիրճ ներկայացրել է հանձնախմբի կողմից կրթական ոլորտում և դպրոցներում իրականացված ծրագրերի մասին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Թեհրանի հայոց թեմի բոլոր դպրոցների աշխատանքների մասին տեսանյութ՝ սկսած նախակրթարանում անմոռուկների պատրաստման աշխատանքից մինչև Հայոց ցեղասապնությա 100-­րդ տարելիցի առիթվ կազմակերպված երգի փառատոնը: Ծրագրի ընթացքում ներկաներին իր խոսքն է ուղղել Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Նորայր Մեհրաբեանը, ապա ելույթ է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:

«Այս ամենը վկայում է, որ մեր ժողովուրդը ծնվել է ապրելու համար, և ոչ մեռնելու: Հայ ժողովուրդը հավատարիմ է իր նահատակներին, հավատարիմ է իր քրիստոնեական հավատքին և հավատարիմ է իր պայքարին»,­նշել է նա: Միջոցառմանը ներկա են եղել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Գառնիկ Բադալյանը, ազգային մարմինների, հայոց դպրոցների, հայ տեսուչների, փոխտեսուչների, ուսուցիչների և ծնողական խորհուրդների ներկայացուցիչներ:

Scroll Up