Վրաստանի խորհրդարանի պատգամավորը կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը

Ախալքալաքցի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում կոչ է արել ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

 Պատգամավորը հայտարարել է, որ կատարվածը ճանաչելն անհրաժեշտ է հետագայում նման հանցագործությունները կանխելու համար, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

«Հարցը պատմական նշանակություն ունի։  Մենք, անկախ նրանից, հայ ենք, թե ոչ, Վրաստանի քաղաքացիներ ենք։  Մենք նույն պետության զավակներն ենք եւ պետք է խաղաղ ու միասնական ապրենք։  Այդ պատճառով կարեւոր է, որ պատմական դեպքերը ճիշտ գնահատական ստանան։  Ես հույս ունեմ, որ Թուրքիան եւ Հայաստանը ընդհանուր լեզու կգտնեն՝ հանուն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության։  Հենց այդ պատճառով էլ պատմության ադեկվատ գնահատականը կարեւոր է։  Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, մինչ օրս հայ ժողովրդի մեծ ողբերգությունն է։  Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի շարք միջազգային կազմակերպություններ՝ Եվրամիությունը, Եվրոախորհուրդը եւ մի բազմաթիվ երկրներ։ Ես վստահ եմ, որ եթե ժամանակին մենք դատապարտեինք Հայոց ցեղասպանությունը, նման ողբերգություններ չէին կատարվի աշխարհի ոչ մի այլ ազգի հանդեպ։ Կոչ եմ անում բոլոր ժողովրդավարական երկրներին, որտեղ դեռ այդ փաստը չի դատապարտվել, ճանաչել դա հետագայում նման հանցագործությունները կանխելու  համար»,- հայտարարել է Սամվել Պետրոսյանը։

Scroll Up