Բրազիլական մամուլն անդրադարձել է Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագին

Բրազիլիայի գրեթե բոլոր ԶԼՄ- ներն ապրիլի 13­-ին մանրամասնորեն անդրադարձել են Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ բոլոր լրատվամիջոցներն ընդգծել են այն փաստը, որ հայերի նկատմամբ Թուրքիայի կողմից կատարված աննախադեպ բռնություններն ու ջարդերը պատարագի ժամանակ Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» որակելն առաջացրել է Թուրքիայի աննախադեպ զայրույթը:

Բրազիլիայի ամենաազդեցիկ օրաթերթերը` «Կոհեո Բրազիլսենսե»­-ն, «Ֆոլյա դե Սան Պաուլո»­-ն և «Էստադո դե Սան Պաուլո»­ն, իրենց միջազգային լրատվության բաժինները գրեթե ամբողջովին նվիրել են այս խնդրին: Տեղեկացնելով ընթերցողին Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի ոգեկոչման առթիվ Վատիկանում կայացած պատարագի մանրամասների վերաբերյալ` լրագրողները վկայակոչել են Հռոմի պապի տրված գնահատականը, որ Հայոց ցեղասպանությունը 20­րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որն ուղղակի անդրադարձել է հայերի` աշխարհի առաջին քրիստոնյաների, կաթոլիկ և ողղափառ սիրիացիների, ասորիների, քաղդեացիների և հույների վրա: Օրաթերթերը Վատիկանից տրված ռեպորտաժը հավելել են նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական համառոտ ակնարկներով:

Scroll Up