Արա Պապյանի նամակը՝ Ուելսի արքայազնին. Թուրքերը Ձեզ որպես գործիք են օգտագործում
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, մասնակցելով թուրքական իշխանությունների կազմակերպած թատերախաղին, Դուք ոչ միայն չեք հարգի Գալիպոլիում զոհված բրիտանահպատակների հիշատակը, այլեւ կանարգեք նրանց: Այս մասին Ուելսի արքայազն Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջին ուղղված բաց նամակում նշել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, նախկին դեսպան Արա Պապյանը:
Նա իր բաց նամակում, մասնավորապես, ասում է.
«Ուելսի արքայազն, Ձերդ վսեմություն,
Անվիճելի իրողություն է, որ արքաների ու արքայազների կյանքը լեցուն է պարտականություններով: Սեփական երկրի հպատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելը, վստահաբար, այդ պարտականություններից ամենաարժանավորներից է: Ըստ այդմ, Ձեր եւ արքայազն Հարրի ս.թ. ապրիլի 24-25-ին նախատեսված այցը Ստամբուլ եւ մասնակցությունը Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի առիթով այդ ճակատամարտի գրեթե 35 հազար բիտանահպատակ զոհերի հիշատակի արարողությանը՝ միանգամայն հասկանալի է:
Սակայն հարցն այդքան էլ պարզունակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Գալիպոլիի, կամ թուրքական տարբերակով՝ Չանաքկալեի ռազմական գործողությունները սկսվել են 1915թ. մարտի 18-ին: Հետեւաբար, Թուրքիայում իրավացիորեն այն ավանդաբար ոգեկոչվել է մարտի 18-ին: Արդյո՞ք չեք մտածել, ինչու՞ հենց այս տարի թուրքերն այն նշում են ապրիլի 24-ին: Չէ որ ապրիլի 24-ին ոչ մի նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել Գալիպոլիի ճակատամարտում:
Թուրքական իշխանությունների կողմից տոնացույցի այս փոփոխությունը (Չանաքալեի տոնակատարության նշումը ավանդաբար մարտի 18-ի փոխարեն ապրիլի 24-ին) ունի զուտ մի նպատակ՝ ստվերել, եթե կուզեք, մինչեւ իսկ ծանակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մշտապես, առանց բացառության, նշվել եւ նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին:
Ձերդ վսեմություն,
Կատարելով նման օրացուցային փոփոխություն`թուրքական իշխանությունները Ձեզ որպես գործիք են օգտագործում իրենց քարոզչական կեղտոտ խաղի մեջ: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, մասնակցելով թուրքական իշխանությունների կազմակերպած թատերախաղին, Դուք ոչ միայն չեք հարգի Գալիպոլիում զոհված բրիտանահպատակների հիշատակը, այլեւ կանարգեք նրանց եւ անանց բիծ կդնեք բրիտանական գահի ու Ձեր երջանկահիշատակ նախորդի՝ Ջորջ V-ի հիշատակի վրա: Չէ որ օսմանյան լծից հայ ժողովրդի ազատագրումը եղել է Առաջին աշխարհամարտի մեջ մտնելու Բրիտանական կայսրության՝ նրա միապետի ու կառավարության, հիմնական պատճառներից եւ պաշտոնապես հայտարարված նպատակներից մեկը:
Գոնե հիմա մի պղծեք նաեւ հայերի ազատության համար զոհված Ձեր զինվորների ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արքաների ժառանգներին վայել չէ ստատիստի դերը ուրիշի խաղի մեջ:
Ձերդ վսեմություն,
Եթե Բրիտանական կայսրությունը 19-րդ դարում մի քանի անգամ կանխած չլիներ Օսմանյան կայսրության տրոհումը, ապա հայերը չէին ենթարկվի ցեղասպանության ու երջանիկ կապրեին իրենց հազարամյա հայրենիքի մեջ ու ամեն ապրիլի 24-ին չէին մորմոքի իրենց կորուստը: Եթե Դուք Ստամբուլում պիտի մասնակցեք ապրիլի 25-ի լուսաբացի հիշատակի արարողությանը, ապա Ձեր պարտքն է դրան նախորդ օրը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:
Իմիջիայլոց, Երեւանից Ստամբուլ թռիչքը, հաշվի առնելով երկժամյա տարբերությունը նշյալ քաղաքների միջեւ, Ձեզանից կպահանջի ընդամենը 3 ժամ 40 րոպե: