«Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի»․ Միջոցառում՝ նվիրված Ավետման տոնին

Ապրիլի 12-ին «Հայորդյաց տան» Արմինե Իջյանի դասարանի սաները ներկայացան «Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի» խորագրով միջոցառմամբ՝ նվիրված Ավետման տոնին, այս մասին Մոսկվայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Արմինե Կարեյանը։ Միջոցառման շրջանակներում սաները պատրաստել էին համանուն ստենդ, որտեղ ներկայացված էին հայոց պատմության ընթացքում նշանակալի ավանդ ունեցած տիկնայք։

Երեկոն մեկնարկեց «կինտոյի» մուտքով, ով շնորհավորեց և ծաղիկներ նվիրեց ներկա կանանց։ Իսկ կրթօջախի ավագ սաներն իրենց սերն ու գնահատանքն արտահայտեցին մայրերին՝ երգերի, պարերի և ասմունքի տեսքով։

Արմինե Իջյանը Մայրության և գեղեցկության տոնը ամբողջական էր դարձել ծաղիկների միջոցով․ համարները ներկայացնելուց հետո սաներն իրենց ձեռքի ծաղիկները նվիրում էին դահլիճում ներկա կանանց։

Միջոցառումը հագեցած էր պարերով, որոնք ներկայացրեցին Արփինե Ամիրյանի ղեկավարած «Հայասա» և Մարգարիտա Գրիգորյանի ղեկավարած «Վարդավառ» համույթների պարողները։

Երեկոն հագեցած և հետաքրքրական էր նաև նրանով, որ միջոցառման մեջ ընդգրկված փոքրիկ սաները փայլեցին իրենց տաղանդներով։ Գոռ Ամիրյանը ջութակով երաժշտական համար նվիրեց ներկաներին, իսկ Յուրի Պապյանը երգ նվիրեց մայրերին․ նրան դաշնամուրով նվագակցում էր մայրը։ Լենա Բեգլարյանի ղեկավարած երգչախմբերի սաները միմիայն կրկնապատկեցին հանդիսատեսի ոգևորությունը։

Բացի փոքրիկների երաժշտական համարներից, Արմինե Իջյանը հանդիսատեսի համար այլ անակնկալներ էլ էր պատրաստել։ Իրենց կատարումներով հանդիսատեսի հիացմունքին արժանացան կրթօջախի՝ ժողգործիքներ նվագող սաները, ովքեր քանոնահարուհի Իսկուհի Կարապետյանի ուղեկցությամբ վերջին մի քանի ամսում մասնակցել էին Մոսկվայում անցկացվող մի շարք երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել գլխավոր մրցանակների. նրանց նվագակցում էր դաշնակահարուհի Արուսյակ Պապիկյանը։

Միջոցառման ավարտին «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը, դիմելով ներկաներին, ասաց․ «Փառք և գոհություն Բարձրյալին, որ մեր ժողովրդին շնորհել է այսպիսի հրաշք զավակներ, այսպիսի հրաշք մայրեր։ Ամեն ինչ անկրկնելի էր՝ թե երաժշտական համարները, թե ասմունքը, թե պարը, ինչի համար շնորհակալ ենք Արմինե Իջյանին, մեր մյուս մանկավարժներին և իհարկե սաներին, քանի որ, եթե նրանց տաղանդը չլիներ՝ միջոցառումն այսքան գեղեցիկ և հագեցած չէր լինի։ Թող Աստված օրհնի ամենքիդ»։

Ավետման տոն Ավետման տոն1 Ավետման տոն2 Ավետման տոն4 Ավետման տոն5Ավետման տոն 3

Scroll Up