Բոստոնահայերը լիահույս են` Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ողջ աշխարհը կճանաչի այն

Բոստոնի հայերը հույս ունեն, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

«Արմենպրես»­-ի փոխանցմամբ` ամերիկյան Boston Globe-­ը զրուցել է քաղաքի հայ բնակիչների հետ` պարզելու նրանց վերաբերմունքը ապրիլի 12­ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատմական իրադարձությանը, որի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը 1915 թվականի հայերի ցեղասպանությունն անվանեց «20-­րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Սա մեր պահն է: Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցը մեր վերջին իրական ջանքն է, որ մարդիկ ընդունեն և հասկանան տեղի ունեցածը»,­ ասել է 75­ամյա Նենսի Քասարջյանը: Boston Globe­ը հատնում է, որ Ֆրանցիսկոս պապի խոսքերը հուզել են շատերին և ուրախության արցունքներ պարգևել:

«Մենք շնորհակալ ենք, որ վերջապես համաշխարհային կարևոր առաջնորդներից մեկը` բարձրագույն կրոնական առաջնորդը, ճանաչեց ցեղասպանությունը»,­ ասել է Ուոթերթաունի հայկական տարրական դպրոցի տնօրեն Հուռի Բոյամյանը, ում համար Հայոց ցեղասպանութան ճանաչումը անձնական նշանակություն ունի: Նրա հայրը 5 տարեկան է եղել, երբ թուրքական զորքերը 1915-­ին ներխուժել են Գյուրին գյուղը և առևանգել նրանց, իսկ ընտանիքի անդամները մահացել են Սիրիայի անապատի համակենտրոնացման ճամբարներում: Փոքրիկ Բոյամյանին առևանգիչները տարել են թուրքական ճամբար և փորձել թրքացնել: Նա փրկվել է միայն մարդասիրական օգնություն ցույց տվող ամերիկացների շնորհիվ:

«Այս քայլը ցույց է տալիս, որ [Ֆրանցիսկոս պապը] մարդու իրավունքների ջատագով է: Դա մեծ հույս է տալիս մեզ: Մենք հույս ունենք, որ ամբողջ աշխարհը կընդունի սա որպես ցեղասպանություն և այդ կերպ մենք գուցե կարողանանք կանխել ապագա ցեղասպանությունները»,­ ասել է Հուռի Բոյամյանը: Նյու Յորք քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ, սրաբազան Օշական Չոլոյանն իր հերթին նշել է. «Մենք` որպես քրիստոնյա, հավատում ենք, որ ճշմարտությունը կազատի մեզ: Սա վերաբերում է նաև մեր կառավարությանը»:

Իսկ Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի ոգեկոչման Մասաչուսթեսի հանձնախմբի համանախագահ Անտոնի Պարսամյանը, ով Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ եղել է Հռոմում, այդ պահը «ազդեցիկ» է անվանել: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12­-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված պատարագ, որը մատուցում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Դա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ էր մատուցում՝ հիշատակելով Ցեղասպանությունը: Հռոմի պապի խոսքով` մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել:

«Առաջինը ընդհանուր ձևով սահմանվում է որպես 20­րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն են: Թվում է թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն թափելուց, թվում է, թե մարդկային ընտանիքը մերժում է սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է: Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշում ենք խոցված սրտով, այդ անսահման խենթ ողբերգության 100-­ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը:

Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,­ ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-­ը, ասել է Հռոմի Ֆրանցիկոս պապը: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX­-ը: Պատարագը նախաձեռնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Scroll Up