Սրբոց Թարգմանչաց հայրերի՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի տօնի առթիւ ուխտագնացութիւն՝ դէպի Արաք

Ուխտագնացութիւնները ժողովրդի ծոցից առաջացող՝ խոր հաւատքի, սիրոյ, յարգանքի ամենաբիւրեղ արտայայտութիւններից են, որոնց միջոցով հաւատացեալը որպէս Զինւորեալ Եկեղեցու անդամ՝ իր հոգեկան կապի անքակտելիութիւնն ու միութիւնն է վկայում Յաղթական Եկեղեցու հետ, այսինքն՝ այն սուրբերին եւ արդարներին, որոնք իրենց երկրաւոր կեանքի ընթացքում իրենց հաւատքի պատերազմը պատերազմելով մինչեւ վերջ՝ Քրիստոսի հաւատքը պահեցին եւ յաղթանակի պսակը իրենց գլխին՝ փոխադրւեցին դէպի յաւիտենականութիւն։

Ուխտագնացութիւնների նպատակներից է նաեւ մեր հաւատքի վկայութիւնը գործնականապէս արտայայտել՝ յիշեալ սուրբի բարեխօսութեանը դիմելով եւ նրա օգնութիւնը խնդրելով ա՛յն հարցերի եւ դժւարութիւնների կապակցութեամբ, որոնցից նեղւում եւ տառապում ենք, որպէսզի Աստծու մօտ բարեխօսելով՝ նրա շնորհիւ արժանանանք Աստծու ողորմութեան։

Առաւել եւս՝ ուխտագնացութեան կարեւորագոյն նպատակը Աստծու խոստումին անսալով՝ նրա իրականացումը տեսնելն է մեր ողջ կեանքում, որի գծով մեր Տէրն ասում է. «Ով ինձ մօտ կը գայ՝ չեմ մերժի նրան» (Յհ. 6.37)։

Այս տարի էլ, Աստծու շնորհիւ, ինչպէս նախորդ տարիներում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ ու նախագահութեամբ եւ կազմակերպութեամբ Արաքի հայոց Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան, տեղի ունեցաւ մեր Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի տօնի ուխտագնացութիւնը։

Հայ Եկեղեցին մեծ շուքով պատւում է իր սուրբերին, յատկապէս՝ այս պարագայում Սուրբ Սահակին եւ Սուրբ Մեսրոպին, քաջ գիտակցելով՝ անմահացնում է յիշատակը նրանց կատարածի, ինչպէս նաեւ նրանց զոհողութեան եւ ստեղծագործութեան ունեցած ճակատագրական-կենսական դերակատարութեան եւ արդիւնքի՝ մեր ողջ կեանքի, ապագայի եւ լինելութեան պարագայում։

Հայաստան աշխարհը քաղաքականօրէն ջլատւած լինելով՝ կորցրել էր իր կացութեան զօրութիւնը եւ որոշապէս վտանգի էր ենթարկւած։ Միւս կողմից՝ եթէ եկեղեցին էլ իր յատուկ գիրն ու գրականութիւնը չունենար, երբեք չէր կարողանայ որպէս ինքնուրոյն եկեղեցի՝ իր գոյութիւնն ապահովել։ Սա ոչ պարզապէս որպէս կառոյց, այլ՝ որպէս ողջ ժողովուրդ, որի հետեւանքով՝ կը ձուլւէր ու կընկղմւէր որեւէ եկեղեցու մէջ, ում լեզուն կամ գիրը իր համար գործնական պիտի լինէր։ Ինչպէս հայրերից մէկն է ասել, որեւիցէ հանրային մարմին հնարաւորութիւն չունի լոկ իղձերի եւ զգացումների ուժով իր կեանքն ապահովել։ Կեանքը մի զգալի եւ արտաքին բան է եւ մի զգալի եւ արտաքին ուժ էլ պիտի գայ նրան ամուր եւ պինդ պահելու համար։ Ուստի՝ քաղաքական դիմագիծը կորցրած հայը եթէ չունենար իր գիրն ու գրականութիւնը, որը որպէս խարիսխ եւ հաստատութեան հիմն՝ նրա ապաւէնը եղաւ իր ալեկոծեալ կեանքում, այսօր հազիւ թէ հայ ազգի յիշատակը մնացած լինէր, ինչպէս իզուր են փնտրում՝ մարերի, ասորեստանցիների, բաբելացիների եւ շատ-շատերի հետքերը։

Մեր Սուրբ Թարգմանչաց հայրերը խորաթափանց տեսութեամբ նկատեցին այդ սպառնացող կորուստը եւ յատկապէս՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ինքը մարգարէական ոգով զգաց ապագայի ապահովութեան կարիքը եւ դա իր սրտում որպէս բոցավառ կրակ՝ մղիչ զօրութիւնը հանդիսացաւ երկնելու եւ ծնելու՝ յօրինելու մեր գիրն ու գրականութիւնը եւ դրանցով էլ, Աստծու շնորհիւ, մեր ազգի ապագան։
Հինգշաբթի, յունիսի 20-ի առաւօտեան դէպի Արաք ուխտագնացութեան՝ Սրբազան Հօրն ընկերակցում էին՝ նրա օգնական Տ. Մակար վրդ. Աշգարեանը եւ շրջանի այցելու հոգեւոր հովիւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը։

Այս տարի մեծահասակ ուխտաւորներից բացի, որպէս երիտասարդ ուխտաւորներ, ուխտագնացութեանը մասնակցում էին նաեւ Թեհրանի Կիրակնօրեայ դպրոցների աւագ դասարանների աշակերտները՝ իրենց պատասխանատուներով միասին։

Արաքի մուտքում Սրբազան Հայրը դիմաւորւեց տեղի Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան դիւանի կողմից: Նրանք միասնաբար ուղղւեցին քաղաքի Ս. Մեսրոպ եկեղեցի, որտեղ Սրբազան Հայրը կատարեց կանոնական աղօթքը։ Աղօթքից յետոյ՝ եկեղեցու բակում Սրբազան Հայրն իր ընկերակիցներով պտղասեղանի շուրջ մի գողտրիկ հանդիպում-զրոյց ունեցաւ ներկաների եւ ուխտագնացութիւնը կազմակերպողների հետ։

Ճաշից յետոյ, Եկեղեցա-դպրոցական խորհրդի անդամների հետ միասին, Սրբազան Հայրն իր ընկերակիցներով այցելեց Քալաւա գիւղի Ս. Յակոբ եկեղեցին, որից յետոյ այցելեց Ազնա գիւղի հայկական գերեզմանատունը։ Դրանից յետոյ՝ շարժւեցին դէպի Սաւանա, ուր հանդիպեցին Կիրակնօրեայ դպրոցների աշակերտներին եւ պատասխանատուներին, որոնց հետ լեռան լանջին, ջրառատ եւ կանաչազարդ զբօսայգում, մտերմիկ ժամանակ անցկացրին։ Սաւանայից յետոյ՝ նրանք ուղղւեցին դէպի Աբբասաբադ գիւղը, որը թէեւ քառորդ դար առաջ հայկական գիւղ լինելով՝ հայկականութիւն էր բուրում ու շնչում, բայց, ցաւօք, այսօր ամբողջութեամբ հայաթափւած վիճակում է՝ նման բազմաթիւ այլ քաղաքների եւ գիւղերի։ Սրբազան Հայրը խոր յուզումով այցելեց այդ գիւղի խոնարհւած եկեղեցին եւ դպրոցը, ինչպէս նաեւ՝ գերեզմանատունը, ուր թաղւած հայ ննջեցեալների հոգիների հանգստութեան համար աղօթք բարձրացրեց։ Աբբասաբադից Արաք վերադառնալով՝ կատարւեց երեկոյեան ժամերգութիւն։ Սրբազան Հայրն իր քարոզի մէջ յատուկ կերպով անդրադարձաւ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի եկեղեցական ու ազգային տօնի զոյգիմաստ կապակցութեանը եւ օրւայ աւետարանական հատւածի միջոցով լոյս սփռեց, թէ այսօրւայ մարտահրաւէրների դիմաց ինչպէս պէտք է ապրենք մեր կեանքը եւ աւելին՝ դիմակայենք մեր դիմաց ցցւող եւ յարուցւող դժւարութիւններին, նեղութիւններին, տառապանքներին եւ փորձութիւններին։ Նա շեշտեց նաեւ, որ ինչո՛ւ հաւատացեալը չպէտք է վախենայ ընդհանրապէս իր կեանքում, որովհետեւ մեր բոլորի Երկնաւոր Հայրը մեր առաջ յստակ կերպով պարզել է իսկական յաւիտենական կեանքն ու նրա անկորնչելի արժէքը եւ թէ ինչպէս Նա միշտ հոգատար է Իրեն ապաւինողների հանդէպ. քաջալերեց ներկաներին, որ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի օրինակով կարողանան իրենց կեանքն արժեւորել՝ այն որպէս օրհնութիւն ուրիշին ծառայեցնելով։

Ուրբաթ, յունիսի 21-ի առաւօտեան ժամը 9-ին նոյնանուն եկեղեցում կատարւեց գիշերային ու առաւօտեան ժամերգութիւն, որին յաջորդեց սուրբ եւ անմահ պատարագը, որը հանսդիսաւորապէս մատուցեց Թեհրանի հայոց թեմի բազմերախտ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ առընթերակայութեամբ Տ. Մակար վրդ. Աշգարեանի եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի։ Պատարագի երգեցողութիւնը կատարեց ուխտագնացութիւնների համար կեանքի կոչւած երգեցիկ խումբը։

Ուխտաւորների խուռներամ բազմութիւնը խոր յարգանքով ու երկիւղածութեամբ հետեւում եւ մասնակցում էր սուրբ պատարագին։ Ս. Խորհրդի արարողութեանը ներկայ էին նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի նորընտիր անդամ Վարդան Վարդանեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ Նորայր Արամեանը եւ Իրանի Հայ արհեստաւորների միութեան վարչութիւնը, ինչպէս նաեւ՝ Փերիոյ Կրթասիրաց եւ «Անահիտ» միութիւնների անդամները։

Սրբազան Հայրն իր քարոզի մէջ անդրադառնալով Ս. Թարգմանչաց հայրերի տօնից ճառագայթող խորհրդի եւ յատկապէս նրանց անձի, նկարագրի եւ էութեան խորքից առաջացող անգնահատելի զօրութեանը, խորաթափանց տեսութեան, սիրոյն եւ մարդկային բարոյական բարձրագոյն արժէքներին, օրւայ աստւածաշնչական բնաբանից մեկնելով, յիշեցրեց, որ նրանք ո՛չ միայն սերմնացանի օրինակին նմանւելով՝ բարի սերմեր սերմանեցին, այլեւ իրենք իրենց կեանքով, գործով ու զոհողութեամբ այդ կենսաբաշխ սերմնահատիկի հետ միախառնւելով՝ հայկական կեանքում արդիւնաբերեցին մէկի տեղ երեսուն, վաթսուն կամ հարիւրպատիկով։

Սրբազան Հայրն իր քարոզի մէջ շեշտեց նաեւ շուրջ մէկ դար առաջ Արաքում եւ շրջակայ գաւառներում եկեղեցական, ազգային եւ մշակութային աշխատանք ծաւալած մի հոգեւորականի մասին՝ յանձինս հոգելոյս Տ. Խորէն վրդ. Տէր-Վարդանեանի՝ վեր հանելով նրա եկեղեցական եւ ազգային մարդու յատկանիշերը, յիշեցնելով, որ դեռեւս 100 տարի առաջ նա մարմնաւորապէս գոյութիւն ունէր, բայց այսօր թէեւ որպէս այդպիսին՝ չկայ, սակայն շատ աւելի ուժեղ ու ցայտուն կերպով նրա հաւատքի արտայայտութիւնը հանդիսացող գործերը, որպէս արձագանգող ու շնչող կոթողներ, վկայում են ու բաբախում։

Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի՝ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի Տէր հանգուցեալ վարդապետի հոգու համար։

Եկեղեցական արարողութիւնից յետոյ՝ Արաքի հայոց Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը ճաշով պատւեց Սրբազան Հօրը եւ նրա ընկերակիցներին ու հիւրերին, որի ընթացքում փոխանակւեցին տօնի առիթով բարիգալստեան խօսքեր ու բարեմաղթանքներ, ասւեցին բաժակաճառեր եւ կատարւեցին երգեր ու ասմունքներ։ Աւարտին Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքը փոխանցեց տեղի Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան բոլոր անդամներին՝ նրանց սիրալիր ու անկեղծ ընդունելութեան, ինչպէս նաեւ՝ ուխտագնացութիւնը կազմակերպողներին՝ իրենց աշխատանքը լաւապէս իրականացնելու համար: Նա իր քաջալերական ու հայրական խօսքն ուղղեց նաեւ արաքաբնակ հայորդիներին եւ վերջապէս բոլոր ուխտաւորներին ու մասնակցողներին՝ հայցելով օրւայ սուրբերի կենդանի ընկերակցութիւնը՝ իրենց կեանքի ամբողջ ընթացքում։

Երեկոյեան ուրախ եւ գոհունակ սրտով բոլոր ուխտաւորները հրաժեշտ տալով արաքահայութեանը՝ վերադարձան Թեհրան։

Թ. Հ. Թ. Քրիստոնէական
դաստիարակութեան բաժանմունք

alikonline.ir

130702d01a  130702d01b

130702d01d

Scroll Up