Ֆրանսիական ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձել են Հայոց ցեղասպանությունը հրապարակային կերպով ճանաչելու Ֆրանցիսկոս պապի քայլին
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին լայնորեն անդրարձել է նաև ֆրանսիական մամուլը: Մասնավորապես, Libération-ը նշել է, որ Հռոմի Ֆրանցիկոս պապը պատարագի ժամանակ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը, «ինչը ռիսկային էր և կարող է լրջորեն խաթարել Վատիկանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները»:
«Արմենպրես»ի փոխանցմամբ, Libération ը մեջբերել է նաև պատարագի ժամանակ հնչեցրած Հռոմի պապի խոսքը և հիշեցրել, որ Հայոց ցեղասպանոթյանը զոհ է գնացել 1,5 մլն մարդ, իսկ պատմական այդ փաստը ճանաչել են Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը և մեկ տասնյակից ավելի այլ երկրներ: «Հռոմի պապը բարձրաձայն խոսեց Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ հոդված է հրապարակել Europe 1ը և նշել, որ Հռոմի պապն առաջին անգամ հրապարակավ` Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հայտարարեց, որ 100 տարի առաջ հայերի հետ տեղի է ունեցել Ցեղասպանություն:
www.20min.ch-ն էլ ընդգծել է, որ Հռոմի պապի այս հայտարարությունը լուրջ ազդեցություն կարող է ունենալ Հռոմի ու Անկարայի հարաբերությունների վրա: «Չնայած նրան, որ 2000 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդն օգտագործել էր «Ցեղասպանություն» եզրույթը, մի քանի անգամ մասնավոր դեպքերում նույնը արել էր նար Խորխե Բերգոլիոն, սա առաջին դեպքն է, որ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հրապարակավ հայտարարեց Հայոց ցեղասպանության փաստի մասին», նշել է www.20min.chի հոդվածագիրը:
Վատիկանում մատուցված սուրբ պատարագին է անդրադարձել նաև BFM TV-ն և ընդգծել, որ մեծ արձագանք ստացած միջոցառմանը ներկա են եղել հազարավոր հավատացյալներ, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆրանսիական լրատվամիջոցներից պատարագին առաջիններից մեկն արձագանքել էր Agence FrancePresse-ը և նշել, որ Ֆրանցիսկոս պապի խոսքը կարող է Վատիկանի և Թուրքիայի միջև դիվանագիտական լարվածության առիթ դառնալ: