Իրանահայ երգահան եւ դաշնակահար Էմմանուէլ Մելիք-Ասլանեանի յիշատակին նւիրւած երեկոյ՝ «Վահդաթ» դահլիճում
Իրանահայ երաժշտագէտ, երգահան եւ դաշնակահար Էմմանուէլ Մելիք-Ասլանեանի վախճանման 10-րդ տարելիցի առիթով «Փարսիան» սենեկային նւագախումբը կը ներկայացնի «Բեթհովէնի գիշեր» երաժշտական երեկոն:
Յիշեալ նւագախմբի պատասխանատուներից Ռամին Դարգահին եւ իրանահայ անւանի դաշնակահար Ռաֆայէլ Մնացականեանը alikonline.ir-ին տեղեկացրեցին, որ յուլիսի 7-ին եւ 8-ին «Վահդաթ» դահլիճում կազմակերպւելու է երաժշտական երեկոյ:
«Փարսիան» նւագախմբի ղեկավարն է Այդին Ահմադինեժադը, իսկ կոնցերտմայստըրը (այս դէպքում՝ առաջին ջութակահար)՝ Մազիար Զահիրէդդինին. դաշնամուրային մենակատարումն իրականացնելու է իրանահայ հանրայայտ դաշնակահար Ռաֆայէլ Մնացականեանը:
Տոմսերը կարելի է գնել «Վահդաթ» դահլիճից, նաեւ դիմել www.sigozar.com կայքէջը:
Էմմանուէլ Մելիք-Ասլանեանը մահացել է 2003 թւականի յուլիսի 14-ին՝ Թեհրանում:
Կոմպոզիտոր եւ մեծ դաշնակահարը պատկանելով Արեւելքին, բայց կրթւելով Արեւմուտքում, ազգութեամբ լինելով հայ՝ նրա գեղագիտական եւ փիլիսոփայական հայեացքները դարձան ինքնատիպ:
Նա ծնւել էր 1915 թւականին՝ Ռուսաստանի Ռոստով քաղաքում, որի նախնիները բնակւել էին Թաւրիզում եւ սերում էին Ղարաբաղից, Ղարադաղից եւ Զանգեզուրից:
Նա իր երաժշտական կրթութիւնը ստացել էր Գերմանիայում:
1953 թւականին վերադառնում է Իրան:
60 ձիգ տարիներ բեմահարթակում եւ ստեղծագործական ասպարէզում լիարժէք ներկայութիւն լինելով՝ նա մեծ եւ խորին հետք է թողել Իրանի երաժշտութեան պատմութեան մէջ՝ մեծ անւան եւ յարգանքի արժանանալով:
alikonline.ir