Վատիկանի հրատարակած աղոթագրքում օգտագործված ցեղասպանություն բառը զայրացրել է Թուրքիային
Վաղը՝ ապրիլի 12-ին, Վատիկանի Ս. Պետրոս տաճարում կատարվելու է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որը կմատուցի Ֆրանցիսկոս Առաջին Պապը: Պատարագին կմասնակցեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը և Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը: Պատարագից առաջ Սուրբ Աթոռը տարածել է աղոթագրքեր, որտեղ տեղ է գտել Ցեղասպանություն բառը: Այս փաստը բառացիորեն շոկ է առաջացրել Թուրքիայում: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «internethaber.com» լրատվակայքը անդրադարձել է թեմային՝ «Վատիկանից՝ Անկարային. շոկ առաջացնող որոշում» վերնագրով հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ «Զատիկի երկրորդ կիրակին կամ աստվածային ողորմություն» և «Հայոց նահատակության 100–րդ տարելիցի կապակցությամբ սուրբ պատարգ» վերնագիրը կրող աղոթագրքում տեղ են գտել պատարագին ընթերցվելիք աղոթքներ, հատվածներ Ավետարանից, ինչպես նաև սուրբ Գրիգոր Նարեկացու կենսագրությունը: Վերջինիս Կաթոլիկ եկեղեցին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս էր շնորհել, ինչ մասին Ֆրանցիսկոս Պապը կհայտարարի պատարագի ժամանակ:
Թուրքական աղբյուրը մեջբերում է նաև գրքույկում տեղ գտած հետևյալ նախադասությունը.
«Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա մարդկության պատմության մեջ ցավագին հետք թողած ցեղասպանությունների, պատերազմների և բոլոր ջարդերի զոհերին, և հատկապես այս պատարագի ժամանակ մեր հիշատակած հայ ազգի ներկայացուցիչներին»:
Դեռևս հայտնի չէ սակայն, թե արդյոք Ֆրանցիսկո Պապը կօգտագործի Ցեղասպանություն բառը նաև հայ նահատակների հիշատակին նվիրված պատարագի ժամանակ:
Նշենք, որ դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ ներկայիս Պապը հայտարարել էր, որ «Թուրքերը հայերի նկատմամբ Ցեղասպանություն են իրագործել», իսկ Հռոմի պապ ընտրվելուց հետո էլ մի առիթով նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է: