ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճարտարապետ Գոհար Թութունջյանին

Ապրիլի 10-ին նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քաթարում բնակվող  Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի համանախագահ Գոհար Թութունջյանին, ով նախարարին ներկայացրեց իր պատրաստած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված օրացույցը:

 Օրացույցը, որը կրում է «Կրկին կվերակառուցենք» խորագիրը,  կազմված է 1909 թվականին թուրքերի կողմից ավերված Ադանա քաղաքի դպրոցների, շուկաների, խանութների, բնակելի տների և Երևանի նմանատիպ շինությունների համեմատական լուսանկարներից  և ցույց է տալիս, թե ինչպես է հայ ժողովուրդը կրկին վերականգնել իր նախնիների ձեռքով կառուցած  և թուրքերի կողմից ավերակի վերածված շինությունները՝ պահպանելով հայկական ճարտարապետությանը բնորոշ գծերը:

 Ողջունելով տիկին Թութունջյանի նախաձեռնությունը, նախարարը տեղեկացրեց, որ օրացույցի շնորհանդեսն ընդգրկված է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված հրատարակությունների շնորհանդեսի ցանկում, որը տեղի կունենա ապրիլի 13-ին:

 Քննարկվեցին նաև հոկտեմբեր ամսին նախատեսված ճարտարապետների  համահայկական 3-րդ համաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Scroll Up