Պոլսահայ լրագրող Մարգար Եսայանը խոսել է իշխող կուսակցությունից իր առաջադրման մասին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում որպես թեկնածու առաջադրված պոլսահայ լրագրող Մարգար Եսայանը հայտնել է, որ հայ համայնքից թեկնածուների առաջադրումը ուրախալի փաստ է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին Եսայանն ասել է թուրքական «Իհլաս» լրատվականին տված հարցազրույցում: Եսայանը, մասնավորապես, հիշարժան է անվանել այն փաստը, որ հանրապետական Թուրքիաի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններից առաջ հայ թեկնածուներն առաջադրվել են միանգամից երեք կուսակցությունների կողմից:

«2014 թվականի ապրիլի 23-­ին այն ժամանակվա վարչապետը շատ խորիմաստ և պատմական ցավակցական ուղերձ հղեց 1915 թվականի զոհերի հիշտակին, ովքեր իրականում Օսմանյան կայսրության կորուստն էին: Դա ցույց է տալիս, որ Թուրքիայում իթթիհաթական մտածելակերպն ամբողջությամբ վերացել է»,­ նշել է Եսայանը, ում կարծիքով, վերջին 13 տարիների ընթացքում Թուրքիայի ոչ մուսուլման քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը դրական առումով փոխվել է:

Իշխող կուսակցության կողմից առաջադրված հայազգի թեկնածուն ընդգծել է, որ միայն այն ժամանակ, երբ ողջ Թուրքիայի հասարակությունն ավելի ժողովրդավար կդառնա, քրդերի, թուրքերի, մուսուլմանների և ոչ մուսուլմանների խնդիրները կկարգավորվեն: Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասից կուսակցության 12­րդ համարով առաջադրված Եսայանը հայտնել է նաև, որ ինքը շատ գոհ է ցուցակում զբաղեցրած իր տեղից և հուսով է, որ կկարողանա դառնալ պատգամավոր և իրագործել իր առջև դրված պարտականությունները: Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7­ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցեն Թուրքիայի 53 միլիոն 765 հազար 231 քաղաքացի, իսկ արտասահմանից ընտրելու իրավունք կունենան 2 միլիոն 867 հազար 658 մարդ: Հաղթելու ամենամեծ հավակնություններն ունեցող իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԺԿ), ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցություններն առաջադրել են հայ թեկնածուների, ընդ որում արել են դա Ստամբուլի ընտրատեղամասերում: Իշխող ԱԶԿ­ի կողմից առաջադրված թեկնածուն հայտնի պոլսահայ լրագրող, գրող Մարգար Եսայանն է, ով ժամանակին զբաղեցրել է նաև «Թարաֆ» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը: Քրդամետ ԺԴԿ­ն առաջադրել է Կարապետ (Կարո) Պայլանին, ով Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի ղեկավարն է և մեծ հեղինակություն է վայելում Պոլսի հայ համայնքում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջադրած թեկնածուն պոլսահայ իրավաբան Սելինա Դողանն է, ով Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում իր կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին տեղում է:

Scroll Up