Թագավորական ընդունելություն. ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները լուսաբանել Քարդաշյանների այցը Հայաստան (լուսանկարներ)

Անշուշտ, իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցը Հայաստան մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն մեզ մոտ, այլև` Արևմուտքում: Ըստ Tert.am-ի՝ գրեթե բոլոր հանրահայտ արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «պատմական» այցին:
Մասնավորապես՝ The Daily Mail բրիտանական պարբերականը գրում է, որ 34-ամյա աստղի համար «Զվարթնոց» օդանավակայանում իսկական թագավորական ընդունելություն է կազմակերպվել: Աղբյուրը հիշատակել է նաև ավանդական հայկական տարազներ հագած աղջիկներին, ովքեր աղուհացով են դիմավորել աշխարհահռչակ հայրենակիցներին:
Քարդաշյան քույրերին առանձնապես տպավորել է իրենց դիմավորելու համար հավաքված մարդկանց աննկարագրելի մեծ բազմությունը: Մասնավորապես՝ Քլոյե Քարդաշյանն Instagram-ի իր էջում գրել է. «Հայաստանում մեր նկատմամբ ցուցաբերված սիրառատ ու ջերմ ընդունելությունն անչափ գեղեցիկ էր, բխում էր մաքուր սրտից: Այժմ ուզում եմ մի քիչ քնել և օր ցերեկով տեսնել Հայաստանը: Ես այնքան հուզված եմ»:
Մինչդեռ The USA Today-ը գրում է, որ Քարդաշյանների այցը Հայաստան իսկական քաոս է առաջացրել մայրաքաղաք Երևանում: Անդրադառնալով այս այցի դրդապատճառներին` ամերիկյան աղբյուրը նշում է, որ հայկական արմատներով ընտանիքը ցանկանում է վերադառնալ իր արմատներին, ինչպես նաև հարգել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Քիմն իր ամուսնու ու քրոջ հետ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդի բարձունք, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը ներկա չի լինի Երևանում կայանալիք միջոցառումներին:
E! online կայքն իր հերթին մեջբերում է սոցցանցերից մեկում Քիմի արած գրառումը. «Հայաստա՛ն, մենք վերջապես եկանք: Այնքան ուրախ եմ այստեղ լինելու ու կյանքիս գլխավոր ճամփորդություններից մեկը սկսելու համար: Չեմ համբերում, թե երբ եմ մոտիկից ծանոթանալու այս երկրին ու համեղ բաներ ուտելու»: Հեռուստաաստղը նաև հավելել է, որ իր հայրը, ինչպես նաև տատն ու պապն անչափ կհպարտանային` տեսնելով այս ամենը:
Մինդեռ Hello ամսագիրը գրում է, որ Քարդաշյանների աստղային ընտանիքի այցի շնորհիվ բազմաթիվ մարդկանց համար ճանաչելի դարձավ փոքր, սակայն գողտրիկ Հայաստանը, որը շատ բան ունի առաջարկելու զբոսաշրջիկներին: