ՀՀ կառավարության նվերը բաթումահայերին

2015թ. մարտին ՀՀ կառավարության կողմից ՀԱԵ վիրահայոց թեմին նվիրաբերված միջոցներով Բաթում քաղաքում ձեռք է բերվել շենք՝ կրթամշակութային երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով:

Պետական ծրագրի իրականացման նպատակով Վրաստան էին ժամանել ՀՀ սփյուռքի նախարարի  խորհրդական Ստեփան Պետրոսյանը՝ Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանի հետ միասին:

Բարձրաստիճան հյուրերը ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ այցելեցին Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Բաթում, որտեղ տեղի հոգևոր հովիվ Արարատ Գումբալյանի և ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի աջակցությամբ կայացավ համապատասխան անշարժ գույքի գնման գործընթացը:

1885թ. կառուցված Սբ.Փրկիչ եկեղեցուն առընթեր գործող ընդամենը երկու կիրակնօրյա դպրոցների և երգչախմբի  կողքին նոր շենքը Բաթումի հայության համար բացում է նոր հնարավորություններ քաղաքում մանկապարտեզ և տարբեր խմբակներ ունեցող երիտասարդական կենտրոն ստեղծելու համար:

Թեմի առաջնորդի, հյուրերի և ծխական խորհրդի  փոխհամաձայնությամբ որոշվեց կենտրոնը կոչել ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշևի անունով:

Այս ուրախալի լուրի առթիվ Վիրահայոց Թեմի առաջնորդը հայ հավատացյալների և Աջարիայի հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը Վրաստանի հայ համայնքին ցուցաբերած մեծ օգնության համար:

Թեմի առաջնորդարանն արդեն դիմել է Վրաստանում  գործող «Վարդան Ջինիշյան» հիմնադրամին՝ կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար միջոցներ տրամադրելու խնդրանքով:

Աջարիայի հոգևոր դասը և  հյուպատոսարանը լիահույս են, որ Ալ.Մանթաշևի անվան կենտրոնը ընթացիկ տարվա սեպտեմբերին իր դռները կբացի մանուկների, երիտասարդության և մշակույթի սիրահարների առջև:

ՀԱԵ Վիրահայոց թեմի մամլո ծառայություն

Scroll Up