Դինքի սպանությամբ Թուրքիայում հասարակական նոր գիտակցություն ձևավորվեց. Թաներ Աքչամ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/07/images.jpg)
Հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը պատճառ դարձավ թուրքերի հասարակական գիտակցության փոփոխության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական Taraf պարբերականում հրապարակված հոդվածում գրել է թուրք հայտնի մտավորական, պատմաբան Թաներ Աքչամը: «Հրանտ Դինքի թաղման արարողության ժամանակ Թուրքիան բախվեց նախադեպը չունեցող քաղաքացիական դիմադրության հետ: Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ Հրանտ Դինքի օրինակով սկսում են փնտրել իրենց քաղաքացիական իրավունքն ու արդարությունը: Հրանտը սպանվեց նրա համար, որ ասել էր. «Ես հայ եմ, ցանկանում եմ բոլորի նման հավասար իրավունքներով քաղաքացի լինել»: Քաղաքացիական դիմադրության ալիքի ամենակարևոր առանձնահատկությունը սա է. փնտրել իրավունքները, ազատություններն ու արդարությունն առանց հաշվի առնելու քաղաքացիների էթնիկ և կրոնական պատկանելութունը»,- գրում է թուրք մտավորականը` հիշեցնելով, որ Գեզիում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ժամանակ շատ ցուցարարներ կրկնում էին հենց այդ միտքը. «Ես մի թուրք եմ, ոչ ոքի ստրուկը չեմ, քաղաքացի եմ, ցանկանում եմ մասնակցել որոշիչ գործընթացներին»: Աքչամը նշում է, որ Դիարբեքիրի Լիջե գավառում օրեր առաջ տեղի ունեցած բախումը տեղացիների և ոստիկանության միջև ևս հիմնված էր միևնույն խնդրի վրա, քանի որ քրդերն էլ պահանջում էին իրենց իրավունքները: Հիշեցնելով, որ Թուրքիայում Դինքից առաջ էլ եղել էին աղմկահարույց սպանություններ` թուրք մտավորականն այդուհանդերձ արձանագրում է, որ այդ հացագործությունները մի քանի տարի անց վերածվել էին թուրք հասարակության մոռացված հիշատակի արարողությունների, որոնց մասնակցում էին միայն զոհվածների ընտանիքները: «Թուրքիայում Հրանտի շնորհիվ ձևավորվեց քաղաքացիական նոր գիտակցություն, նոր շարժում, որի նմանը նախկինում չէր եղել: Լիջեն և Գեզին, քուրդն ու թուրքը միավորողը Դինքի սպանությամբ վառված ջահն էր»,- գրել է թուրք մտավորական Թաներ Աքչամը:
Թաներ Աքչամը, ով մեկն է այն փոքրաթիվ թուրք մտավորականներից, ովքեր ճանաչել են թուրքական պետության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության իրողությունը, 2005 թվականին Հրանտ Դինքի հետ միասին այցելել էր Հայաստան: Այստեղ նա մասնակցել է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքին: Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին` «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյալները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: