Տեղի կունենա դիզայներ Լիլիթ Մարգարյանի «GALLERY 100» հավաքածուի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 7-ին, ժ.18:30-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի կունենա դիզայներ Լիլիթ Մարգարյանի «GALLERY 100» հավաքածուի ցուցադրությունը:
Ցուցադրությունը նվիրված է հայ կանանց և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կներկայացվի 100 զգեստ: Ցուցահանդեսը խոնարհման ու երախտիքի նվիրում է արժանապատիվ հայ կանանց, ովքեր պատմության քառուղիներում, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, բարձր են պահել բարոյական արժեքները և դաստիարակել են արժանապատիվ սերունդներ:
Լիլիթ Մարգարյանին ոգեշնչել են 10 հայ նկարիչներ, որոնց գործերի միջոցով ներկայացվում է հայ կնոջ պատմությունը. ինչպիսի՞ն էր հայ կինը Եղեռնից առաջ, Եղեռնից հետո, և ինչպիսի՞ն է խաղաղ օրերում:
Ցուցադրությունը կսկսվի Հովնաթանյանի կտավների հայուհիների, ինչպես նաև Գևորգ Գրիգորյանի, Հակոբ Հակոբյանի, Վահրամ Գաֆեսճյանի, Սուրենյանցի, Արշիլ Գորկու, Ասլամազյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի կտավների հայ կանանց կերպարներով: Կեզրափակվի Սարյանի նկարների պայծառ գույներով:
Մինչ ցուցադրությունը կներկայացվեն Լիլիթ Մարգարյանի դստեր՝ 5-ամյա Աննա Նազարյանի և իր աշակերտուհու` 14-ամյա Գրետա Խաչատրյանի նկարները:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև հայ վարպետների կողմից պատրաստված շուրջ 700 մատնոց: