Կոնգրեսական Շիֆն ու System of a Down-ը Հայոց ցեղասպանության ճանաչման նույն նպատակն են հետապնդում. Glendale News-Press
Մինչ System of a Down հայ-ամերիկյան ռոք խումբը պատրաստվում է այս ամիս օգտագործել համերգային բեմը Միացյալ Նահանգների և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջելու նպատակով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն օգտագործում է որպես օրենսդիր ունեցած իր ազդեցությունը նույն նպատակին հասնելու համար, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Glendale News-Press-ը:
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին նրանց ջանքերը համընկնում են, նրանք ցանկանում են ստիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կատարել 2008 թվականին տված խոստումը, այն է՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Սա կարևոր տարի է: Մենք պետք է այնպես անենք, որ նախագահն ու Կոնգրեսը ճիշտ քայլ անեն»,- ասել է Շիֆը:
Կոնգրեսականը չորեքշաբթի օրը միացել է System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանին և թմբկահար Ջոն Դոլմայանին, ինչպես նաև Քլարքի համալսարանի պրոֆեսոր պատմաբան Թաներ Աքչամին և Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին՝ իրենց ջանքերի մասին խոսելու համար հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Գրեմմիի» մրցանակակիր System of a Down ռոք խումբը հայտարարել է իր Wake Up the Souls («Արթնացրու հոգիները») համաշխարհային համերգային շրջագայության մեկնարկի մասին:
Ինչպես նշվում է հոդվածում, անցած ամիս Շիֆը բանաձև է ներկայացրել, որը կոչ է անում նախագահ Օբամային վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները և պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Եթե մենք չճանաչենք Հայոց ցեղասպանությունը՝ ի դեմս Թուրքիայի կողմից ժխտման և դիմադրության, մենք կկորցնենք ժամանակակից ցեղասպանությունների դեմ պայքարելու մեր դիրքը: Մենք չենք կարող ընտրել, թե որ ցեղասպանությունները ճանաչել, որոնք՝ ոչ»,- ասել է Շիֆը: