«Հայորդիների ելույթը գալա-համերգի զարդն էր»․ ՌԴ վաստակավոր արտիստը մրցույթի դափնեկիրների մասին

Մարտի 28-30-ը Մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում անցկացվեց գուսլիների և կսմիթային նվագարանների մրցույթ, որին մասնակցում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Այս մասին Մոսկվայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Արմինե Կարեյանը:

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մերձմոսկվայի գավաթ» խորագրով միջազգային մրցույթի ժյուրին բաղկացած էր Սանկտ Պետերբուրգից հրավիրված կոմպոզիտորներից և պրոֆեսորներից։ «Մերձմոսկվայի գավաթին» Մոսկվայի «Հայորդյաց տնից» ներկայացավ Անժելիկա Թարվերդյանը (ղեկավար՝ Իսկուհի Կարապետյան)` ազգային քանոն նվագարանով:

Ժյուրին բավական լուռ հետևում էր համարներին, սակայն երբ բեմում հայտնվեց Անժելիկան  հայկական քանոնով՝ մի ընդհանուր աշխուժություն անցավ դահլիճով․ ժյուրին և հանդիսատեսը սկսեցին հեռվից զննել իրենց անծանոթ գործիքը, ապա կլանված լսել կատարումը։ Այն ուղեկցվում էր «Հայորդյաց տան» դաշնակահարուհի Արուսյակ Պապիկյանի նվագակցությամբ և կրթօջախի սանուհի Սոնա Սահակյանի պարով։

Հատկանշական է, որ «Հայորդյաց տան» բոլոր ներկայացուցիչները մրցույթին ներկայացել էին «Հայորդյաց տուն» անվանագրով Անմոռուկ-կրծքանշանով։

Իրենց փայլուն կատարման շնորհիվ քանոնով կատարումն այն եզակի համարներից էր, որն ընդգրկվեց գալա-համերգում։ Անժելիկա Թարվերդյանն արժանացավ երրորդ կարգի դափնեկրի դիպլոմի։ Պարգևատրումից հետո «Հայորդյաց տան» սանուհին՝ խնդրելով բարձրախոսը, հայտնեց, որ իր ելույթը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին․ հանդիսատեսը Անժելիկայի նման քայլը ողջունեց ծափողջույններով։

Մարտի 31-ին Ա․ Բ․ Գոլդենվեյզեռի տուն-թանգարանում  մրցույթի շրջանակներում անցկացվեց կոնֆերանս, որտեղ քննարկվեցին և ներկայացվեցին 21-րդ դարում կսմիթային գործիքների կիրառումն ու զարգացման հեռանկարները։ Անժելիկա Թարվերդյանի ղեկավար Իսկուհի Կարապետյանը ներկայացրեց հայկական քանոնը։

Հատկանշական է, որ մրցույթի ժյուրին կոնֆերանսի ժամանակ հատուկ անդրադարձավ «Հայորդյաց տան» ներկայացուցիչների ելույթին։ Ժյուրիի նախագահ՝ Սանկտ Պետերբուրգի Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվետաստագիտության թեկնածու Սերգեյ Բորիսովը՝ դիմելով ներկաներին, ասաց․ «Պատրեկացնու՞մ եք, բեմում հայ երեխաներ էին, որոնցից յուրաքանչյուրն իր գործի գիտակն էր․ թե՛ կատարումը, թե՛ պարը պարզապես հոյակապ էին։ Քանոնահարուհին շատ կոկիկ, հավաքված նվագում էր և, պատկերացնու՞մ եք, նրա դեմքի որևէ մկան այդ ընթացքում չշարժվեց։ Ինչպես համերգի վերջում պարզ դարձավ՝ պատճառն իրենց համազգային ողբերգությունն էր և ինչպես նշեց՝ ելույթը նվիրված էր Ցեղասպանության 100-րդ  տարելիցին։ Կեցցե՛ք դուք, որ  կարողանում եք ձեր երեխաներին ճիշտ դաստիարակել, ներկայացնել հայրենիքի ցավը»։

Իսկուհի Կարապետյանին իր անթաքույց հիացմունքն է հայտնել նաև ժյուրիի անդամ, ՌԴ վաստակավոր արտիստ, Գնեսենի ակադեմիայի դոցենտ, կոմպոզիտոր Վիկտոր Մալյարովը՝ նշելով, որ հայորդիների կատարումն ու պարն անչափ գեղեցիկ էին, իսկ ելույթը գալա-համերգի զարդն էր։

Կոնֆերանսի ավարտին «Հայորդյաց տան» ուսուցչուհիներ Իսկուհի Կարապետյանը և Արուսյակ Պապիկյանը նշել են, որ Մեծ Հայրենականի հաղթանակը նաև հայ ժողովուրդի հաղթանակն է, իսկ Մայիսյան հաղթանակը հայ ժողովրդի համար Եռատոն  և վերածննդի խորհրդանիշ է։

քանոնահարուհի քանոնահարուհի1 Քանոնահարուհի2քանոնահարուհի3

Scroll Up