Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիրը Հայաստանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/France.jpg)
Մարտի 23-ին Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խումբը` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի նախագահությամբ, Բորդոյի քաղաքապետ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի հրավերով առաքելություն կատարեց Բորդո՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ: Առաքելությանը մասնակցում էին Ֆրանսիայում թվով 16 ֆրանկոֆոն դեսպաններ:
Ալեն Ժյուպեի հետ հանդիպման ժամանակ դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց ֆրանկոֆոնիայի առկայությունը և Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիրը Հայաստանում:
Բորդոյի քաղաքապետի խնդրանքով դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին:
Քննարկվեցին Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համատեքստում Բորդո քաղաքի և Հայաստանի քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները:
Ֆրանկոֆոն դեսպանների հետ հանդիպումից հետո քաղաքապետ Ժյուպեն և դեսպան Տեր-Ստեփանյանը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Բորդոյում կազմակերպել ամենամյա միջոցառում՝ Ֆրանկոֆոնիայի որևէ թեմատիկ առաջնահերթության շուրջ:
Այցի ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը հանդիպումներ ունեցավ նաև Բորդոյի գործարարների, բուհերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: