Ազգային ժողովը միաձայն ընդունեց հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունեց Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ հայտարարությանը կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ­-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-­ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-­ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-­ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-­ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915­-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ 1948թ. ՄԱԿ­-ը ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան», որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացված քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն: «Հիմնվելով այդ փաստարկների վրա՝ 2007թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Օսմանյան Թուրքիայում 1915-­1923թթ. քրիստոնյա ազգաբնակչության, այսինքն՝ հայերի, ասորիների, փոքրասիական և Պոնտոսի հույների դեմ իրականացված բռնությունները որակում է որպես ցեղասպանություն: 2010թ. մարտին Շվեդիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտեց Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությոունը դատապարտել են Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանները:

Scroll Up