Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է մշակել

Կիպրոսի Հանրապետության քաղաքական կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը չճանաչման կամ ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ են մշակել:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Կիպրոսի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների համատեղ ներկայացրած օրինագիծը պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար:
Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանության իրողությունը: Ենթադրվում է, որ Կիպրոսի խորհրդարանը օրինագիծը օրակարգ կմտցնի ընթացիկ շաբաթվա մեջ: