Մենք հիշում ենք…

Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված միջոցառումներից  մեկն էր Մոսկվայի Արվեստի աշխատողների կենտրոնական տանը մարտի 8-15- ը բացված հայ մեծ վարպետների՝ նկարիչ- քանդակագործների աշխատանքների միջազգային ցուցահանդեսը՝ «Մենք հիշում ենք» խորագրով: Այն կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային կազմակերպությունը:

Ցեղասպանության թեմայով կազմակերպված ցուցահանդեսը ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունների, Հայաստանի նկարիչների միության, Ռուսաստանի նկարիչների միության,  Հայաստանի ազգային պատկերասրահի, ինչպես նաև մի շարք ԶԼՄ-ների և հեռուստատեսության համատեղ աշխատանքի  արդյունքն էր:

Մարտի 14-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը և գրական-երաժշտական հուշ երեկոն:

Երեկոն Տերունական աղոթքով,  ի հանգստություն  շուրջ երկու միլիոն անմեղ զոհերի հոգիների, բացեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:

«Այսպիսի միջոցառումները գալիս են ասելու, որ  մեր ժողովուրդը պետք է լինի էլ ավելի համախմբված ու ամբողջական: Տխուր տարելիցին նվիրված միջոցառումները՝ շարունակվելու են  նաև ապրիլի 24-ից  հետո: Հոկտեմբերին կկայանա գիտական  կոնֆերանս, առաջավոր երկրներից հրավիրելու ենք լավագույն իրավաբանների:

Հիմնական հարցը՝ Ցեղասպանության ճանաչումն է և  միջազգային իրավունքի համաձայն հետևանքների վերացումը,- իր բացման խոսքում ընդգծեց Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանը:

Հյուրերն ուշադրությամբ լսեցին ՌԴ-ում  ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին,  ով  իր  ելույթում  շեշտեց, որ նմանատիպ միջոցառումներն են, որ թույլ չեն տա մոռանալու Հայոց ցեղասպանությունը:

«Այցելուները հաճախում են նման ցուցահանդեսներ, որպեսզի առնչվեն  գեղեցիկի հետ: Նրանց հետաքրքիր է այն բարոյական, հոգեկան և մշակութային արժեքները, որոնք մարմնավորված են այդ գլուխգործոցներում: Սակայն այս ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների ամենամեծ արժեքը՝ թեման է, ուղղությունը, քանի որ նվիրված են մարդկության մեծագույն ողբերգություններից մեկին»,-հավելեց Օլեգ Եսայանը:

Հայ ժողովրդի ընդհանուր ցավին  իրենց միասնությունը հայտնեցին Ռուսաստանի նկարիչների միության կառավարման անդամներ Վլադիմիր Սիսոևը և Գենադի Պրովոտորովը, Արվեստի աշխատողների կենտրոնական տան համանախագահ Սերգեյ Յակովենկոն, հայ ու ռուս մտավորականներ:

Թախիծով պարուրված ներկաներին՝ այս հուշ-երեկոն հույս ու հավատ ներշնչեց՝ հայրենիքի ապագայի հանդեպ:Այդ հույսով ներշնչվեց նաև տողերիս հեղինակը.

Հավատում  եմ , կգա  մի  օր,

Մենք կդառնանք գիրկը մեր մոր,

Ազատ, անկախ  իմ  Հայաստան,

Դու կդառնաս ճոխ բուրաստան:

Ամալյա Իսայան, Մոսկվա

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Մոսկվա1 Մոսկվա2 Մոսկվա3Մոսկվա4 Մոսկվա5 Մոսկվա6 Մոսկվա7 Մոսկվա8 Մոսկվա9 Մոսկվա10 Մոսկվա11Մոսկվա12 Մոսկվա13 Մոսկվա14 Մոսկվա15Mwskva

Scroll Up