Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կմեկնարկեն վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքները

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կսկսվեն վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, վերանորոգման աշխատանքները կընդգրկեն եկեղեցու մատուռի և շրջակա պատերի հատվածները:

Շուրջ 5 հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող տարածքում կաշխատի 50 հոգուց բաղկացած անձնակազմ, որը նախատեսում է աշխատանքներն իրականացնել 6 ամսվա ընթացքում: Վերանորոգման աշխատանքների համար կծախսվի 1 միլիոն 200 հազար թուրքական լիրա:

Վանի մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրեն Մուզաֆֆեր Աքթուղը, խոսելով կզղում նախատեսված վերանորոգման աշխատանքների մասին, հավելել է, որ կվերանորոգվի նաև Վանի բերդը:

Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերանորոգվել և այցելուների համար բացվել է որպես թանգարան 2007 թվականին: Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը` հայկական եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմամբ 2010 թվականից ի վեր տարին մեկ անգամ թույլատրվեց Սուրբ Խաչում պատարագ իրականացնել: Նույն տարում սեպտեմբերի 30-ին եկեղեցու գմբեթին տեղադրվեց խաչ, որը օծվեց Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից:

Scroll Up